կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-01 15:53
Հասարակություն

ՀՀ-ում այսօր կա 17 միլիոն 500 հազար քառակուսի մետր ականազերծման ենթակա տարածք, օրական մաքրվում է 10-12 քառակուսի մետր. Ռուբեն Առաքելյան

ՀՀ-ում այսօր կա 17 միլիոն 500 հազար քառակուսի մետր ականազերծման ենթակա տարածք, օրական մաքրվում է 10-12 քառակուսի մետր. Ռուբեն Առաքելյան

ՀՀ տարածքում քաղաքացիական անձանց շրջանում ականի պայթյունից վնասվելու դեպքեր լինում են, եթե նրանք անցնում են արգելափակոցը և մտնում բուֆերային գոտի, որտեղ դրված ականները ականազերծման ենթակա չեն, այլ թշնամու դիվերսիոն խմբերի դեմ են: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց  «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը:

«Այդ տարածքներն արգելափակված են, և եթե մարդը մտնում է սինձ հավաքելու, զոհվում է կամ վիրավորվում: Բուֆերային գոտու հատվածներում կան փշալարեր և վտանգի մասին զգուշացնող նշաններ: Քաղաքացիական ականազերծման ժամանակ նույնպես բոլոր վտանգավոր տարածքները նշագրված են և ժապավեններով փակված: Կան դեպքեր, երբ բնակչությունը, չեմ ասում` տեղի, այդ ձողերը քանդում է և տանում, բայց աշխատում ենք դրանք վերականգնել, փոխել: Անգամ քաղաքացիական բնագավառում դրանք շրջափակված են, էլ չեմ ասում` ռազմական բուֆերային գոտիների դեպքում: Քաղաքացիական զոհ վերջին անգամ երկու տարի առաջ ենք ունեցել, երբ Գյումրիում ռազմական վարժարանում վարժանքներից հետո երկու երեխա, հայտնաբերելով նռնակ, խաղացել էին, և այն պայթել էր: Սրանից բացի, քաղաքացիական շրջանում զոհ չենք ունեցել»,- նշեց Առաքելյանը:

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը հայտնեց, որ ՀՀ-ում այսօր կա 17 միլիոն 500 հազար քառակուսի մետր ականազերծման ենթակա տարածք: «Մեկ սակրավորը մեկ օրում մաքրում է մոտավորապես 10-12 քառակուսի մետր, և եթե 50-100 սակրավոր էլ լինի, մոտ 200 տարի պիտի մաքրենք այդ 17 միլիոն 500 հազար քառակուսի մետրը: Լավ կլիներ, որ այս հարցին հասարակությունը հնչեղություն տար,  քանի որ ցանկացած ական մարդու կյանք է: Ականազերծված հողը դառնում է մշակման ենթակա, իսկ եթե հողը տարիներով չմշակվի, գյուղացին թողնելու է գյուղը և գնա»,- նշեց Առաքելյանը:

Նա տեղեկացրեց, որ ականազերծման աշխատանքների իրականացման համար վերջին երկու տարում օժանդակություն չեն ստացել դրսից, և որ այս տարի առաջին անգամ ՀՀ կառավարությունն է ֆինանսավորել: «Ականազերծման այդ աշխատանքներն իրականացվելու են Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում և Կապանի տարածաշրջանի Դավիթ Բեկ համայնքում: Այս տարի կառավարության ֆինանսավորմամբ նախատեսվում է մաքրել 50.000 քառակուսի մետր: Հասկանալի է` կառավարությունը շատ մեծ գումար չի կարող հատկացնել: Այդ 50.000 քառակուսի մետրը մաքրելու համար հատկացրել է 130 միլիոն դրամ, այսինքն՝ մեկ քառակուսի մետրը մաքրելու միջին արժեքը՝ կախված ռելիեֆից, բնակլիմայական պայմաններից, կազմում է 2600-3000 դրամ»,- մանրամասնեց Ռուբեն Առաքելյանը:

Ինչ վերաբերում է մասնագետների խնդրին` թվաքանակի առումով, մեր զրուցակիցն ընդգծեց, որ կա նման խնդիր: «Մեզ համար հիմա մի քիչ դժվար է, որովհետև ահագին մարդ Սիրիա ենք ուղարկել, ՀՀ-ում աշխատանքներ կան իրականացնելու: Մենք կարող ենք ավելի շատ մարդու ուսուցանել մեր կենտրոնում, ներգրավել այս գործում, բայց այսպիսի  հարց կա` եթե այդ մարդուն ես չեմ կարողանալու ապահովել աշխատավարձով, բերեմ, սովորեցնեմ, նրա վրա աշխատեմ, փորձառություն հաղորդեմ, գումար ու ժամանակ ծախսեմ, մասնագետ սարքեմ, հետո այդ մարդը մյուս տարի գնա խոպան: Մեզ մոտ աշխատավարձը մոտավորապես 180-190 հազար դրամ է, սրան գումարած` գործուղումները` 8.000 դրամ է հաշվվում պետական գործուղման մեկ օրը: Շատ մեծ չէ աշխատավարձը, բայց ցածր էլ չէ ՀՀ-ի պայմաններում, բայց քանի որ պատվերն է քիչ, այդ մարդը սեզոնային է աշխատում՝ մայիսից-նոյեմբեր, այն մի քանի ամիսը ես չեմ կարողանում վարձատրել, որովհետև չունեմ այդ ֆինանսական հնարավորությունները, դրա համար էլ մարդիկ թողնում են ու գնում: Ուստի պետք է սակրավորների կենտրոն ստեղծել, որը չի լինի որևէ գերատեսչությանը, ՊՈԱԿ-ինը: Բայց այսօր ԱԻՆ-ն ունի իր սակրավորը, ՊՆ-ն՝ իրենը, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն» էլ՝ իրենը: Մեկ ընդհանուր կենտրոն պետք է ստեղծել՝ լուրջ ֆինանսավորմամբ և հանդերձանքով, և որ այստեղի սակրավորները կարողանան մասնակցել աշխատանքներին այնտեղ, որտեղ պետք է»,-շարունակեց  «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը:

Ռուբեն Առաքելյանը վստահեցրեց, որ իր ղեկավարած կենտրոնն ապահովված է միջազգային չափանիշներին համապատասխան պաշտպանիչ հանդերձանքով, ականորսիչներով, չունեն միայն մեխանիկական ականազերծման մեքենա, որը փորձում են ձեռք բերել:

Մարիամ Պետրոսյան