|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԺ արտահերթ նիստում, նախքան 2014թ. բյուջեի քվեարկությունը, եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ քննարկումների արդյունքում բազմաթիվ առաջարկություններ ընդունվեցին, տասնյակ առաջարկություններ քննարկման դրվեցին, որոնցից 27 տոկոսն է մերժվել կառավարության կողմից:
Նա ներկայացրեց այն առանձնահատկությունները, որոնք ներառված են բյուջեի նախագծում: ՀՀ-ն ձեռնամուխ է եղել միանալ Մաքսային միությանը, դա նշանակում է մեծածավալ աշխատանք, օրենսդրության փոփոխություն, որը կարող է շոշափելի արդյունքներ ապահովել տնտեսության համար: Վարչապետը նշեց, որ արդյունաբերական քաղաքականությունն արդեն տալիս է արդյունքներ, մասնավորապես` կոնյակագործություն, գինեգործությանն, ՏՏ ոլորտի ու դեղագործության բնագավառում: Ձեռք են բերվել հարաբերական առավելություններ թեթև արդյունաբերության ոլորտում, հատկապես` կոշկագործության և տեքստիլ արդյունաբերության ոլորտում:
Տիգրան Սարգսյանի խոսքով` հաջորդ առաջնահերթություններից պետք է լինի բիզնես միջավայրի բարելավումը, հարկային ու մաքսային վարչարարության դատարական համակարգի ու շինարարության ոլորտում ներդրումների մեխանիզմների կատարելագործումը:
Վարչապետն անդրադարձավ մի քանի օրից գործողության մեջ մտնող պարտադիր կուտակային համակարգին: Նա նշեց, որ երկիրը դրան նախապատրաստվել է տասը տարի: Դրա վրա աշխատել են երկու նախագահներ, երեք վարչապետեր, կոալիցիոն գործընկերներ, տասնյակ մասնագետներ ու փորձագետներ: Այդ ընթացքում եղել են լայնածավալ քննարկումներ, նաև` ԶԼՄ-ների մասնակցությամբ:
«2009-2010թթ. ընթացքում որոշեցինք ընդառաջել մեր ընդդիմախոսներին և ռեֆորմը գործ մեջ դնել 2014թ. հունվարի 1-ից»,- ասաց վարչապետը:
Նա շեշտեց, որ կենսաթոշակային բարեփոխումներն ամբողջ աշխարհում համարվում են բարդագույնը, քանի որ առնչվում են քաղաքացու և տնտեսական համակարգի բոլոր ոլորտներին:
«Մենք քաջ գիտակցում ենք որ, ներկայումս տրվող թոշակի մակարդակը բավարար չէ արժանապատիվ կյանքի համար: Հարյուրհազարավոր քաղաքացիներ, որոնք ապրում են թոշակների հաշվին, աղքատության շեմից ցածր են գտնվում: 270 միլիարդ դրամ լրացուցիչ գումար է պետք, բայց դա մեր պետության համար այնպիսի բեռ է, որը չենք կարող դնել բյուջեի վրա»,- ասաց վարչապետը:
Նա նշեց, որ խնդիրը լուծելու համար կա'մ պետք է ավելացվեին սոցիալական հարկերը, կա'մ փոխվեր կենսթաշակային տարիքը, կա'մ էլ գտնել այլ համակարգ: Նրա խոսքով` խնդիրը ցավոտ է` հաշվի առնելով, որ Հայաստանն ունի ծերացող հասարակություն: Ըստ վարչապետի` ՀՀ-ում շեշտակիերոն ավելանալու է թոշակառուների թիվը, դա նշանակում է, որ սոցիալական բեռը տարեցտարի ավելանալու է, ուստի` արդար համակարգը դա կուտակային կենսաթոշակային համակարգն է:
«Կուտակային կենսաթոշակային համակարգը արդար է, քանի որ հաշվի է առնում մարդու անձնական վաստակը: Այսուհետ ապահով ծերության համար պատասխանատու է ոչ միայն պետությունը, այլ աշխատող քաղաքացին, ահա` ինչու ասում ենք` յուրաքանչյուր քաղաքացի պետք է պետության հետ միասին մտածի իր ծերության համար»,- ասաց նա` հավելելով, որ կուտակված միջոցները խթանելու են տնտեսության զարգացումը:
Վարչապետը շեշտեց, որ այդ ռեֆորմը բացառիկ հնարավորություն է հաղթահարելու այն ծուղակը, որում հայտնվել են քաղաքացիները սերունդների համերաշխության համակարգի ներքո: Խոսելով համակարգի դեմ բողոքող քաղաքացիների մասին` Տիգրան Սարգսյանը նշեց, որ դա հասկանալի է, որովհետև ցանկացած ռեֆորմ դժվարություններ է ստեղծելու, վարքագծի կանոնների փոփոխություն է մտցնելու, ինչը հեշտ չի տեղի ունենում:
«Մենք համոզված ենք, որ կենսաթոշակային համակարգը արժանանալու է քաղաքացիների դրական գնահատականին ապագայում: Մենք մտածում ենք ապագա սերունդների մասին և, կրելով քաղաքական պատասխանատվություն, ասում ենք, որ հապաղել չի կարելի, օր առաջ պետք է ներդնել այս համակարգը»,- ասաց նա: