կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-19 18:12
Քաղաքական

Ընդդիմության շպրտած ցեխը մեզ չի ցեխոտում. Գալուստ Սահակյան

Ընդդիմության շպրտած ցեխը մեզ չի ցեխոտում. Գալուստ Սահակյան

ՀՀԿ-ի հետ նաև ժողովուրդն է: Դա գալիս է նրանից, որ ընդդիմությունը օրակարգ չունի: Իրենք իրենց միակ գերխնդիրը դարձրել են իշխանություն գալը, այն էլ՝ ԱԺ պատերի մեջ կամ Երևանի փողոցներում՝ ասֆալտի վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` պատասխանելով այն հարցին` արդյո՞ք ընդդիմությունը սևացնում է իշխանության նախաձեռնությունները, ինչպես ԵԿՄ համագումարում ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

«Ուրիշ հոգս, ծրագիր, մոտեցում, որևէ քննարկվող նյութ չունեն: Ցեխ են շպրտում, բայց ամենակարևորը նա է, որ էդ ցեխը մեզ չի ցեխոտում, պարզապես վարկաբեկում է իրենց»,- ասաց նա: 

 

Գալուստ Սահակյանի խոսքով` հնարավոր է, որ ժողովուրդն իշխանություններից գոհ չէ, որովհետև ժողովուրդն առաջնորդվում է իր ցանկություններով, ոչ թե հնարավորություններով, բայց ժողովուրդը գոհ չէ նաև ընդդիմությունից: «Քանի-քանի անգամ հավաքեցին, հոխորտացին, գլուխ գովացին, թե` հեսա գալիս ենք, ամեն ինչ բերում ենք, անում ենք, բայց ժողովրդին թողեցին, որ իրենց տները գնան: Հիմա նորից գարուն է, օրերը կտաքանան, նորից դուրս կգան, Երևանի ասֆալտի վրա որոշումներ կկատարեն, էլի ցեխ կշպրտեն քաղաքական որոշ ուժերի վրա, հետո կտեսնեն, որ էդ ցեխից ավելի շատ իրենք են ցեխոտվում, մրոտվում, քան մենք»,- ասաց Գալուստ Սահակյանը:

 

Խոսելով ոչ իշխանական 4 ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու մասին` Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, որ թեև 4 ուժերը համատեղ են հանդես գալիս, սակայն ՀՀԿ-ն այս դեպքում էլ նրանցից երկու անգամ շատ է: Գալուստ Սահակյանի համոզմամբ` այդ չորս ուժերը կանխավ գիտեն` հնարավոր չէ պահանջել կառավարության հրաժարականը:

 

«Վերջին հաշվով, եթե նույնիսկ այդ ճանապարհով գնան, էլի մենք ենք առաջադրելու, չէ՞, վարչապետ: Ընդդիմությանը այս երկու օրը կեսկատակ-կեսլուրջ ասացի, որ` այ եթե այդ չորս ուժերով ներկայացնեք հասարակությանը` ձեզնից ո՞վ պիտի վարչապետ դառնա, միանգամից արդեն քննարկելի կդառնա ձեր հարցը: Բայց մարդիկ գլխի ընկան, որ իրենք չեն կարող, այնքան ամբիցիաներ ունեն, որ չեն կարող այդ չորս ուժերով մի վարչապետի թեկնածու տան»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ քաղաքական մեծամասնությունը, բնականաբար, մերժելու է այդ նախագիծը, որից հետո այդ չորս ուժերը նորից «քոռ ու փոշման պիտի նստեն, ուրիշ հնարք գտնեն»:

 

«Հիմա գազից թռնում են կուտակային, կուտակայինից թռնում են Որոտան, ու տենց թռչկոտելով, թռչկոտելով...  Հիմա նոր բան են ման գալիս: Թող թռչկոտեն: Մենք գոնե այնպես ենք անում, որ իրենց թևերը չպոկվեն: Ընդդիմությունը չի կարողանում իր դերակատարումը ապահովել քաղաքական դաշտում, լուսանցքում թռչկոտելով է զբաղված»,- ասաց Գալուստ Սահակյանը: