կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-22 19:54
Քաղաքական

Մյուս գալուց կիմանա` ես իր ընկերն եմ, թե` ոչ. Հակոբ Չաքրյանը` թուրք ազգայնականի մասին

Մյուս գալուց կիմանա` ես իր ընկերն եմ, թե` ոչ. Հակոբ Չաքրյանը` թուրք ազգայնականի մասին

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը ծանոթներից է իմացել, որ թուրք ազգայնական Հասան Օքթայը համացանցում իր մասին էլ է գրառում կատարել, տեղադրել համատեղ լուսանկարներ ու իրեն նշել որպես լավ ընկեր: Որ Հասան Օքթայը ազգայնամոլ է, կապ ունի «Գորշ գայլերի» հետ, Հակոբ Չաքրյանը կռահել ու իմացել է նրա հետ ծանոթանալու ամենասկզբից: Այս մասին նա ասաց Yerkir.am-ին: Բացի այդ' Հակոբ Չաքրյանը նշում է, թե Օքթայը պատմաբան է, ավելի ճիշտ' էր, որովհետեւ այժմ գլխավորում է Կովկասի ռազմավարական հետազոտությունների կենտրոնը: Նա ակնհայտ է համարում, որ այդ կենտրոնը պետական ֆինանսավորում ունի:

 

«Նրա հետ ես ծանոթացա, եթե չեմ սխալվում, 5-6 տարի առաջ: Այն ժամանակ նա ինձ ասել էր, թե որ կուսակցության անդամ է' խոսքը «Ազգայնական շարժում» կուսակցության մասին է, որը համարվում է «Գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությունը: Այսինքն' տեղյակ եմ եղել: Նա հաճախակի է գնում-գալիս, եւ ծանոթների բավական մեծ ցանց ունի Հայաստանում' Երեւանում, Գյումրիում: Նա Գյումրի էլ է հաճախակի գնում-գալիս: Թե ինչո՞վ է զբաղվում, Աստված գիտի: Նա կապ հաստատեց ինձ հետ, ուզեց հանդիպել ինձ հետ, ասաց, որ ուզում է գալ Էջմիածին' ես այնտեղ եմ ապրում, ասացի` արի»,- իրենց հանդիպման մասին պատմեց Հակոբ Չաքրյանը:

 

Թուրքագետին էլ թուրք ազգայնականն ասել է, թե ուզում է իր կենտրոնի մասնաճյուղը բացել Հայաստանում: Իսկ Չաքրյանի պատմելով' ինքն էլ ասել է, թե դա հնարավոր չէ, քանի որ հայկական այդպիսի որեւէ կենտրոն Թուրքիայում չի գործում: Թուրքագետին էլ այդ հանդիպման ժամանակ հետաքրքրել է, թե Սեւծովյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում Դավութօղլուի այցը Հայաստան ինչպես է անցել: Այդ առումով Օքթայը Չաքրյանին ասել է, թե Դավութօղլուի հայաստանյան հանդիպումը լավ չի անցել, Թուրքիայի համար վատ է անցել:

 

Հետո Օքթայը հետաքրքրվել է Ղարաբաղյան հարցին Թուրքիայի մասնակցության հավանականության  վերաբերյալ Չաքրյանի տեսակետով:  Թուրքագետն էլ, ինչպես պատմեց Yerkir.am-ին, ասել է, թե  Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում' գերտերություններ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ, ի դեմս Ֆրանսիայի' Եվրամիության  մասշտաբով, որոնք սեփական նախաձեռնությունների նկատմամբ խանդոտ վերաբերմունք ունեն, եւ Թուրքիային, միեւնույն է, չեն թողնի խառնվել բանակցային գործընթացին:

 

Այն առումով, որ Օքթայն իրեն նշում է որպես իր լավ ընկեր, Չաքրյանն ասաց. «Ես տեղյակ չեմ, քանի որ «Ֆեյսբուք»-ում գրանցված չեմ, իսկ նրա էլեկտրոնային նամակներին էլ չէի պատասխանում»:

 

Մեր դիտարկմանը' Չաքրյանի հետ հանդիպելու, շփվելու նախաձեռնությունը Օքթայի  կողմից է եղել' սեփական ակնկալիքներով, իսկ ի՞նքն ինչ նկատառումներից ելնելով է թուրք ազգայնականի հետ հանդիպել, Հակոբ Չաքրյանը պատասխանեց, թե նրա հարցերին է պատասխանել եւ ասաց. «Ինչ որ «Ազգ»-ում գրում էի, իհարկե նա էլ գիտեր իմ գրածների մասին, այդ համատեքստում էլ նրա հարցերին պատասխանում էի: Իսկ թե համացանցում ի՞նչ գրառումներ է կատարել, ի՞նչ լույսի ներքո է ներկայացրել, գուցե դա Թուրքիայում ինքն իրեն կարեւորելու համար է արել, որպեսզի մնա այդ կենտրոնի ղեկավար: Հակառակ պարագայում` ի՞նչ նպատակ պետք է ունենա, երբ Թուրքիայում ինձ ճանաչում են, իսկ հայկական իշխանությունների դիրքորոշումն էլ Թուրքիայում հայտնի է»:

 

Թուրք ազգայնականի հետ ունեցած լուսանկարի մասին էլ Հակոբ Չաքրյանն ասաց, թե Օքթայն ասել է, որ ուզում է նկարվել իր հետ, ինքն էլ նկարվել է, քանի որ ինքը Հայաստանում թուրքից վախենալու խնդիր չունի:

 

«Հետո' եթե մերժում ես, նա պետք է խուսափել ընկալի` որպես վախ, դա էլ կա: Այսինքն' ինչի է մերժում, ուրեմն ինձնից վախենում է, Հայաստանը մեզնից վախենում է»,- ասաց Հ. Չաքրյանը:

 

Այնուհետև մեկ անգամ ևս անդրադարձավ Օքթայի հետ «ընկերության» թեմային ու նշեց. «Այդ ինքն է ինձ իր ընկերը ներկայացրել: Այնինչ նա անգամ իմ էլեկտրոնային փոստի հասցեն չուներ, նա իմ ընկերը չի: Ասեմ, որ բավականին կասկածելի անձնավորություն է, եւ գիտեի կամ, ավելի շուտ, ենթադրում էի, որ հենց էնպես նա այդքան շուտ-շուտ չի գալիս: Կա'մ արտգործնախարարության, կա'մ որոշակի այլ ծառայությունների հետ համաձայնեցնում ու նոր է գալիս: Այսինքն' Թուրքիայում  եթե մի որեւէ ոչ հայատյաց, ոչ որեւէ մեկին ծառայող այդպես շուտ-շուտ գնա-գա, թուրքական հատուկ ծառայությունները կհետապնդեն նրան, կսկսեն հետաքրքրվել, թե ինչու է այդպես շուտ-շուտ այցելում Հայաստան: Իսկ եթե պրոբեմ չունի, նաեւ այդ կենտրոնն է ղեկավարում, ուրեմն այդ ծառայությունների կամ արտգործնախարարության հետ հարաբերությունների մեջ պետք է լինի: Դա ինձ համար միանշանակ պարզ էր' ի սկզբանե: Նա չգիտեր, որ ես Թուրքիայից եմ եկել Հայաստան, ու երբ կուսակցության անունը տվեց, ես անմիջապես հասկացա, թե ինչի մասին է խոսքը: Նորից եմ ասում' նա իմ ընկերը չէ, ինքն էլ մյուս գալուց կիմանա' ես իր ընկերն եմ, թե` ոչ... Համենայն դեպս, նրանից վախենալու խնդիր չունեմ»: