կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-15 17:02
Քաղաքական

Նախագահը ԱԺ-ին կխնդրի անվավեր համարել ''Հայռուսգազարդի'' 20 տոկոսի վաճառքը, եթե…

Նախագահը ԱԺ-ին կխնդրի անվավեր համարել ''Հայռուսգազարդի'' 20 տոկոսի վաճառքը, եթե…

«Ինչ վերաբերում է քսան տոկոսին: Ինձ հետաքրքիր էր՝ ի՞նչ է տալիս այդ քսան տոկոսը, եթե մենք` որպես պետություն, տարիների ընթացքում  վաճառել ենք ութսուն տոկոսը: Ութսունը կարելի էր, իսկ քսանը չի՞ կարելի... Քանի՞ կոպեկի դիվիդիենդ է այն բերել պետությանը: Ասում են, թե դա որոշումների վրա ազդելու հնարավորություն էր տալիս Հայաստանին: Պետք էլ չէ, որ մենք որոշումների վրա ազդենք, քանի որ դրա համար մենք ունենք շատ լավ օրենսդրական համակարգ, եւ դրանով մենք կարող ենք ազդել, որ ընկերությունը գործի օրենքների շրջանակներում եւ ի շահ մեզ»,- այսօր` ԵԿՄ 10-րդ համագումարի ժամանակ, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը' անդրադառնալով «Հայռուսգազարդ»-ումՀՀ ունեցած 20 տոկոս մասնաբաժնի վաճառքին:

 

Նա հայտարարեց նաեւ, որ եթե Հայաստանում որեւէ մեկը գտնվի, որ «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոսի համար պատրաստ է վճարել 100 միլիոն դոլար, ինքը պատրաստ է բանակցել ռուսական կողմի հետ, հետ վերցնել այդ 20 տոկոսն ու վաճառել նրան: Իսկ հարցին, թե ինչո՞ւ այդ բաժնեմասի վաճառքի համար մրցույթ չի հայտարարվել, նախագահը պատասխանեց. «Բա որ մրցույթ անցկացնեինք ու այդ 20 տոկոսն արժենար 30 միլիոն, հետո մենք ո՞նց էինք 150 միլիոնով սաղացնելու այն»:

 

Սերժ Սարգսյանը հավելեց, թե եթե որեւէ մեկը պատրաստ է 100 միլիոն դոլարով այդ բաժնեմասը գնել, ինքը կխնդրի ԱԺ-ի իրենց գործընկերներին, որպեսզի նրանք մեկ օրում անվավեր համարեն վաճառքի գործարքը, ու այդ բաժնեմասը վաճառվի 100 միլիոն դոլար առաջարկողին:

 

«Բայց կա՞ որեւէ մեկը, թե՞ ուղղակի խոսողներն են շատ: Թե՞ խոսելը հեշտ է... Հիշո՞ւմ եք` պատերազմի ժամանակ ինչքան խոսողներ կային, բայց հենց պետք էր գնալ գյուղ գրավել, մեկի գլուխ էր ցավում, մեկի հորեղբոր տղայի քառսունքն էր, մեկի ավտոյի ակն էր ծակվել...»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

 

Ինչ վերաբերում է ռուսական կողմի հետ 30 տարով պայմանագիր կնքելուն, ապա այս առումով էլ նախագահը նշեց, թե իրենց ընդդիմախոսներն այնքան են չարությամբ լցված իրենց հանդեպ, որ նման շահարկումներ են անում: Իսկ 30 տարով պայմանագիր կնքելու պատճառը, ինչպես ներկայացրեց Սերժ Սարգսյանը, այն է, որ ռուսնրն իրենց ներդրումները ոչ թե փորձեն 5 տարում ետ բերել, ինչը ծանր կնստի տնտեսության վրա, այլ 30 տարում. «Հիմա 5 տարի՞ն է լավ, թե՞ 30»,- հռետորական հարց հնչեցրեց Սերժ Սարգսյանը:

 

Գազի համաձայնագրերի վերաբերյալ էլ, նշեց նախագահը, տարբեր մարդիկ, ելնելով տարբեր պատճառներից,  չեն ցանկանում ճշմարտությունն ասել եւ փորձում են սեւացնել իրենց ձեռքբերումները:

 

«Իմ կարծիքով' գազի պայմանագրի կարեւոր էությունը գազի գինն է: Թող բանավիճողները ասեն, եթե գինը թանկ է, ուրեմն մենք շատ վատ ենք բանակցել, ու թող մեզ քննադատեն: Եթե լավ գին ենք ստացել, թող ասեն' այո', լավ գին է ստացվել, բայց թերություն կա այստեղ, այնտեղ եւ այլն: Ոչ ոք չի խոսում գնի մասին, որովհետեւ Ռուսաստանի կողմից Հայաստանին վաճառվող գազի գինը սահմանին ամենաէժան է բոլոր մնացած երկրներից: Հինգ տարով եթե Ռուսաստանի ներսում գազի գները կայուն լինեն, ապա մենք նույնպես փոփոխություններ չենք ունենա: Սա մեզ համար լավ է,  մեզ չկամեցողների համար` վատ»,- ասաց Սերժ Սարգսյանը:

 

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե գազային պայմանագրերն ու «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասի վաճառքի դեպքում օրենք է խախտվել, ապա ՀՀ նախագահն ասաց, թե կան մարդիկ, ում հիշողությունը դավաճանում է կամ լավ չեն կարողանում կարդալ եւ ասում են, թե իրենք օրենք են խախտել, իբր թաքուն բանակցություներ են վարել, թաքուն պարտքեր են կուտակել եւ այլն:

 

«Ես տասնյակից ավելի հայտարարություններ եմ արել եւ ասել եմ՝ ՀՀ սպառողների համար գազի գինը չի թանկանա: Սա նշանակում է, որ հնարավոր է պետության կամ ներկրող ընկերության համար գազը թանկանա, բայց սպառողների համար գազը չի թանկանա, ու այդպես է եղել' 2 տարի գազը չի թանկացել սպառողների համար: Երկրորդ՝ բոլորին հայտնի է, որ, սկսած 2011 թվականից, մենք բանակցություններ էինք վարում ռուսական կողմի հետ, որ գազի վճարային գինը չի փոխվում, բայց փոխվում է հաշվարկային գինը, իսկ երբ բանակցություներն ավարտվեն, վերջնական եզրակացություն կգանք գնի շուրջ»,- ասաց Սերժ Սարգսյանը ու հավելեց, թե երբ բանակցություններն ավարտվեցին, ռուսական կողմը պահանջեց  վճարել այդ հաշվարկային գնի 50 տոկոսից, ու էլի հռետորական հարց տվեց' «վա՞տ է արել»' նկատի ունենալով, որ ռուսական կողմըՀայաստանին զիջել է գոյացած պարտքի 50 տոկոսը: