կարևոր
19597 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-04 11:06
Տարածաշրջան

«Azersky-2» արբանյակը կարտադրվի Ադրբեջանում

«Azersky-2» արբանյակը կարտադրվի Ադրբեջանում

Israel Aerospace Industries (IAI) օդատիեզերական ու պաշտպանական առաջատար ընկերությունը եւ Ադրբեջանի «Azercosmos» տիեզերական գործակալությունը 120 միլիոն դոլար արժողությամբ գործարք են կնքել, որի համաձայն՝ «Azersky-2» ծրագրի շրջանակում դիտարկման երկու արբանյակ կստեղծեն։ Ըստ իսրայելական Globes պարբերականի, խոսքը OptSat500 տեսակի արբանյակների վաճառքի մասին է: 

Այս արբանյակները հագեցած կլինեն բարձր կարգի էլեկտրաօպտիկական ընկալող-հաղորդող սարքերով։ Իսրայելական կողմն իր վրա կվերցնի առաջին արբանյակի նախագծման, հավաքման, ինտեգրման եւ թեստավորման պարտավորությունը՝ գործընթացին ներգրավելով ադրբեջանցի մասնագետներին։ Իսրայելական կողմն «Azercosmos»-ին կօգնի նաեւ Ադրբեջանի տարածքում արբանյակների ստեղծման նոր կենտրոնի նախագծի մշակման հարցում։ Նոր արբանյակները կփոխարինեն Azersky արբանյակին, որն արտադրել էր ֆրանսիական Airbus-ը։ Վերջինս արձակվել էր 2014 թվականին, բայց դրա հետ կապը կտրվել էր այս տարվա ապրիլի 20-ին։

Հատկանշական է, որ նույն Israel Aerospace Industries (IAI) ընկերությունն է Բաքվին վաճառում Harop հարձակողական անօդաչուներն ու LORA օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրները։

«Azercosmos»-ի խորհրդի նախագահ Սամադդին Ասադովը համագործակցությունը որակել է կարեւոր քայլ մարդկային կապիտալի ու տիեզերական տեխնոլոգիաների զարգացման գործում։ Իսկ IAI-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Բոազ Լեւին նշել է, որ ընկերության համար երկինքը սահման չէ, այլ պարզապես իրենց համակարգերի հնարավորությունների մեկնարկային կետը: