Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը չի կարծում, թե լայն սպառման բազմաթիվ ապրանքների վրա նոր ակցիզային դրոշմապիտակների առկայության պահանջի պատճառով սոցիալական խնդիրներ կառաջանան, կամ դրանք կթանկանան. Այսօր կառավարությունում, անդրադառնալով լայն սպառման մի շարք ապրանքների վրա եւս, ինչպես ջրեղենի ու գարեջրի դեպքում էր, ակցիզային դրոշմապիտակների առկայության պահանջն ամրագրող օրենսդրական նախաձեռնությանը, նա լրագրողներին ասաց, թե դրոշմապիտակավորման հարցում փորձը ցույց է տալիս, որ ապրանքների դրոշմավորումը հանգեցրել է տվյալ ապրանքների հայտարարագրվող ծավալների ավելացմանը, եւ կառավարությունը նաեւ որդեգրել է, որ այդ միջոցառումն իրականացվի փուլ առ փուլ:
«Կարծում եմ, որ առավել կարեւոր է, որ տնտեսվարող սուբյեկտներն ավելի ճշգրտորեն հայտարարագրեն իրենց ապրանքները եւ դրան համապատասխան կատարեն իրենց պարտավորությունները»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:
Լրագրողների դիտարկմանը` ինչպե՞ս չի թանկանա, երբ անցյալ տարի այդ դրոշմապիտակների ներդրման ժամանակ նկատվեց ջրեղենի, գարեջրի թանկացում, ինչպե՞ս է վերահսկվելու, որ թանկացում չլինի, Վախթանգ Միրումյանը պատասխանեց, թե գնահատման խնդիր է` գերադասում ենք աշխատել ստվերում եւ չունենալ թանկացո՞ւմ, թե՞ չաշխատել ստվերում եւ ունենալ թանկացում…
«Թանկանալն էլ հարաբերական է, որովհետեւ եթե տնտեսվարող սուբյեկտները, մասնավորապես, գերադասում են գերշահույթներ ունենալ ու չհրաժարվել այդ շահույթներից, ապա համադրելու եւ գնահատելու խնդիր է, կարծում եմ»,- այս առումով նշեց ՊԵԿ փոխնախագահը:
Վախթանգ Միրումյանը նշեց, թե օրենքում հստակ նշված է, որ դրոշմապիտակի գումարը ենթակա է նվազեցման հարկ վճարողի հարկային պարտավորություններից: Այսինքն` պետությունն ինքն է ֆինանսավորում դրոշմապիտակի արժեքը, եւ դա սպառողի վրա որեւէ ազդեցություն չպետք է ունենա: Իսկ լրագրողների դիտարկմանը` բայց ունենում է, հակառակ դեպքում` ինչո՞ւ են ապրանքները թանկանում, ՊԵԿ փոխնախագահը պատասխանեց. «Մենք չունենք, համոզված եմ, որ դուք էլ չունեք որեւէ հստակ վերլուծություն, որ գների թանկացման միակ պատճառը դա է եղել: Գների թանկացման պատճառը տարբեր է եղել` հումքի, ռեսուրսների թանկացումները: Հիմա եթե դուք ունեք հստակ գնահատականներ, թե գների թանկացման որ մասն էր հստակ պայմանավորված դրոշմապիտակներով, կարող եք ներկայացնել, եւ մենք կուսումնասիրենք»:
Լրագրողները հետաքրքրվեցին` այսինքն` մենք այժմ ստվերի դեմ չենք կարողանում արդյունավետ պայքարել եւ անցնում ենք ծայրահե՞ղ միջոցների, քանի որ նորմալ երկրներում այդպիսի լայն սպառման ապրանքները չեն դրոշմապիտակավորվում: Վախթանգ Միրումյանն էլ այս առումով նշեց, թե դա ծայրահեղ միջոց չէ, այլ միջազգային պրակտիկայում ընդունված արդյունավետ միջոց: Որպես միջազգային պրակտիկայի օրինակ` ՊԵԿ փոխնախագահը ԱՊՀ երկրներից թվարկեց Վրաստանի, Բելոռուսի օրինակները, որոնք կիրառում են նման պիտակավորում: