կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-07 11:55
Հասարակություն

Քինախնդրությունը լավ բանի չի հանգեցնի

Քինախնդրությունը լավ բանի չի հանգեցնի

Ինչպես ցանկացած լրատվամիջոց, այնպես էլ Yerkir.am-ը գրեթե ամեն օր այս կամ այն տեղեկատվության առնչությամբ բնականոն ձեւով աշխատել է ոստիկանության լրատվության եւ հասարականության հետ կապերի վարչության հետ: Բայց այսօր առավոտյան պարզվեց, որ ոստիկանության լրատվականը, մեղմ ասած, այնքան էլ չի ուզում աշխատել մեզ հետ:

 

Այսպես` Նաիրիի քննչական բաժնի պետ Արսեն Սարգսյանի` աշխատանքից ազատվելու տեղեկությունը հերքելու կամ հաստատելու խնդրանքով դիմեցինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանին, եւ ի զարմանս մեզ, այո կամ ոչ ասելու փոխարեն նա առաջարկեց գրավոր հարցում ուղարկել` չմոռանալով խոստանալ, որ օրենքով նախատեսված կարգով կպատասխանի: Թե ո՞րն է լրատվական կայքի հետ այս կերպ աշխատելու գործելաոճի պատճառը, մեզ համար պարզ էր հենց առաջին պահից:

 

Պարզվում է` լրատվականում նեղսրտել են մեր` «Ոստիկանության լրատվականը խախտում է օրենքը» հոդվածից, որում պատմել էինք այն մասին, որ մեր գրավոր հարցմանը, խախտելով օրենքը, ոստիկանության լրատվականը համապատասխան տեղեկատվություն չէր տրամադրել: Եվ ահա, սեփական սխալն ընդունելու փոխարեն, ոստիկանության լրատվականն «ինադ է ընկել»:

 

Մենք, իհարկե, գրավոր հարցումներով աշխատելուն դեմ չենք, ավելի շատ հաճախ հենց այդ կերպ ենք աշխատում: Բայց այս դեպքում, երբ կա օպերատիվության խնդիր, անգամ լրագրության ֆակուլտետում սովորող ուսանողը հասկանում է, որ զավեշտալի է գրավոր հարցումը: Ստացվում է, որ ոստիկանության լրատվականի առաջարկած տարբերակով մենք ստիպված ենք լինելու «այո» կամ «ոչ» պատասխանը ստանալ լավագույն դեպքում 5 օրվա ընթացքում, երբ բոլոր լրատվամիջոցները վաղուց այդ մասին գրած կլինեն: Չենք զարմանա, եթե մեր հարցմանն ի պատասխան` ոստիկանությունից մեջբերեն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը և հայտնեն, որ հարցմանը կպատասխանեն 30 օր անց, երբ աշխատանքից ազատված վերոհիշյալ պաշտոնյան կադրերի ռեզերվից արդեն տեղափոխված կլինի նոր աշխատանքի:

 

Հետաքրքիր է իմանալ` երբ որեւէ դժբախտ դեպքի մասին ոստիկանությունը նախ այս կամ այն ԶԼՄ-ին է հաղորդում, հետո նոր պաշտոնական հաղորդագրություն տարածում, տվյալ ԶԼՄ-ին «հղում չտալու» համար պատասխանատվության չի՞ ենթարկվում:

 

Քինախնդրությունը լավ բան չէ, այն էլ` լրատվության վարչություն-ԶԼՄ  հարաբերություններում, փորձը ցույց է տալիս, որ դրանից տուժում է նախ լրատվության վարչությունը...

 

Yerkir.am