Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղվա նիստում կառավարության հաստատմանը կներկայացվի Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի տարածքում Աղստև գետի ձախափնյա ափապաշտպան հենապատի վերականգնման հետազոտա-նախագծային եւ շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով «Դիս փրոփերթիս» բարեգործական հիմնադրամին, որպես նվիրաբերություն, 250 միլիոն դրամ գումար հատկացնելու որոշման նախագիծը:
2014 թվականի պետական բյուջեով նախատեսված` կառավարության պահուստային ֆոնդի հաշվին գյուղատնտեսության նախարարությանը 2014 թվականի առաջին եռամսյակում 250 միլիոն դրամ պետք է հատկացվի' այն նվիրատվության հիմունքներով «Դիս փրթփերփիս» բարեգործական հիմնադրամին տրամադրելու համար: Այս գումարով նախատեսվում է իրականացնել Դիլիջան քաղաքի Շամախյան տեղամասի հատվածում Աղստև գետի ձախափնյա ափապաշտպան պատի` վթարային վիճակում գտնվող 165 մ երկարությամբ հատվածի վերականգնման աշխատանքները:
Աշխատանքների իրականացմամբ ակնկալվում է, որ գարնանային վարարումների ժամանակ կկանխվի վերոհիշյալ հատվածում Աղստև գետի ափապաշտպան արգելաթմբի քայքայումն ու փլուզումը, առափնյա տարածքները՝ ավտոճանապարհը, նորակառույց դպրոցը, բնակելի տները, ինժեներական կառույցները, շենք-շինությունները և այլն, զերծ կմնան ողողումներից: Իսկ այդ աշխատանքները մեր «մտահոգ» կառավարությունը ուզում է շատ շտապ' մինչեւ գարնանային վավարումները սկսել ու ավարտել:
Հետաքրքիր է, որ այս աշխատանքների անցկացման համար ո'չ մրցույթ է հայտարարվել, ո'չ հանրային քննարկում կազմակերպվել: Բայց այս հարցը «դուրս է գալիս», երբ որոշման նախագծի հիմնավորման մեջ կարդում ենք, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի Դիլիջան քաղաքի Շամախյան տեղամասի հատվածում Աղստև գետի ձախափնյա ափապաշտպան հենապատի վերականգնման հետ կապված հարցը «Դիս փրթփերթիս» ԲՀ-ի ղեկավարության հետ քննարկվել է, ոչ ավելի, ոչ պակաս, ՀՀ նախագահի հանձնարարությամբ: Այսինքն' էլ ի~նչ քննարկում, ի~նչ մրցույթ, «ամենագլխավորն» է հանձնարարել, եւ վերջ...
«Հաշվի առնելով Աղստև գետի գարնանային վարարումների վտանգը, մինչև դրանց սկսվելն աշխատանքներն հրատապ իրականացնելու անհրաժեշտությունը՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հիմնադրամը վնասված հատվածի վերականգնման 250 մլն ՀՀ դրամ արժողությամբ հետազոտա-նախագծային և շինարարական աշխատանքները կիրականացնի իր ֆինանսական միջոցներով՝ պայմանով, որ ՀՀ կառավարությունը 2014թ. առաջին եռամսյակում Հիմնադրամին կտրամադրի 250 մլն ՀՀ դրամ նվիրաբերություն՝ նկատի ունենալով 2013թ. ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդում գումարների սղությունը»,- նշվում է նախագծում:
Բա... Փաստորեն, կառավարության տղերքը հասկանում են, որ պետբյուջեի պահուստային ֆոնդում գումարները սուղ են: Բայց դա հասկանալով հանդերձ` ընդամենը 165 մետր հենապատ վերանորոգելու համար կառավարության պահուստային ֆոնդից փորձում են 250 միլիոն դրամ` մոտ 610 հազար ԱՄՆ դոլար «քերել»: Այսինքն' ստացվում է, որ 1 մ պատի վերանորոգման համար պետք է այդ սուղ միջոցներից ծախսվի 1 միլիոն 500 հազար դրամից կամ 3 հազար 695 դոլարից ավելի գումար...
Լավ էլ «տնտեսելով» են ծախսում պահուստային ֆոնդի սուղ գումարները:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ