կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-19 15:30
Իրավական

Երբ աղջկա վրա գործ սարքելը մնում է անհետևանք

Երբ աղջկա վրա գործ սարքելը մնում է անհետևանք

«Անցան երկար ու դառը 5 տարիները, որոնց ընթացքում ես շատ եմ տանջվել, իսկ հիմա վերադարձել եմ հայրենիք, որ, ի վերջո, վերականգնեմ արդարությունը»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Կանադայից վերջերս Հայաստան վերադարձած Լուսինե Մկրտչյանը` ներկայացնելով շուրջ 5 տարի առաջ տեղի ունեցած վթարն ու դրա հետևանքով առաջացած դատական քաշքշուկները:

 

2009 թվականի օգոստոսի 6-ին Դավիթ Անհաղթի փակուղիում միմյանց են բախվում Լուսինե Մկրտչյանի վարած` «Ֆոլքսվագեն բեատլ» մակնիշի և Գևորգ Քոլոյանի վարած` «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենաները: Գևորգ Քոլոյանի ներկայացրած բողոքի հիման վրա Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում հարուցվում է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242 հովածի 1-ին մասի հատկանիշներով: 2009թ. հոկտեմբերի 10-ին որոշում է կայացվում Լուսինե Մկրտչյանին, որպես մեղադրյալ, գործում ներգրավելու մասին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում ստորագրություն չհեռանալու մասին և հայտարարվում հետախուզում: Սակայն Լուսինեին չհայտնաբերելու պատճառով գործի վարույթը կասեցվում է, ինչին հաջորդում է շուրջ 4 տարի քննվող քաղաքացիական գործը:

 

2010-ի սեպտեմբերի 2-ին Գ. Քոլոյանը պատճառված նյութական վնասի փոխհատուցման պահանջով դիմում է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Գևորգ Քոլոյանը խնդրում է` պատասխանողից, որպես պատճառված վնասի և չստացված աշխատավարձի ձևով պատճառված նյութական վնասի փոխհատուցում, հոգուտ իրեն բռնագանձել 6.240.000 դրամ: Հայցվորի խոսքով` ավտովթարի մեղավորը Լուսինեն է, և ինքը դրա հետևանքով ստացել է ծանր մարմնական վնասվածք, ենթարկվել է բուժման` մի քանի անգամ վիրահատության ենթարկվել:

 

Սակայն Լուսինե Մկրտչյանի ներկայացուցիչ Վ. Զուռնաչյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք օբյեկտիվ փաստարկներ ունեն այն մասին, որ Քոլոյանը տաքսին շատ արագ է վարել, հանդիպակաց գոտով է երթևեկել, և, երբ Լուսինեն փորձել է շրջադարձ կատարել, այդ պահին բախվել է նրա մեքենային և մոտ 18 մետր շպրտվել: Ըստ նրա` հայցվորի այն պնդումները, թե ինքը մի քանի անգամ վիրահատության է ենթարկվել, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ իրենք հարցում են կատարել և պարզել, որ տվյալ անձը վիրահատության է ենթարկվել միայն մեկ անգամ, այն էլ` պետպատվերի շրջանակներում:

 

Հետաքրքրական է, որ վթարի վերաբերյալ նույն օրը «Շանթ» հեռուստաընկերության կողմից պատրաստված ռեպորտաժում ՃՈ աշխատակիցը, նկարագրելով դեպքը, նշել է, որ տաքսու վարորդը փոքր-ինչ արագ է երթևեկել և «Ֆոլքսվագենի» շրջադարձի ժամանակ հարվածել դրան ու շրջվել: Լուսինեն, ով հեռուստացույցից նկարահանել է իր մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին պատմող ռեպորտաժը, նշում է, որ դա փաստում է իր անմեղության մասին, քանի որ տեսանյութում պարզ երևում է, թե որ մեքենան որ գծում է, երևում է հարվածի տեղն ու ապացուցում այն հանգամանքը, որ մեքենան, ոչ թե ընթացել է 50 կմ/ժ. արագությամբ, ինչպես ժամանակին պնդել է հայցվորը, այլ սլացել է անհամեմատ մեծ արագությամբ, ինչի պայմաններում միայն կարող էր մեքենան 18 մ շպրտվել:

 

Լուսինեի խոսքով` այդ գործում ակտիվ մասնակցություն է ունեցել Իսոն` Թևոսիկի եղբոր սպանության կազմակերպման մեղադրանքով կալանավորված Իսրայել Սարգսյանը, և Գևորգի քույրը` Մարիետա Քոլոյանը: Ըստ նրա` այդ անձինք, փորձաքննությունից սկսած մինչև վկաների ցուցմունքներ, ամբողջությամբ կեղծել են դեպքի իրականությունը և իրենց ունեցած կապերով ընթացք են տվել կեղծիքին ու իրենից մեծ գումարներ պահանջել: «Քննիչն իր աշխատասենյակում, որտեղ ներկա էր նաև Իսոն, ասաց. «Գնացեք, իրար հասկացեք, ամո'թ է, Լուսինեն կին է, ի՞նչ եք բողոքում, պետք չէ քաշքշուկներ»: Իսոն էլ ասաց. «Մենք բարոյական օրենքներից զուրկ չենք, որ աղջկա վրա գործ սարքենք: Կխոսենք, իրար կհասկանանք, կանցնի, կգնա»: Լուսինեն պատմեց, որ առաջին անգամ Իսոյի հետ հանդիպել են «Տրիումֆ» սրճարանում: «Նա էր, վարորդի քույրն էր, մի այլ անծանոթ տղամարդ, ես և փաստաբանս։ Այնտեղ Իսոն առաջարկեց 7000 դոլար, որպեսզի ես խնդիրներ չունենայի, սակայն ես հրաժարվեցի: Դեպքից մոտ մեկ ամիս անց ես ստիպված եղա մեկնել Հայաստանից, քանի որ նախապես  հետադարձ տոմս ունեի գնած, և երկրից դուրս գալու ժամանակս լրացել էր, և որ ամենակարևորն է` իմ անչափահաս աղջիկը արտերկրում էր, և ես չէի կարող նրան մենակ թողնել»,- պատմեց Լուսինեն և հավելեց, որ գնալուց գրեթե մեկ տարի անց նոր իմացել է, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել, գույքը դրվել է արգելանքի տակ, և որ իրենից հսկայական գումարներ են պահանջում:

 

Լուսինեն պատմեց նաև, թե ինչպես է իրեն սպառնացել Գևորգը, երբ նա իր ազգական Իսոյի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով «Տրիումֆ» սրճարանի մոտ հանդիպել են իրեն, ապա գնացել գյուղ՝ նրանց տուն: «Գնացինք: Ես մարդկային խղճով ցանկացա պարզապես օգնել վարորդին, կարծում էի` գյուղացի խեղճ մարդ է: Ասացի` ես ձեզ 2000 դոլարով կօգնեմ, վարորդը վեր կացավ ձեռքը բարձրացրեց և ոգևորված ասաց. «Հենց հիմա կտամ` տեղում կմնաս, ձե՞ռ ես առնում, ամենաքիչը պետք է 7000 դոլար տաս ինձ, եթե չես ուզում, որ քո համար պրոբլեմներ լինեն»,- պատմեց Լուսինեն և հավելեց, որ իր մեքենան Գևորգին հանձնելու խորհուրդն իրեն տվել է Իսոն, ով ևս սպառնացել է, որ եթե իրենց պահանջները չկատարի, վատ կլինի:

 

«Քոլոյանի մայրը, ով ինձ մոտ շատ լավ, արդար մարդու տպավորություն էր թողել, թեժ խոսակցության ընթացքում լացակումած դուրս գնաց բակ, իսկ ես դուրս գալուց մոտեցա, գրկեցի, որ ցտեսություն ասեմ: Նա շատ հուզված ասաց` կներես, աղջի'կս: Նա տեղյակ էր այդ անարդարությունից, ես դա հետո հասկացա»,- ասաց նա:

 

Նշենք, որ, ըստ գործի նյութերի, Քոլոյանի մայրը հետագայում հանդես է գալիս որպես հայցվորի իրավահաջորդ, քանի որ Գևորգը 2012-ին սրտի կաթվածից մահանում է, սակայն նա մինչ օրս պատասխանողի դեմ որևէ բողոք չի ներկայացրել: Լուսինեի խոսքով` իրեն զանգահարել է անգամ Գևորգի վարած տաքսի ծառայության տնօրենն ու սպառնացել, որ եթե իրեն 4000 դոլար չտա, կբողոքի իր դեմ: Սակայն հետագայում Լուսինեն ապացուցել է, որ այդ տաքսի ծառայությունն օրինական գրանցում չի ունեցել, և որ Գևորգն օրինական վարորդ չի եղել:

 

Եվ ահա Արաբկիրի դատարանը` դատավոր Արամյանի նախագահությամբ, վճռում է Գևորգ Քոլոյանի հայցն ընդդեմ Լուսինե Մկրտչյանի բավարարել մասնակի և պարտավորեցնել պատասխանողին հօգուտ Քոլոյանի, որպես առողջությանը պատճառված վնասի հատուցում, վճարել 3. 535. 439 դրամ, սակայն հետո ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանում է նշած վճիռը, եւ գործն ուղարկվում է կրկին Արաբկիրի դատարան` նոր քննության: 2012-ի նոյեմբերի 22-ին քաղաքացիական գործի վարույթը կարճվում է հայցվոր Քոլոյանի մահվան պատճառով` իրավահաջորդության անթույլատրելիության հիմքով: Վերոհիշյալ վճռի դեմ Նունուֆար Իսրայելի Սարգսյանի անունից 21.12.2012թ. բերվել է վերաքննիչ բողոք։ 2013թ. հունվարի 14-ին ՀՀ վերաքննիչ դատարանը, ապա նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանը` 2013թ. մարտի 6-ին որոշում են կայացրել Նունուֆար Իսրայելի Սարգսյանի անունից բերված բողոքները վերադարձնել։

 

Դատարաններում շրջապտույտ կատարելուց հետո 2013թ. մարտի 18-ին գործը դարձյալ վերադարձվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ի վերջո, դատարանը որոշում է, որ պատասխանող Լուսինե Մկրտչյանը որևէ պարտավորություն չունի հայցվոր կողմի նկատմամբ: Փոխարենը անցած տարվա նոյեմբերի 12-ին վերսկսվում է Լուսինե Մկրտչյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Վթարի վերաբերյալ նշանակված փորձաքննության եզրակացությամբ պարզվում է, որ վթարի մեղավորը Լուսինեն է, սակայն նա համոզված է, որ եզրակացությունը կեղծ է, և պահանջում է գործով քննիչ Աշոտ Ասատուրյանից կրկնակի փորձաքննություն նշանակել: Լուսինեի խոսքով` քննիչը, հրաժարվելով դրանից, հաստատում է իր բացահայտ կողմնակալ վերաբերմունքն ու գործի վերաբերյալ վերևից եկած հրահանգը:

 

Նշենք, որ Լուսինեի հաղորդման հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում Ա. Ասատուրյանի նկատմամբ` պաշտոնեական կեղծիքներ կատարելու փաստով, հարուցվում է քրեական գործ, ինչից հետո Լուսինեն և նրա փաստաբանը` Վ. Զուռնաչյանը, քննիչին բացարկ են հայտնում, որը դատախազի կողմից անհիմն մերժվում է: Տվյալ դեպքում զարմանալին այն է, թե այն քննիչը, որի վերաբերյալ Լուսինե Մկրտչյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, ինչպե՞ս, որքա՞ն օբյեկտիվ կամ անկողմնակալ կարող է վարել Լուսինե Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործը: Այս հարցը բացարձակ չի մտահոգել դատախազին, սակայն ակնհայտ է, որ, եթե Լուսինեի հաղորդման հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում նույն քննիչ Ա. Ասատուրյանի նկատմամբ` հարուցված է եւ քննվում է քրեական գործ` պաշտոնեական կեղծիքներ կատարելու փաստով, ապա այդ նույն քննիչը չի կարողանա օբյեկտիվ կամ անկողմնակալ իրականացնել Լուսինե Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը: Ինչն էլ, իր հերթին, կասկած է հարուցում, որ այդ գործը քննվում է նախկինում տրված որոշակի պատվերի շրջանակներում, որից չեն կարողանում ազատվել ո'չ քննիչը,  ո'չ էլ դատախազը կամ անմիջականորեն շահագրգիռ են գործի ելքով:

 

Արդյո՞ք Ասատուրյանը խախտել է Լուսինեի իրավունքները և կեղծիքներ է կատարել, կպարզի ՀՔԾ-ն, իսկ մինչ այդ Լուսինեն կփորձի օրենքի շրջանակներում անել հնարավորը` իր անմեղությունն ապացուցելու և, նրա խոսքերով, 5 տարի առաջ կորցրած ուրախությունը վերագտնելու համար:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ