կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-26 12:10
Առանց Կատեգորիա

Հասարակությունը եւ սերը

Հասարակությունը եւ սերը

Հասարակության ակունքներում սերն է: Միաժամանակ՝ սիրո բացակայությունը:

 

Ի՞նչ է սերը: Բրոդսկին ասում է. «Սերն ամենաէլիտարն է բոլոր կրքերից»: Բայց սա արդեն բազում այլ կրքերի անցանելիությունը ու ստորակարգությունը ճանաչած մարդու խոսք է: Կրքի ապականությունն իմացած մարդու խոսք է: Եվ դա ոչ մի կերպ չի վերաբերում առաջին սիրուն:

 

Առաջին սիրո մեջ կիրքը սոսկ հընթացս տեղ հասած էքսկուրսավար է, որի ծառայությունները սիրահարների համար բնավ պարտադիր չեն: Երբ նրանք չեն կարողանում ապրել առանց մեկմեկու, կիրքը միայն այդ անկարողության ճիշտ բառեր գտնողն է: Եթե նրանք կրքի անունը չգտնեն, եթե անգամ չիմանան, թե ինչ անեն այդ կրքի հետ, սերը չի արժեզրկվի: Կիրքը հետագայում դառնում է իշխանություն, նա ապականում է առաջին սերը, սակայն ամբողջությամբ ուղղորդում է մնացած բոլոր սերերը:

 

Հասարակությունը (մենք այն դիտարկում ենք ամենանախնական ձեւավորման մեջ) անհատների ամբողջություն է: Յուրաքանչյուր անհատ սիրահար է, նա չի կարող սկսել երկրորդ սիրուց, նշանակում է` նա կրել է առաջին սիրո ամբողջ պարզությունը: Հետագա բոլոր սերերը միայն առաջին սիրո զգացումը վերագտնելու փորձեր են: Քանի որ նա արդեն ճանաչել է կիրքը, հետագա բոլոր սերերի մեջ նա փնտրում է այն, սիրո մեջ նա մերժում է երկինքը, աստղերը, որտեղ գտնվում էր առաջին սիրո լավագույն «օրերին»:

 

Սերն ինքնակազմակերպվող իրողություն է: Հասարակությունն, ընդհակառակը, միմյանցով կազմակերպվող օրգանիզմ է, հասարակության համար կան օրենքներ, կանոններ, հասարակությունն էթիկական ընկալումների իրացում է: Սերը բխում է մեկից եւ տարածվում դիմացինի վրա: Բնավ պարտադիր չէ այս դեպքում իմանալ դիմացինի արժանիքները, նույնիսկ դիմացինի իրական լինելը պարտադիր չէ, սերը բխման դաշտ է փնտրում, սերը կա այնպես, ինչպես կա սիրտը, որը չի կարող չբաբախել, ինչպես կա ձայնը, որը չի կարող չհնչել:

 

Սերը ոչինչ չի բացառում, նա պարզապես չգիտի որեւէ վատ բան, որը կարելի է բացառել: Հասարակությունն, ընդհակառակը, արդեն չարը ճանաչած օրգանիզմ է: Որովհետեւ հասարակություն ձեւավորելու ճանապարհին մի տեղ սերը սայթաքել է: Այսինքն` ինքնակազմակերպվող սերը մարդ առ մարդ կարեւորել է յուրաքանչյուրին: Յուրաքանչյուրը դիմացինի մեջ ճանաչել է միակին ու անկրկնելիին: Մարդը հասարակություն դառնալու ճանապարհին կորցրել է առաջին սիրո «կազմակերպչական» էությունը: Այլ խոսքով` հավաքականության մեջ կորցրել է յուրաքանչյուրին պատճառաբանող սերը: Այսինքն` ավելի ու ավելի է փնտրել իրեն արդարացնող, իրեն բարձրացնող կիրքը: Մարդը ճանաչել է սերը եւ հագենալու ուղիներ է փնտրել: Այդտեղից էլ երկրորդ եւ հաջորդ բոլոր սերերը:

 

Բայց առաջին սերը նրան թելադրել է մոտավորապես բաներ, որոնք Մովսեսին թելադրեց Հայր Աստվածը՝ Յահվեն: Մարդը միայն սիրո շնորհիվ է կարողացել հռչակել իր մարդ լինելը: Եվ հանկարծ օրերից մի օր կորցրել է սերը, որը բոլորին համախմբել է: Այսինքն` սիրո «երկինքը» չկա, կա միայն կրքերի երկիրը: Եվ քանի դեռ չեն մոռացել այդ երկինքը, մարդիկ գրի են առել սիրո «տասը պատվիրանները», որպեսզի հանկարծ չհոշոտեն միմյանց: Այսինքն` բոլոր օրենքների, որոշումների, կանոնների, պատվիրանների եւ Սահմանադրության հիմքում սիրո բացակայությունն է: Սահմանադրությունը (ես նկատի ունեմ օրենքների առաջին հավաքական թուղթը) գրել են, որպեսզի չմոռանան այն, ինչ ժամանակին թելադրում էր սերը: Կամ՝ Սահմանադրությունը բացակա սիրո ազդակներն է:

 

Իոսիֆ Բրոդսկին մի բան էլ այս առիթով է ասել. «Եթե կարելի է սերն ինչ-որ բանով փոխել, ապա միայն հիշողությամբ»: Օրենքները, պատվիրանները սիրո հիշողությունն են: Այսինքն` զգացումը վերացավ, մնաց նստվածքը: Դրանք սիրո նստվածքն են: Մի մեծ, ընդգրկուն սիրո նստվածքը, մի սիրո, որը բխվում էր եւ յուրաքանչյուրի մեջ իմաստավորում մարդուն, որը, դիմացինի աչքերի մեջ նայելով, իրացնում էր Աստծուն եւ ամենը, ինչը հետագայում դարձավ պատվիրան, օրենք եւ Սահմանադրություն: Հասարակությունը ծնվեց` սիրուն մղելով ինքնաարտահայտման այնպիսի խորքեր, որտեղից արդեն նրան Քրիստոսով էլ դուրս չես հանի:

 

Սեյրան ՀԱՆՈՅԱՆ