Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աքսիոմատիկ ճշմարտություն է. եթե ինչ որ բան չի արգելվում, ուրեմն մարդու իրավունքն է անել կամ չանել դա:
Հայաստանյան կառավարման համակարգում, սակայն, աքսիոմատիկ ճշմատրությունները կատեգորիա չեն: Դա ապացուցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ազգային ժողովում անդրադառնալով ՍԴ-ի կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակին վերաբերող օրենքում կենսաթոշակային վճարները գործատուների կողմից չփոխանցելու դեպքում նախատեսվող պատասխանատվությանն առնչվող հոդվածի գործողությունը կասեցնելուն, բառացիորեն ասում է հետևյալը. «Ցանկացած պարտաճանաչ գործատու պետք է կատարի օրենքով սահմանված իր գործառույթները՝ թեեւ ՍԴ-ն կասեցրել է այն սանկցիաների կիրառումը, որոնք կարող են հետեւել չկատարելու դեպքում»:
Ակնհայտ է, որ ՍԴ այս որոշումից հետո գործատուի կողմից կենսաթոշակային վճարումներ չկատարելը դառնում է իրավունքի հարց այնքան ժամանակ, քանի դեռ այս մասով վերջնական որոշում ՍԴ-ն չի ընդունել: Այսինքն նա կարող է փոխանցել վճարը, բայց կարող է նաև չփոխանցել և դրա համար նրան, ՍԴ որոշմամբ, չեն կարող պատժել: Տրամաբանությամբ առաջնորդվելուց, սակայն, գործադիրը հրաժարվում է միտումնավոր: Կառավարությունը չի կարող հանդուրժել, որ փոխանցումները, որոնք պետք է հետագայում հանգրվանեն կենսաթոշակային ֆոնդերում, չկատարվեն: Հետագայում կարող է խնդիր առաջանալ այս ամիսների վճարումները կատարելու համար: Պատահական չէ, որ Կառավարությունն այդպես էլ չի պարզաբանում՝ եթե օրենքի այդ կետը ճանաչվի սահմանադրական, հունվարի և փետրվարի համար փոխանցումները պետք է ընդունե՞ն, թե՞ ետ վերադարձնեն քաղաքացիներին: Փոխանցումը կատարելու դեպքում մեծամասամբ այդ խնդիրը վերանում է, որովհետև իրենց իրավունքը պաշտպանելու համար քաղաքացին ստիպված է լինելու դիմել դատարան՝ գուցե շատ ավելի ծախսեր կատարելով և ավելորդ գլխացավանքի մեջ մտնելով, ինչին շատերը հաստատ չեն գնալու: Բայց մյուս կողմից, ՍԴ այս որոշումը ուղղակի փրկություն էր Կառավարության համար՝ ի սկզբանե պարտադիր կուտակային համակարգը կաթվածից փրկելու իմաստով:
Բանն այն է, որ չնայած օրենքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, սակայն այն ենթակառուցվածքները, որոնք պարտադիր են համակարգը բնականոն աշխատեցնելու համար, դեռևս վերջնականապես պատրաստ չեն: Բացարձակ պատահական չէ, որ ՍԴ-ն կասեցրել է օրենքի հատկապես այն հոդվածի գործողությունը, որը վերաբերում է մինչև 2014-ի հունվարի 1-ը այդ համակարգում ընդգրկված քաղաքացիների կողմից կենսաթոշակային ֆոնդ ընտրելուն: Օրենքի այդ հոդվածն արդեն խախտվել է այն պարզ պատճառով, որ համակարգ մտած քաղաքացիները մինչև սահմանված վերջնաժամկետը ընտրություն չեն կատարել, և այդ ուղղությամբ աշխատանքները գործադիրը պարտադրաբար սկսել էր միայն հունվարի կեսերից:
Մարդիկ համառորեն չեն շտապում՝ դրանով ցույց տալով իրենց բացահայտ անվստահությունն այդ համակարգին: Եվ մտավախությունները տեղին են: Որպեսզի համակարգը սկսի գործել և կառավարելի լինի շահառուների համար, դրանում ընդգրկվող քաղաքացիները պետք է ձեռք բերեն ոչ միայն նույնականացման քարտեր, այլև նույնականացման քարտ կարդացող սարք և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն: Բայց Կառավարությունը դեռևս չի հրապարակել, թե քանի մարդ է արդեն իսկ ապահովել այդ բոլոր պայամնները: Չի բացառվում, որ այդպիսիներին նույնիսկ մատների վրա չի կարելի հաշվել: Կարճ ասած՝ չնայած գործադիրը հավաստիացնում էր, թե հունվարի 1-ին համակարգը վերջնականապես պատրաստ կլինի գործողության մեջ դրվելուն, բայց չի հասցրել դա ապահովել: Նման պայմաններում վճարումներ ընդունելը իսկական սոդոմ-գոմորի էր վերածելու այս համակարգը և դեռ չներդրված վերջնականապես փլուզելու էր մի քանի անուղղելի լավատեսնելի մոտ անցած մնացած հավատի նշույլները: Չի բացառվում, որ ՍԴ-ն պարզապես ձեռք է մեկնել կառավարությանը, և սա շատ լավ պլանավորված խաղ է՝ պարզապես ժամանակ շահելու և ենթակառուցվածքներն ապահովելու համար:
Որևէ մեկը չի կասկածում, որ նոմենկլատուրայի շահերը սպասարկող ՍԴ-ն չէր կարող վերցնել ու ջուրը լցնել իշխանության մի քանի տարիների ամբողջ աշխատանքը՝ մանավանդ այն դեպքում, երբ 2014թ. պետական բյուջեն կազմվել է հենց այս բարեփոխման հենքի վրա: Կառավարությանը նման հարված հասցնելը հավասարազոր է նրա վստահության հարցն առաջադրելուն: Բայց խնդիրը Կառավարությունը չէ, այլ նախագահը, ով ընդամենը մեկուկես-երկու ամիս առաջ հայտարարեց, որ դրական է տրամադրված պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը և անձամբ է զբաղվել դրանով: Հետևաբար այն տրամադրությունները, թե ՍԴ-ն վերջապես անցնում է իր լիազորությունների հստակ ու անկողմնակալ կատարմանը, առայժմ դեռ ընդամենը քմծիծաղ են առաջացնում:
Գևորգ Աղաբաբյան