կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-03 15:31
Տնտեսական

Էներգետիկայի փոխնախարարն էլ չասաց, թե ''Հայռուսգազարդի'' 20 տոկոսի դիմաց ՀՀ-ն ինչ կստանա

Էներգետիկայի փոխնախարարն էլ չասաց, թե ''Հայռուսգազարդի'' 20 տոկոսի դիմաց ՀՀ-ն ինչ կստանա

Պարոն Միլլերը, երբ երեկ ելույթ ունեցավ, շատ ճիշտ բան ասաց` «Հայռուսգազարդը» արդեն ոչ թե  համատեղ ընկերություն է, այլ դարձավ 100 տոկոսանոց ռուսական ընկերություն, փաստորեն, դարձավ «Գազպրոմի» դուստր ընկերությունը` այդտեղից բխող բոլոր իրավական առավերություններով. Yerkir.am -ի հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը' անդրադառնալով «Հայռուսգազարդ»-ում Հայաստանի Հանրապետության ունեցած 20 տոկոս մասնաբաժնի վաճառքին ռուսական «Գազպրոմին»:

 

Փոխնախարարը նշեց, որ ընկերության  կարգավորման հարցերը, այդ թվում` նաեւ գազամատակարարումների, վերանորոգումների եւ մնացյալ հարցերի, դեպի լավը կփոխվեն: «Ես բավականին դրական ակնկալիքներ ունեմ»,- շեշտեց նա:

 

Փոխնախարարը նշեց, որ չի կարծում, թե, «Հայռուսգազարդ»-ում ունեցած 20 տոկոս բաժնեմասը վաճառելով, կառավարությունը կորցնում է ազդեցության իր լծակները գազամատակարարման ոլորտի վրա:

 

«Որովհետեւ կարգավորման դաշտում է գործում «Հայռուսգազարդը», ինչպես եւ բաշխիչ ցանցը, որը նույնպես 100 տոկոսով ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵՍ» ընկերությանն է պատկանում: Բայց թե' «Հայռուսգազարդը», թե' ՀԷՑ-ն աշխատում են կարգավորման դաշտում, որովհետեւ դա բնական մենաշնորհ է, եւ նրանց կարգավորումը մեր կարգավորող մարմնի կողմից կատարվում է օրենքի համախատասխան, եւ նրանք 100 տոկոսով ենթարկվում են այդ օրենքին ու օրենքի պահանջներից ավելին իրենց թույլ տալ չեն կարող: Ես, ճիշտն ասած, այդտեղ որեւէ վտանգ չեմ տեսնում»,- նշեց փոխնախարարը:

 

Նա ասաց նաեւ, որ ինքը մանրամասն ծանոթ չէ «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը ռուսական ընկերությանը հանձնելու համաձայնագրին եւ չի կարող հստակ ասել, թե այդ բաժնեմասի դիմաց Հայաստանն ինչ կստանա: Բայց այս հարցի կապակցությամբ նրա տեսակետն այն է, որ  բաժնեմասի վաճառքն, առաջին հերթին, գազի գնի հետ է կապված: Իսկ այն հարցում, որ «Գազպրոմը» գազը Հայաստանին է տալու նույն գներով, ինչ իրենց ներքին շուկայում են վաճառում, Արեգ Գալստյանի հավաստմամբ, մեզ բավական մեծ առավելություններ է տալիս:

 

Մեր հարցին' 20 տոկոս բաժնեմասի դիմա՞ց է ռուսական կողմը Հայաստանին մատակարարվող գազի գինը համապատասխանեցնում ներռուսաստանյան գներին, Արեգ Գալստյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ գազի գնի ընձեռած հնարավորությունները պայմանավորված էին այն հանգամանքով, որ մենք արդեն գնում ենք դեպի Մաքսային միություն, եւ հենց դրա համար էր, որ մենք էժան գազ ձեռք բերելու հնարավորություն ստացանք: Ուղղակի ՌԴ նախագահն ու «Գազպրոմն» այդ հնարավորությունը մեզ տվեցին հենց այսօր»:

 

Հարցին' այդ դեպքում ինչո՞ւ վաճառվեց «Հայռուսգազարդում» ունեցած մասնաբաժինը, Արեգ Գալստյանը պատասխանեց, որ այդ հարցին հետագայում մանրամասն կպատասխանի էներգետիկայի նախարարը: