կարևոր
547 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-25 18:57
Աշխարհ

Իսրայելը 5 հարված է հասցրել Եմենի մայրաքաղաքին

Իսրայելը 5 հարված է հասցրել Եմենի մայրաքաղաքին

Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի տարբեր շրջաններին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական իշխանությունների աղբյուրին։

«Իսրայելական կործանիչները հինգ հարված են հասցրել Սանայի տարբեր շրջաններին, ևս երեքը՝ նրա արվարձաններին։ Նրանք շարունակում են գտնվել Եմենի մայրաքաղաքի երկնքում»,-ասել է աղբյուրը։

Իսրայելի ղեկավարությունը խոստացել է պատասխանել Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հութիներ) շիական շարժմանը այսօր Էյլաթ քաղաքի վրա նրանց հարձակման համար, երբ անօդաչուի ընկնելու հետևանքով ավելի քան 20 մարդ էր վիրավորվել:

«Երեքշաբթի Եմենի զինված ուժերի առաջին գործողությունն ուղղված է եղել օկուպացված Յաֆֆայի շրջանում (Թել Ավիվում- խմբ.) սիոնիստական հակառակորդի խոցելի թիրախին՝ «Պաղեստին-2» գերձայնային բալիստիկ հրթիռի օգնությամբ, իսկ երկրորդը՝ «Ռամոն» օդանավակայանին՝ օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Ումմ էր Ռաշրաշ շրջանում, որտեղ ԱԹՍ է օգտագործվել»,-հայտարարել է հութիների ԶՈւ ներկայացուցիչ Յահյա Սարիան Al Masirah հեռուստաալիքի եթերում:

Հութիները 2023 թվականի վերջից հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել Իսրայելի ուղղությամբ՝ իրենց գործողությունները բացատրելով Գազայի պաղեստինցիների հետ համերաշխությամբ, որտեղ շարունակվում է իսրայելական ռազմական գործողությունը: Այս հարձակումների մեծ մասը կանխվել են հակահրթիռային պաշտպանության միջոցներով, սակայն արձանագրվել են նաև հարվածներ Իսրայելի տարածքում։ Ի պատասխան ՑԱԽԱԼ-ը մի քանի մասշտաբային օդային գործողություն է իրականացրել Եմենում հութիների օբյեկտների դեմ, ներառյալ նավահանգիստները, էլեկտրակայանները, գործարանները և Սանայի օդանավակայանը: