Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը պատասխանել է Yerkir.am-ի հարցերին:
-Պարոն Վերանյան, ինչպե՞ս կազդի Լիբերմանի հրաժարականն Իսրայելի կոալիցիոն կառավարության ճակատագրի վրա, հաշվի առնելով այն փաստը, որ նա հայտարարել է իր կուսակցության՝ կոալիցիոն կառավարությունից դուրս գալու մասին։ Կգնա՞ արդյոք Իսրայելը դեպի արտահերթ խորհրդարանական ընտրությունների։
- Չեմ կարծում, որ Լիբերմանի հրաժարականը կհանգեցնի այդ երկրի ներքաղաքական լուրջ լարվածության: Կոալիցիոն կառավարությունից Լիբերմանի գլխավորած «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության դուրսգալով այլևս նախկին պաշտպանության նախարարը մտադիր է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով:
Միևնույն ժամանակ, սակայն, շատ բան կախված է նաև կոալիցիոն կառավարության մյուս իշխանական թևից, որը ներկայացնում է Լիկուդ կուսակցությունը` վարչապետ Նեթանյահուի գլխավորությամբ:
Իվերջո, կոալիցիոն կառավարությունում ստեղծված իրավիճակը պայմանավորված է իշխանական թևերի միջև երկխոսության հնարավորությունից, հակառակ դեպքում, Լիբերմանն իր կուսակցությունով կարող է անցնել ընդդիմություն:
Այդ առումով կարևոր է ընդգծել, որ Նեթանյահուն ու Լիբերմանն ունեն քաղաքական համագործակցության բավական երկար ու լուրջ փորձառություն` լի հակասություններով ու դրանց հաղթահարման ռեսուրսներով, ուստի, այս անգամ ևս կողմերը կարող են գտնել իրավիճակից դուրս գալու հնարավորինս արդյունավետ ճանապարհ: Ավելին, կոալիցիոն կառավարությունից Լիբերմանի գլխավորած կուսակցության դուրս գալու դեպքում նույնիսկ Նեթանյահուն կշարունակի ստանալ Քնեսեթում պառլամենտական մեծամասնության աջակցությունը:
Կարծում եմ, որ կոալիցիոն կառավարության պատասխանատուները արտահերթ ընտրությունների ճանապարհով գնալու հարցում առանձնակի ուշադրություն կդարձնեն արտաքին մարտահրավերներին և մասնավորապես Գազայի հատվածում ստեղծված բավական թեժ ռազմական իրադրության հանգամանքին, որպեսզի երկրի ներքաղաքական իրավիճակը զերծ մնա քաղաքական հնարավոր ցնցումներից: Նշեմ նաև, որ պաղեստինյան կողմին գոհացնում են Լիբերմանի հրաժարականը և դրան հաջորդող տարաձայնությունները, որոնք կան Իսրայելի կոալիցիոն կառավարությունում:
- Լիբերմանի հրաժարականին հետեւող ներիսրայեծական քաղաքական զարգացումները ինչպե՞ս են կարող ազդել Մերձավոր Արեւելքի իրադարձությունների վրայ՝ ընդհանրապես, իսկ պաղեստինա֊իսրայելական խաղաղության բանակցությունների վրա՝ հատկապես։
- Նախ` Լիբերմանը հանդիսանում է պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում ամենակոշտ դիրքորոշմամբ աչքի ընկնող իսրայելցի քաղաքական գործիչներից մեկը: Երկրորդ` սա հնարավորություն կտա պաղեստինյան կողմին մոբիլիզացնել քաղաքական, ռազմական ռեսուրսները: Ի դեպ, Լիբերմանի հրաժարականը պայմանավորված էր նրանով, որ Նեթանյահուն համաձայնել է Գազայի հատվածում կրակի դադարեցմանը, ինչին կտրականապես դեմ էր Լիբերմանը: Ուստի, կարծում եմ, այս հրաժարականը իրավիճակային առումով որոշակի հնարավորություն կարող է տալ հակամարտության կողմերին ուղիներ գտնելու պաղեստինա-իսրայելական բանակցությունների արդյունավետության բարձրացման համար, որոնք վերջին շրջանում կրում են իմիտացիոն բնույթ և չունեն լուրջ դրական արդյունքներ: