կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-09 14:46
Քաղաքական

Քայլ առ քայլ ընտրությունները կատարվում են ավելի թափանցիկ ու ավելի օրինական. Հերմինե Նաղդալյան

Քայլ առ քայլ ընտրությունները կատարվում են ավելի թափանցիկ ու ավելի օրինական. Հերմինե Նաղդալյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը խոսեց սահմանադրական հանրաքվեի մասին:

Նրա խոսքով՝  ընտրակեղծիքների և ընտրախախտումների մասին հայտարարությունները պիտի լինեն հստակ, առարկայական, այսինքն՝ փաստարկված: Ըստ Նաղդալյանի` խախտումների մասին զրույցներն իներցիոն են, իսկ որոշ քաղաքական ուժեր հիշողություններ ու պատրանքներ ունեն:

«Եթե չեմ սխալվում, ԿԸՀ-ին ներկայացվել է ընտրախախտումների մասին 78 բողոք՝ վերահաշվարկներ կատարելու մասին, որոնցից 19-ը երեկ վերահաշվարկվել են, ու արդյունքում պարզ է դարձել, որ էական տարբերություն չի եղել: Աշխատանքը շարունակվում է, մնացածը ևս վերահաշվարկվելու է, ու նոր դրանից հետո կերևա՝ նման կարծիքների համար հիմքեր կա՞ն, թե՞ ոչ: Մենք որևէ մեկին համոզելու խնդիր չունենք: Իրողությունն այն է, որ քայլ առ քայլ ընտրությունները կատարվում են ավելի թափանցիկ ու ավելի օրինական: Տեսեք, տարիների ընթացքում այն խախտումների տեսակները, որոնք եղել են 10-15 տարի առաջ, անցել են ընտրության գիրկը, օրինակ՝ տեղամասում լույսերը հանգցնելը, տուփերը գողանալը, ընտրատեղամասերի մոտ ամբողջ գիշերը աղմկելը և այլն »,- շեշտեց Նաղդալյանը:

Ըստ նրա՝ ընտրությունների առումով` Հայաստանում արձանագրված է ռեալ առաջադիմություն: «Երբեմնի աժիոտաժը, փողոցների դրամատիզմը, այլևս չկա, այս ամենը մենք հաղթահարում ենք: Կան, մնացել են դեպքեր, որոնք արվում են, բայց դուք էլ լավ գիտեք, որ բարձրաձայնվում է, ստանում են պատասխան»,- հավելեց Նաղդալյանը: