կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-18 14:52
Քաղաքական

Ինչու ԵԱՀԿ-ն չի խոսում ''անուններով''

Ինչու ԵԱՀԿ-ն չի խոսում ''անուններով''

Թեեւ Սոչիում դեռեւս ընթացքի մեջ են ձմեռային օլիմպիական խաղերը, որոնց ընթացքում մարտական գործողություններն ավանդաբար կասեցվել են, ԼՂՀ ՊԲ-ի հրապարակած վերջին օպերատիվ տվյալների համաձայն' փետրվարի 9-15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ  արձակվել է ավելի քան 2.500 կրակոց:

 

Այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հերթական պլանային դիտարկումն անցկացրեց Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպեն նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը: Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբի մեջ մտնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը եւ նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ եւ Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/:

 

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- նշվում է այս կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 

Հարց է առաջանում' ի՞նչ արդյունք կտա այս դիտարկումը, եւ ի՞նչ արդյունքներ են տվել նախորդ բոլոր դիտակումները` առհասարակ:

 

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին' Փարիզում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտող կողմերին իրավիճակը չապակայունացնելու եւ հրադադարի ռեժիմը չխախտելու հերթական, երկու կողմերին էլ հավասարաչափ վերաբերող կոչ արեցին: Yerkir.am-ը դրանից հետո փորձեց զուտ վիճակագրությամբ ցույց տալ, թե կողմերից ո՞րն է ավելի շատ խախտել հրադադարի ռեժիմը, ընդ որում` ոչ թե կողմերից յուրաքանչյուրի հաղորդումների, այլ ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ կողմի տվյալների հիման վրա:

 

Այդ նպատակով որոշ ժամանակ առաջ Yerkir.am-ը դիմել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակին եւ խնդրել,  առկայության դեպքում, տրամադրել հրադադարի ռեժիմի հաստատումից հետո հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն գործողությունների ու սահմանային միջադեպերի քանակի ու հրադադարի ժամանակ այդ դիվերսիոն գործողությունների ու սահմանային միջադեպերի հետեւանքով գրանցված զոհերի թվաքանակի վերաբերյալ վիճակագրական տվյալներ' հասկանալու համար, թե կողմերից որն է ավելի հաճախ խախտել հրադադարի ռեժիմը, ու ինչպես են սահմանային միջադեպերը դիտարկվում ԵԱՀԿ-ի կողմից, որ ամեն անգամ նրանք ոչ կոնկրետ հասցեատիրոջը, այլ երկու կողմերին են խաղաղության ու զսպվածության կոչեր են անում:

 

Օրերս ԵԱՀԿ-ից պատասխանեցին մեր հարցմանը: Մասնավորապես նշել էին. «Ստիպված ենք Ձեզ պատասխանել, որ անձնական ներկայացուցիչը չի տիրապետում այդ առումով օբյեկտիվ վիճակագրական տվյալների, որոնց հավաստիությունը հնարավոր կլիներ ստուգել»: Ամեն ինչ պարզ էր ու հստակ: Սակայն այս դեպքում անհասկանալի է, թե ինչպես է ԵԱՀԿ-ն ընդհանրապես վերահսկում հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, եթե չգիտի, թե ով, երբ, քանի անգամ կրակեց հակառակ կողմի ուղղությամբ, եւ դրա հետեւանքով քանի հոգի զոհվեց:

 

Բայց այս հարցը օբյեկտիվ պատասխան ունի' ո'չ Անժեյ Կասպրշիկի գրասենյակը, ո'չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ո'չ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, ոչ ոք, իրոք, չի կարող ունենալ նման ստուգված, օբյեկտիվ գնահատական: Որովհետեւ ոչ ոք տեղում' անմիջապես հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում, չունի ներկայացուցիչներ, ովքեր կարող են հրադադարի խախտման յուրաքանչյուր դեպքը գրանցել եւ ասել, թե կողմերից որ մեկը խախտեց այդ ռեժիմը: 4-5 դաշտային օգնականները սահմանին ամեն պահ չեն կանգնած եւ շփման գծում  ամսական ընդամենը մեկ անգամ դիտարկումներ են անցկացնում, բայց այդ դիտարկումներն էլ պատկերը չեն կարող հստակ ցույց տալ, քանի որ ադրբեջանական կողմն ամեն անգամ տապալում է դրանք' դիտորդների մուտքին առաջնային գիծ ամեն կերպ խոչընդոտելով:

 

Հարց է առաջանում` հնարավոր չէ՞ արդյոք ստեղծել հրադադարի ամրապնդմանն ուղղված հստակ ու գործուն վերահսկման մեխանիզմներ, որոնք կարող են հրադադարը խախտելու մտադրություն ունեցողին հետ պահել դրանից' գոնե միջազգային հանրության կողմից չդատափետվելու համար: Վերահսկման այդպիսի մեխանիզմներ ստեղծելու առաջարկություն, իրականում, բազմիցս եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Առաջարկությունը հետեւյալն է եղել' ստեղծել սահմանային եւ շփման գծում միջադեպերի քննության մեխանիզմ: Այդ առաջարկությունը, սակայն, ադրբեջանական կողմը մերժել է: Ընդ որում' քննության մեխանիզմ ստեղծելը նախատեսված է  նաեւ 1995 թվականի փետրվարի ' հրադադարի ամրապնդման մասին համաձայնությամբ, որը, սակայն, Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի պատճառով չի մշակվել, չի կիրառվել եւ չի իրագործվում:

 

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեզ հետ զրույցում այդ կապակցությամբ ասաց. «Հայկական կողմը տարիներ ի վեր կողմ է արտահայտվել Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված` միջադեպերի հետաքննության, քննության մեխանիզմների ստեղծմանը, եւ ադրբեջանական կողմի ապակառուցողական լինելու դիրքորոշման պատճառով այդ մեխանիզմները մինչ օրս մշակված չեն եւ չեն կիրառվում»:

 

Տիգրան Բալայանը նշեց նաեւ, որ այս հարցում հայկական կողմի համար ավելի կարեւոր է արդյունքը' մեզ համար թանկ են մեր զինվորների ու խաղաղ բնակիչների կյանքերը, եւ հենց այդ պատճառով է հայկական կողմն անկեղծ շահագրգռված միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում, որպեսզի նաեւ հստակ, հավաստի ինֆորմացիա լինի, թե որ կողմն է խախտել հրադադարի ռեժիմը:

 

Այդպիսի մեխանիզմների ներդրման գործընթացի տապալումը հստակ խոսում է նաեւ ադրբեջանական կողմի ապակառուցողականության, անլրջության, արհամարհական վերաբերմունքի մասին Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերի նկատմամբ, ինչը, ցավոք, միջազգային հանրության կողմից դեռեւս անհրաժեշտ գնահատական չի ստացել: Այդ մեխանիզմի ներդրմանը խոչընդոտելու մոտեցումը կարող է պայմանավորված լինել նաեւ Ադրբեջանի ջանքերով' ապացուցել, թե իբր ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան կարգավորման գործընթացքում չի կարողանում նորմալ գործունեություն իրականացնել, նաեւ հասնել իր բաղձանքին' կարգավորման գործընթացը դուրս բերել Մինսկի խմբի գործունեության շրջանակներից: Այս մոտեցումն ու ձգտումը եւս, ցավոք, չեն արժանացել միջազգային հանրության  խիստ գնահատականին:

 

Արդեն ժամանակն է, որ միջնորդները հստակ հասցեատերերին ուղղեն իրենց կոչերը եւ պարզ ու միանշանակ ասեն, թե այս հակամարտության մեջ ով ով է, ով ինչպես է իրեն պահում, ով է անկեղծորեն հակված խաղաղության պահպանմանն ու ամրապնդմանը, իակ ով ամեն կերպ փորձում է ապակայունացնել իրավիճակը: Ինչպես ասում են' ցանկացած պրոբլեմ ունի կոնկրետ անուն, իսկ միջազգային հարաբերությունների առումով' կոնկրետ երկրի անվանում... Իսկ մինչ այդ մեխանիզմների ներդրումը կամ կոնկրետ մեղավորների անունները շեշտելը` ցանկացած դիտարկում որեւէ էական արդյունքի չի կարող հանգեցնել:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ