Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեք տարվա ընթացքում գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ ու պահածոների արտադրությամբ զբաղվող «Ալիշան» ՍՊ ընկերությունը շուրջ 90-100 հազար խորանարդ մետր չօգտագործված գազի դիմաց գումարներ է վճարել. Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, իրավիճակը ներկայացրեց ընկերության հիմնադիր սեփականատեր եւ տնօրեն Սերժիկ Մոսեսյանը:
Ընկերությունը 4 ամիս առաջ հանկարծ պարզել է, որ գազի համար վճարում է ավելի շատ, քան օգտագործում է: Խնդիրը, ըստ ընկերության արտադրության պետ Խաչատուր Թադեւոսյանի, ով նախկինում գազի գրասենյակում է աշխատել ու այդ գործիչ գլուխ է հանում, այն է, որ սպառված գազի ծավալը որոշելու համար «Հայռուսգազարդը» կիրառում է «բերման գործակից» կոչվող թիվը: Այս գործակիցը ստացվում է մատակարարվող գազի ճնշման, ջերմաստիճանի եւ տվյալ տեղանքի բարոմետրական ճնշման արդյունքների համադրումից` մասնագիտական բանաձեւով: Հետո այդ գործակիցը բազմապատկվում է մատակարարված գազի ծավալով եւ ստացվում է, թե ինչ ծավալի գազի դիմաց պետք է վճարի սպառողը: Ըստ այդմ` գործարանի համար այդ գործակիցը, ինչպես հաշվել են իրենք` սեփական նախաձեռնությամբ, 0,95-1 է` բոլոր հաշվարկները հօգուտ «Հայռուսգազարդը»-ի անելու դեպքում անգամ: Բայց վերջին երեք տարիների ընթացքում եւ, հնարավոր է, նաեւ դրանից առաջ, «Հայռուսգազարդը»-ը ընկերության համար որպես գործակից է ընդունելնվազագույնը 1.2-1.3-ը, իսկ առավելագույնը մինչեւ 1.8-ը:
Ընկերության սեփականատերը դիմել է «Հայռուսգազարդ»-ին` պահանջելով վերանայել իրենց վաճառվող գազի գինը եւ ճիշտ հաշվելով բերման գործակիցը: Սակայն դրանից հետո, ըստ Սերժիկ Մոսեսյանի, «Հայռուսգազարդ»-ն անջատել է ընկերությանը մատակարարվող գազը: Նրանք ստիպված մուծել են այս ամսվա համար պահանջվող 3 միլիոն 600 հազար դրամը, այնուհետեւ պահանջել ստուգել թվերն ու վերանայել սակագները, սակայն «Հայռուսգազարը»-ում փորձել են ապացուցել, որ իրենց հաշվարկած բերման գործակիցը ճիշտ է:
«Մեր սարքավորումների տեխնիկական անձնագրերում էլ նշված է, որ դրանց աշխատանքի համար պահանջվում է 40-50 միլիբար գազի ճնշում: Այդ միլիբարից ավելի ճնշում եթե լիներ, մեր սարքավորումներն ուղղակի չէին աշխատի, քանի որ ավտոմատիկան' կարգավորող ռելեն, կանջատեր համակարգը: Ու քանի որ գազի ջերմաստիճանը եղել է հաստատուն, միակ տարբերակը, որով նրանք պետք է կարողանային ապացուցել իրենց գործակցի էությունը, ճնշումը բարձրացնելն էր, քանի որ մեզ անհրաժեշտ ճնշումների դեպքում բերման գործակիցը կազմում է 0.9, մաքսիմում 1, եթե հաշվարկները կատարում ենք հօգուտ «Հայռուսգազարդ»-ի»,- ներկայացրեց Խաչատուր Թադեւոսյանը:
Այս պնդումը «Ալիշանի» ներկայացուցիչները ներկայացնում են նաեւ «Հայռուսգազարդ»-ին: Արդյունքում' «Հայռուսգազարդ»-ը, իր հաշվարկներում օգտագործվող բերման գործակիցը վերանայելու փոխարեն, փորձում է ուղղակի փոփոխել գազի ճնշումը` հասցնելով 300 միլիբարի: Սրա հետեւանքով գործարանի կաթսայատանը ստեղծվում է պայթյունավտանգ իրավիճակ, քանի որ կաթսայատան' գազի ճնշման կարգավորիչ ռելեն գործում է մինչեւ 60 միլիբար ճնշման դեպքում, իսկ միանգամից մոտ 10 անգամ ճնշումը մեծացնելիս այն ուղղակի դառնում է խիստ պայթյունավտանգ: Կաթսայատան ավտոմատիկան ուղղակի խափանվում է, եւ կաթսայատան աշխատակիցը,իր կյանքը վտանգի ենթարկելով, հազիվ կարողանում է ձեռքով անջատել գազի հոսքը դեպի կաթսայատուն:
«Քանի որ մենք էինք հուշել, թե միայն որ դեպքում կստացվի իրենց ներկայացրած բերման գործակիցը, դրա համար մենք անմիջապես գնացինք ու լուսանկարեցինք մեր գործարանին մատակարարվող գազի ճնշման կարգավորիչի կապարակնիքը: Հետո տեսանք, որ այն ուղղակի չկա, դա էլ լուսանկարեցինք: Հետո բերեցին ու դրեցին նոր կապարակնիք, դա էլ ենք լուսանկարել, այնուհետեւ, երբ բողոքեցինք, որ իրենց մատակարարած ճնշման պայմաններում մեր գործարանն ուղղակի չի աշխատի, նորից եկան, ճնշումն իջեցրեցին, ու նորից կապարակնքեցին: Մենք դա էլ ենք լուսանկարել, ու հիմա այդ փաստերն ունենք, որ նրանք գազի ճնշումն արհեստականորեն բարձրացրել են, որպեսզի ստանան իրենց գործակիցը: Բայց դա արել են իմ գործարանի կաթսայատունը պայթեցնելու կամ աշխատողների կյանքը վտանգելու գնով»,- նշեց «Ալիշան» ընկերության տնօրեն Սերժիկ Մոսեսյանը:
Եվ այսպես ամեն ամիս «Հայռուսգազարդ»-ը «Ալիշան» -ից գրեթե կրկնակի ավելի գազի գին է գանձել կամ վերջին 3 տարում' 90-100 հազար խորանարդ մետր' իրականում չօգտագործված գազ: «Ալիշան» ընկերությունն այս հարցով դիմել է Հայաստանի գործատուների հանրապետական միությանը' խնդրելով կարգավորել այս խնդիրը: Վերջինս էլ հրավիրել է «Հայռուսգազարդ»-ին' մասնակցելու այս քննարկմանը, սակայն նրանք հրաժարվել են ներկայանալ:
«Եթե «Հայռուսգազարդ»-ի աշխատակիցը չի իմացել, թե ինչ վիճակ է ստեղծում' բարձրացնելով գազի ճնշումը, ուրեմն նա չպետք է այնտեղ աշխատի, իսկ եթե բարձրացրել է գիտակցելով, ուրեմն` դա արդեն հանցագործություն է»,- նշեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Ալիշան» ընկերությունը դեռ հույս ունի, որ այս հարցը կլուծվի, բայց ոչ թե միայն իր համար, այլ բոլորի, իսկ եթե չլուծվի, կդիմի դատարան' Գործատուների միության աջակցությամբ: Եթե դատարանում էլ հարցերը չլուծվեն, ապա Սերժիկ Մոսեսյանը խոստանում է փակել գործարանն ու հեռանալ այնտեղ, որտեղից 1999 թվականին եկել ու ճգնաժամի պայմաններում գործարան է բացել' Իրան: