կարևոր
4891 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-27 19:45
Արցախ Քաղաքական

Ադրբեջանը շտապում է, հասկացել է, որ կարճ ժամանակ անց այլեւս անհետեւանք չի մնալու իր կողմից իրականացվող ագրեսիան. Դավիթ Բաբայան

Ադրբեջանը շտապում է, հասկացել է, որ կարճ ժամանակ անց այլեւս անհետեւանք չի մնալու իր կողմից իրականացվող ագրեսիան. Դավիթ Բաբայան

Ադրբեջանի գործողություններում ակնհայտ շտապողականություն կա։ Կարելի է ենթադրել, որ դա պայմանավորված է տարածաշրջանում ընթացող արմատական փոփոխություններով։ Հավանաբար, Ադրբեջանը հասկացել է, որ կարճ ժամանակ անց իր կողմից իրականացվող ագրեսիան այդպես անհետևանք չի մնալու։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

«Ամեն մի ագրեսիայից հետո երբ Տոյվո Կլաարի պես ասում են՝ «ողջունելի է, որ երկխոսություն կա» ու աչք փակում ագրեսիայի վրա, միանշանակ է, որ դա թև է տալիս Ադրբեջանին։ Այսինքն՝ կա հանգամանքների մի կոմպլեքս, որը քաջալերում է Բաքվին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ տեսնում ենք նաև Ադրբեջանի ցինիզմը։ Ի՞նչ է նշանակում «Արցախի ներկայացուցիչներին հրավիրում ենք Բաքու՝ բանակցելու»։ Եթե ուզում են բանակցել քաղաքական հարցերի շուրջ, ապա այլ ձևաչափով պետք է լինեն բանակցությունները»,-ասում է Բաբայանը։

Շեշտելով անգամ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն անտեսելու՝ Ադրբեջանի հանդգնությունը՝ Դավիթ Բաբայանը նկատում է. «Բազմաթիվ երկրներ, արժեզրկելով անաչառությունը, համամարդկային իրավունքների կոպտագույն խախտումները, ասում են, թե, իբր, վստահելի գործընկեր է Ադրբեջանը։ Չեն պատկերացնում գուցե, որ մի օր էլ այդ ագրեսիայի սարսափելի հետևանքներն իրենք են զգալու իրենց վրա»։

Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդները կիրառում է՝ արցախահայությանը ճնշելու համար, դիմադրության հարցում առանցքային նշանակություն ունի սկզբունքայնությունը։

«Արցախի՝ Ադրբեջանի կազմ մտցնելու որևէ առաջարկ երբևէ չի կարող քննարկվել. դա կլինի հայկական պետականության բռնաբարում։ Մենք պետք է չկոտրվենք, սկզբունքային դիրքորոշումը պահենք ու նաև, կարծում եմ, որ հարցերը պետք է ավելի սուր դնենք։ Այո, կան հարցեր, որոնք սկզբունքային են և փակ ու սուր քննարկումներ են պահանջում»,-շեշտեց Բաբայանը։

Ինչ վերաբերում է Արցախի հանրապետության տարածքում՝ ադրբեջանական ԶՈւ վերջին առաջխաղացման հետևանքով ստեղծված վիճակին, Բաբայանը նշեց, որ որևէ փոփոխություն ներկա դրությամբ չկա։ «Այդ հատվածում դիրքավորվել են նաև խաղաղապահները, որ չեզոքացնեն հնարավոր ինչ-որ քայլեր»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Աղբյուր` Փաստինֆո