Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ավագ սերժանտ Գեւորգ Գեւորգյանն ասում է, որ առաջին գծում կանգնած զինվորը ոչնչից չպիտի վախենա, քանի որ սեփական հողին է կանգնած, որտեղից ոչ մի դեպքում քայլ անգամ հետ չի գնա:
Գեւորգյանն արդեն մեկ ամիս է` պայմանագրային ծառայության է անցել: «Որոշեցի բանակ վերադառնալ, որովհետեւ հայրենիքի պաշտպանությունից ավելի նվիրական գործ չկա: Իսկ դա ամենակարեւորն է հայ տղայի համար: Եկա, որպեսզի ինչ-որ բանով պիտանի լինեմ հայրենիքիս»,- այսպես է իր որոշումը հիմնավորում ավագ սերժանտը, ով, ի տարբերություն, պարտադիր զինծառայության տարիների, այժմ զգում է այն պատասխանատվությունը, որ դրված է իր վրա: Ինչպես ինքն է ասում՝ մի ամբողջ դասակի համար է պատասխան տալիս, ինչպես նաեւ պատասխանատու է բոլոր զինվորների ծնողների առաջ:
Ավագ սերժանտին մեր այցելության ժամանակ հանդիպեցինք Մարտունու ուղղությամբ դիրքերից մեկում, որտեղ մարտական հերթապահություն անցկացնող զինվորներին, բացի ՊԲ ղեկավար կազմից, Ամանորը շնորհավորելու էին եկել ԼՂՀ պետական այրեր, լրագրողներ: Այստեղ էր հոր հետ այցելել նաեւ հուլիսին զորացրված Գուրգեն Թադեւոսյանը, որին դիրքում հերթապահություն իրականացնող բոլոր զինվորներն էլ գիտեն, քանի որ հենց այդ երիտասարդի նախաձեռնությամբ է կառուցվել փոքրիկ եկեղեցին, որտեղ ամեն օր նրանք աղոթք են ուղղում Աստծուն եւ մոմ վառում:
«Մարտական դիրքում եկեղեցին ուժ է տալիս զինվորին, դրա համար էլ մտածեցի կառուցել: Դա արեցի ծառայությանս ընթացքում, ինչի համար շատ հպարտ եմ: Նաեւ նրա համար, որ ընկերներս այն ավելի են գեղեցկացրել այս մի քանի ամիսների ընթացքում»,- նշում է Գուրգեն Թադեւոսյանը եւ պատմում իր նոր մտահղացման մասին. «Որոշել եմ ամեն տարի գալ ու շնորհավորել մեր տղաների Նոր տարին, այս փոքրիկ եկեղեցում մոմ վառել ու գնալ»:
Երեւանի ճարտարագիտական համալսարանի ռադիոտեխնիկայի ֆակուլտետի ուսանողը նաեւ ավելացնում է, որ բանակն իր կյանքում շատ բան է փոխել` նոր ընկերներ է ձեռք բերել, որոնց հետ միասին Նոր տարի են դիմավորել, «իրար թիկունք կանգնել, ինչպես ընտանիքում»:
ԼՂՀ ՊԲ անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետ, գնդապետ Նորայր Մկրտչյանի ուղեկցությամբ այցելած երկրորդ դիրքում էլ էին անհամբեր սպասում, ինչպես զինվորներն են ասում, քաղաքացիական հագուստով մարդկանց: Հակառակորդից շուրջ 120 մետր հեռու հերթապահություն իրականացնող զինվորներն այստեղ նույնպես ոչնչից չեն վախենում, եւ նրանց ուշադրության կենտրոնում իրենց պարտականությունը պատվով կատարելն է:
1 տարի 9 ամիս ծառայած շարքային Շահվերդյանն էլ է փաստում, որ միայն մտածում են սահմանն անսասան պահելու մասին: Այդ ժամանակ են զգում, թե ինչքան պատասխանատու գործ են անում: Հենց այդ ամենն էլ զինվորներին փոխում է: «Ավելի լուրջ ես սկսում նայել կյանքին, ամեն ինչին»,- փաստում է Շահվերդյանը:
Այս դիրքն էլ բացառություն չէր իր հոգեւոր անկյունով: Գնդապետ Նորայր Մկրտչյանի հավաստմամբ՝ ներկայումս բոլոր զորամասերին կից գործող եկեղեցիներ կան, մատուռներ, առաջնագծում՝ հոգեւոր անկյուններ, որոնք մոտ երկու ամիս առաջ նաեւ օրհնվել են: Հոգեւոր դաստիարակության աշխուժացումը բանակում, գնդապետի խոսքով, սկսվեց այն պահից, երբ զորամասերում ներդրվեց հոգեւոր սպասավորների ինստիտուտը. հոգեւոր սպասավորները պարբերաբար քարոզներով են հանդես գալիս զորամասերում, տարբեր միջոցառումների մասնակցում:
Մեր այցելության ժամանակ այդ ուղղությամբ կրակոցներ հնչեցին, սակայն, ինչպես գնդապետ Մկրտչյանն է ասում, դիրքերում միշտ էլ լինում են նման խախտումներ, որոնք «չի կարելի կապել որեւէ տոն օրվա կամ հիշարժան իրադարձության հետ»: Հակառակորդը միշտ էլ նման գործողություններով փորձում է լարվածություն ստեղծել եւ որեւէ վնաս հասցնել, սակայն հանդիպում է ղարաբաղյան դիրքապահների վճռական գործողություններին, ստանում արժանի պատասխան:
Մեզ ճանապարհող զինվորները վաղը կդիմավորեն Նոր տարին: Ոմանց համար դա ընտանիքից դուրս առաջին Ամանորն է, սակայն, ինչպես հավաստիացնում է գնդապետ Մկրտչյանը, առաջնագծում եւ մշտական տեղակայման վայրերում փորձում են ստեղծել այնպիսի պայմաններ, որ զինծառայողներն իրենց զգան ինչպես ընտանիքում:
Անահիտ Դանիելյան
Karabakh-open.info կայքի խմբագիր