Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2012 թվական, հին ու բարի ժամանակներ: Հենց այդ տարին էլ գրքի համար դարձավ նշանակավոր` Երեւանը հռչակվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Ավելին` 2012-ին տոնում էինք Հայկական տպագրության 500-ամյակը:
Գրքի համաշխարհային մայրաքաղաքումս զարկ տրվեց բաժակաճառերով լեցուն միջոցառումների շարքին, եւ սկսվեց չոփը գերան սարքելու` հայկական ավանդության տոնը: 2012-ից մնացին մի շարք նոր գրքերի շնորհանդեսներ, որոնք, ճիշտ է, նախկինում էլ էին լինում, ուղղակի 2012-ին դրանք իր ներկայությամբ պատվում էր մշակույթի նախարարը, ու, բնականաբար, միջոցառումը լուսաբանվում էր մեծ շուքով:
2013-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարեց. «Երեւանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» ծրագիրը գերակատարվել է: Ներկայացվեց նաեւ, որ Երեւանում բացվել են նոր գրախանութներ, վերանորոգվել եւ տեխնիկապես վերազինվել են մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող 13 գրադարանները»: Հրաշք` Գրքի մայրաքաղաքից մնացած:
Ազգային վիճակագրական ծառայության թվերը, ցավոք, լրիվ ուրիշ ինֆորմացիա են մեզ տալիս: Ի դեպ, վիճակագրությունը ներկայացրել է նախարարությունը:
Սկսենք գրադարաններից` 2008-ին Հայաստանում ունեինք 1034 գրադարան, 2009-ին` 986, 2010-ին` 960, 2011-ին` 948, տա-տա-տա-դամ` Գրքի մայրաքաղաք Երեւանումս 2012-ին գրադարանների թիվը նվազել է` հասնելով 913-ի: Բացատրությո՞ւն` ամեն ինչ արվել է հանուն Գրքի մայրաքաղաքի, վե՛րջ: Մեր օրերում, երբ մեկ գրադարան բացելը տոն է եւ իրադարձություն, Գրքի մայրաքաղաքումս 2012-ին, անհայտ պատճառներով, գրադարանների թիվը կրճատվել է 35-ով: 35 գրադարան` մատաղ` Գրքի մայրաքաղաքին:
Փակված գրադարանների մեծ մասը մարզային գրադարաններ են: Գուցե քանի որ 2012-ին միայն Երեւանն էր Գրքի մայրաքաղաք, դրա համա՞ր եք մարզերը բեռնաթափել գրադարաններից:
Դե, եթե գրադարանների թիվը կրճատվել է, սա ենթադրում է նաեւ, որ ընթերցողների թիվն էլ պետք է նվազած լինի` եթե 2011-ին 1000-ից 578-ն էր օգտվում գրադարաններից, ապա 2012-ին ընթերցողների թիվը 100-ից 574 է դարձել:
Գրքերի եւ բրոշյուրների քանակը /տպագիր միավոր/ նույնպես նվազել է, բայց այստեղ վիճակը հուսալի է` նվազել է ընդամենը 1-ով: Եթե 2011-ին հրատարակվել է 1550, ապա 2012-ին` 1 549 գիրք եւ բրոշյուր:
Արդյոք մտահոգիչ չե՞ն այս փաստերը, չէ՞ որ «Հայկական տպագրության 500-ամյակ» եւ «Երեւանը` 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրերի իրականացման համար կառավարությունը 300 մլն 300 հազար դրամ էր հատկացրել:
Փաստորեն, 300 մլն 300 հազար դրամի միայն կենացներ են խմվել կամ էլ դրսի այս կամ այն գրողին Գառնին ու Գեղարդը ցուցադրել:
Ստացվում է` Գրքի մայրաքաղաքս ջանք չի թափել` գոնե թվեր նկարելու համար մեկ-երկու գիրք ավելի տպագրել` մեկ-երկու գրադարան չփակելու համար:
Կարինե Հարությունյան
Հ. Գ. 2013թ. տվյալների հրապարակվելու պես կանդրադառնանք նաեւ 2013-ի վիճակագրությանը: