կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-13 16:04
Մշակույթ

Հայկական դուդուկը կհնչի Սոչիում

Հայկական դուդուկը կհնչի Սոչիում

Դուդուկահար Գևորգ Դաբաղյանը փետրվարի 18-ին կմեկնի Սոչի՝ մասնակցելու Սոչիի օլիմպիական խաղերի երաժշտական փառատոնի փակմանը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Դաբաղյանը նշեց, որ համերգին մասնակցում է ռուս երաժիշտ Յուրի Բաշմետի հրավերով:

 

«Արդեն 5 տարի է, ինչ համագործակցում եմ Բաշմետի հետ: Առաջին համերգը Բաշմետի հետ Իտալիայում էր` Էլբա կղզում, որտեղ կատարել եմ Վաչե Շարաֆյանի «Կոնցերտ` ալտի եւ դուդուկի համար» ստեղծագործությունը: Մենք ուզում էինք ձայնասկավառակ թողարկել: Ես մի քանի ամիս առաջ ստացա այս հրավերը, ինչն անակնկալ էր ինձ համար: Կատարելու եմ Կոմիտասի եւ Վաչե Շարաֆյանի գործերից»,- ասաց նա:

 

Ըստ Դաբաղյանի` դուդուկը պետք է ակտիվ հնչի լուրջ բեմերում, Հայաստանը պետք է քաղաքականություն ունենա` դուդուկը դրսում ներկայացնելու համար: Նա համարում է, որ մենք պետք է դուդուկի կենտրոն ունենանք, քանի որ ճիշտ ժամանակն է, որ աշխարհում տեղի ունեցող գործընթացները` կապված դուդուկի հետ, ղեկավարվեն Հայաստանից:

 

«Եթե օրերից մի օր տեսնենք, որ Ստամբուլում բացվել է դուդուկի կենտրոն, մենք պետք է չզարմանանք ու ասենք` «վայ, ափսոս», մենք չպետք է մեղավորներ փնտրենք: Ուշ է, բայց ոչ` ուշացած, կարելի է տիրություն անել մեր գործիքներին, չպետք է դուդուկի հանդեպ մեր սերն արտահայտենք սեղանների շուրջ կենացի մակարդակով ճոխ նախադասություններով»,- ասաց Դաբաղյանը:

 

Նրա հավաստմամբ` Հայաստան մի շարք խմբեր են գալիս` դուդուկ սովորելու, օրինակ` վերջերս Ֆրանսիայից 10-12 դուդուկահար էր եկել` կատարելագործվելու. «Ի՞նչ անենք, մարդկանց տանենք մեր տո՞ւն, որ սովորեցնենք»: