կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-15 12:27
Քաղաքական

Ճանապարհը, որ մենք բռնել ենք, արդարացված է. ինչու ՀՀԿ-ն սկզբնական փուլում չէր պաշտպանում վարչապետին

Ճանապարհը, որ մենք բռնել ենք, արդարացված է. ինչու ՀՀԿ-ն սկզբնական փուլում չէր պաշտպանում վարչապետին

Ռոբերտ-Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճն առանձնացավ այն հանգամանքով, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները սկզբնական շրջանում չշտապեցին պաշտպանել իրենց կուսակցին` Տիգրան Սարգսյանին, ինչը մամուլի եւ քաղաքական շրջանակների աչքից, իհարկե, չէր կարող վրիպել:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը նշեց, որ քաղաքական թիմը պետք է ունենա սկզբունքներ, և, անկախ ամեն ինչից, Հանրապետական կուսակցության քաղաքական թիմն այնպիսին է, որ անցել է բավական լուրջ, կայացած ժամանակահատված: Ըստ նրա` Հանրապետական կուսակցության այդ քաղաքական թիմը ամուր է, համախմբված:

 

Անդրադառալով վերոհիշյալ խնդրին` Սահակյանը նշեց, որ հանրապետականներն ունեն որոշակի ծրագրեր, նպատակներ, քայլերի հաջորդականություն, որոնց հավատում են, ու համբերատար քայլերով փորձում դրանք կյանքի կոչել: Պատգամավորի կարծիքով` այսօր տրամադրությունը, քննադատությունն ու մթնոլորտը այլ բնույթի են:

 

«Ամեն ինչ ըմբռնելով` փորձում ենք իրավական պետություն կառուցել: Իհարկե, կլինեն բացթողումներ, թերություններ, բայց ընդհանուր, որ նայում ենք, գնահատականները այլ են: Այն ճանապարհը, որ մենք բռնել ենք, առնվազն արդարացված է: Մի 2 տարի հետո մենք կզգանք այդ քաղաքականության արդյունքները, և սերունդները կհնչեցնեն իրենց գնահատակաները»,- ասաց պատգամավորը` փորձելով բացատրել, թե ինչո՞ւ սկզբնական շրջանում չէին արձագանքում Քոչարյան-Սարգսյան բանավեճին, իսկ հետո` գործի անցան: