կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-13 13:52
Տնտեսական

Գործատուների միությունը 20 թերթից բաղկացած գրավոր առաջարկ է ներկայացրել վարչապետին

Գործատուների միությունը 20 թերթից բաղկացած գրավոր առաջարկ է ներկայացրել վարչապետին

Նոր կառավարությունը` իր նախարարներով և վարչապետով, որոշակի երաշխիքներ ու սպասումներ առաջացրել է. լրագրողների հետ զրույցում նշեց տնտեսագետ, ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` անդրադառնալով նոր կառավարությանը:

«Կառավարության ամեն նիստում նոր խնդիրների լուծման պահանջներ դնելը շատ կարևոր է, և սա հուսադրող է: Բավականին դրական եմ տրամադրված, ոգեշնչված եմ նոր կառավարության գործունեությամբ»,- ասաց բանախոսը` հավելելով, որ բիզնեսում ևս արդեն նոր տրամադրություններ են առաջացել:

Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք Գործատուների հանրապետական միությունը գրավոր առաջարկներ ներկայացրել է վարչապետին և արձագանքներ ստացել, Մակարյանը պատասխանեց. «Մենք սկզբում հանդիպել և խոսել ենք` բանավոր առաջարկներով, իսկ անցած շաբաթ 20 թերթի վրա գրավոր առաջարկ ենք ուղարկել վարչապետին: Երեկ էլ հեռախոսով զրուցել ենք պարոն վարչապետի հետ այդ հարցերի շուրջ: Դրանք արդեն գտնվում են  տարբեր ստորաբաժանումներում` քննարկման պրոցեսում: Այդ առաջարկների որոշակի էլեմենտներ վարչապետը հնչեցնում է նույնիսկ կառավաորության նիստերում, ձևակերպումները մի փոքր տարբեր են, բայց խնդիրները նույնն են»:

Նա նաև նշեց, որ մի քանի առաջարկներ էլ ուղարկել են նամակով: «Ինվոյսային գնով մաքսազերծման հարցերը, ՏԻՄ 5-տարյա ծրագիր ունենալը, հարկային ավելորդ բեռի մասին և այլ առաջարկներ տվել ենք: Մի քանի առաջարկներ ուղղորդել ենք նամակով: Օրինակ` սննդի անվտանգության հետ կապված ենք առաջարկ տվել. դպրոցներում և մանկապարտեզներում սննդի հետ կապված պահանջները խստացնել և սահմանել մատակարար ընկերության և սննդի անվտանգության կառավարման համակարգի համահունչ ընթացակարգեր, որպեսզի երեխաներին դպրոցներում և մանկապարտեզներում այլևս չթունավորեն և նրանց առողջության հետ չխաղան: Տվել ենք առաջարկ առաջին անգամ աշխատաշուկա մտնող երիտասարդի համար աշխատավարձի մակարդակի սահմանման մասին, որը հնարավորություն կտա նրանց մրցակցությունը ապահովել աշխատաշուկայում առաջին անգամից: Այլ առաջարկներ ևս տալու ենք, բայց հիմա 20 թերթի վրա առաջարկների փաթեթ ենք ներկայացրել»,- ասաց Մակարյանը: