կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-22 16:45
Քաղաքական

Նման հարց չկա և չի կարող լինել. Նալբանդյանը` Աշոտյանի առաջարկի մասին

Նման հարց չկա և չի կարող լինել. Նալբանդյանը` Աշոտյանի առաջարկի մասին

Աշոտյանն իր անձնական կարծիքն է հայտնել, նման հարց չկա և չի կարող լինել. Հայաստանն Արևելյան Հայաստան անվանելու` ԿԳ նախարարի առաջարկի առնչությամբ  այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

Նա նշեց, որ Աշոտյանն իրավունք ունի իր կարծիքը հնչեցնելու, սակայն ՀՀ ԱԳՆ-ն նման հարց չի քննարկել:

 

Խոսելով ԱԳՆ նոր շենքի կառուցման մասին` ԱԳ նախարարն ասաց, որ հետևում է շենքի կառուցմանը, որովհետև ուզում են, որ ԱԳՆ նոր շենքը լինի ավելի ֆունկցիոնալ ու ավելի հարմարավետ:

 

Իսկ թե ո՞րն է նախարարական իր 6-ամյա գործունեության ամենակարևոր ձեռքբերումը, ԱԳ նախարարը պատասխանեց. «Դա Հայաստանի բարեկամների թվի ավելացումն է, բայց այս վեց տարին չեմ օգտագործել, որ ինձ գովեմ, այլ համբերատար իրականացրել ենք մեր նպատակները»:

 

Պատասխանելով քննադատություններին, որոնք վերաբերում են ԱԳ նախարարի՝ տարատեսակ ոչ կարևոր երկրներ այցելություններին ու այդ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, նախարարը նշեց, որ Լատինական Ամերիկայի բոլոր այն երկրները, ուր այցելել է ինքը, կարևորագույն երկրներ են, և ԱԳՆ-ն մտադիր է ավելի ընդլայնել աշխարհագրությունը, լինել այն երկրներում, որտեղ դեռ չեն եղել ու հաստատել արդյունավետ դիվանագիտական հարաբերություններ:

 

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք Հայաստանը արտաքին քաղաքական մեկուսացման մեջ է, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ հարգանքով է վերաբերվում բոլոր քննադատություններին, թեեւ ոչ միշտ են դրանք իրավացի: Բայց, նախարարի խոսքով, դիվանագիտությունն իրականացվում է հանդիպումների, այցելությունների, բանակցությունների, դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու ճանապարհով:

 

« 2008-ից Հայաստան է այցելել 40 պետության և կառավարության նախագահ, ստորագրվել են 500 միջազգային պայմանագրեր, կարող եմ շարքը շարունակել: Արդյո՞ք դա մեկուսացում է: Մեկ քննադատում են, որ մեկուսացման մեջ ենք, մեկ քննադատում են, որ դիվանագիտական ներկայացուցչություն է բացվում որևէ երկրում, այնպես որ` այդ քննադատությունների մեջ կան հակասություններ: Պետք չէ աշխարհին նայել ասեղի անցքից»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը: