կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-23 14:12
Հասարակություն

Զորակոչվածն իրավունք ունի որոշում կայացնելու՝ գնա՞ եղբոր մոտ` առաջնագծում ծառայելու, թե՞ ոչ. նախարար

Զորակոչվածն իրավունք ունի որոշում կայացնելու՝ գնա՞ եղբոր մոտ` առաջնագծում ծառայելու, թե՞ ոչ. նախարար

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկույցով հանդես եկավ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը նախարարին մի շարք հարցեր ուղղեց: Ըստ նրա` թեև օրենքը դրական է, կան մի շարք խնդիրներ, որոնք անտեսելը հնարավոր չէ: Պատգամավորը հետաքրքվեց` բանակում սպորտային վաշտը գործո՞ւմ է: Ապա ասաց. «Երկու եղբայրների ծառայելու դեպքում բանակը պետք է չփորձի միջամտել դրան, օրենքը պիտի միջամտի»: Ցոլակյանն ընդգծեց, որ գուցե ծնողը չի ցանկանում, որպեսզի իր երկու տղաներն էլ ծառայեն առաջնագծում:

Սարգսյանը պատասխանեց, որ սպորտային վաշտ կար բանակում, սակայն դա մեծ խնդիր է բանակի համար: «Սպորտային վաշտ` նշանակում է, որ մի շարք քաղաքացիներ զորակչովում են, իսկ պետությունը ծախսեր է կատարում: Զինվորների և սպայական կազմի թիվը հարյուր հոգի էր»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ դա հսկայական ծախս էր պետության համար, մյուս կողմից էլ` այդ զինվորները փաստացի չէին ծառայում, մարզումների մեջ էին: «Ինքնախաբեությամբ էինք զբաղվում: Նրանք զորամասում չէին լինում, դա բացարձակ չարդարացված ծախս է»,- նշեց նախարարը:

Սարգսյանի խոսքով`այդ հարցը քննարկել են Օլիմպիական կոմիտեի հետ, և կառավարությունն առաջարկ է ներկայացրել, որ այն զորակոչիկները, ովքեր օլիմպիական չեմպիոն են դարձել կամ զբաղեցրել 1-4-րդ տեղերը, երեք տարով տարկետում ստանան: Նախարարը նշեց, որ եթե հաջորդ անգամ էլ դառնան չեմպիոն, ևս երեք տարի տարկետում կստանան, եթե ոչ` կզորակոչվեն բանակ:

Հաջորդ հարցի վերաբերյալ Սարգսյանն ասաց, որ եթե 18 տարեկան պատանին զորակոչվել է բանակ, նրան տրվում է զենք ու վստահվում սահմանի պաշտպանությունը, իրավունք ունի որոշում կայացնելու՝ ուզո՞ւմ է եղբոր մոտ գնալ` առաջնագծում ծառայելու, թե՞ ոչ։

«Իր հետ կապված հարցերի որոշումը նրան պետք է վստահենք։ Նա ծնողի հետ կխորհրդակցի, թե` ոչ, նրա ու ընտանիքի գործն է», - նշեց նախարարը։

Հիշեցնենք` օրենքով սահմանվում է, որ եթե ավագ եղբոր ծառայությունը 17 ամիսը չի գերազանցում, ապա ցանկացած պահին կրտսեր եղբայրը կարող է գնալ նույն զորամաս` ծառայելու։

Ցոլակյանը նաև մտահոգություն հայտնեց առ այն, որ, ի տարբերություն 20 տարվա ծառայության պայմանագրի, 10 տարով ՊՆ-ի հետ պայմանագիր կնքելու և ծառայելու դեպքում տվյալ անձինք թոշակ չեն ստանա։ «10-ամյա ծառայություն դեպքում սպան թոշակ չի ստանում, դա պրոբլեմ է առաջացնում։ Մենք գիտենք, որ սպան թոշակ ստանում է միայն 20 տարվա ծառայության դեպքում», - նշեց պատգամավորը։

Նախարարն էլ պատասխանեց, որ 18 տարեկանը լրացած անձանց պետք է ընտրելու հնարավորություն տալ, քանի որ նրանցից շատերը կարող է պատրաստ չլինեն երկարաժամկետ ծառայության։ Միևնույն ժամանակ, նա նշեց, որ 10 տարի ծառայելու դեպքում սպան կարող է ժամանակից շուտ չխզել պայմանագիրն ու բացասական հոդվածով չզորացրվել։ Վիգեն Սարգսյանը նաև հույս հայտնեց, որ սպաների համար նախատեսվող արտոնությունները լրացուցիչ խթան կհանդիսանան, որպեսզի քաղաքացիները երկարաժամկետ պայմանագրեր կնքեն: