կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-07 13:10
Հասարակություն

Չկա Արցախի հարց, կա Հայաստանի՝ արցախյան հատվածի հարց. Արթուր Խաչատրյան

Չկա Արցախի հարց, կա Հայաստանի՝ արցախյան հատվածի հարց. Արթուր Խաչատրյան

Երեկ Արաբկիր վարչական շրջանի Մերգելյան այգում տեղի ունեցավ հանրահավաք` թիվ 2 ընտրատարածքում առաջադրված ՀՅԴ վարկանիշային թեկնածուների մասնակցությամբ, որին հաջորդեց ռոք համերգ` Mik Aelian ռոք խմբի կատարմամբ:

Հանրահավաքի ընթացքում ելույթով հանդես եկած ՀՅԴ պատգամավորության թեկնածու Արթուր Խաչատրյանը: Նա նշեց, որ մութ ու ցուրտ ձմեռային օրն իրենք կջերմացնեն իրենց կոչերով և հաճելի երաժշտությամբ:

«Այսօր ևս մեկ կայծ կվառվի մեր սրտերում, ևս մեկ անգամ մենք կխոստանանք շարունակել պայքարը մեր ժողովրդի համար, մեր կորցրած իրավունքների համար,  հանուն ազատ մարդու, հանուն համերաշխ հասարակության, հանուն հզոր պետականության»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Դաշնակցական թեկնածուն հավաստիացրեց`  Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, 19-րդ դարից սկսած, միշտ եղել է ժողովրդի կողքին, առաջնորդել ժողովրդին վճռական պահերին, կազմակերպել առաջին ինքնապաշտպանական ջոկատները, կերտել Առաջին Հանրապետությունը, որը հիմք է հանդիսացել այսօրվա մեր հանրապետության ստեղծման համար։

«Չլիներ Առաջին Հանրապետությունը, չէր լինի Սովետական Հայաստանը, ոչ էլ, առավել ևս, այսօրվա մեր Հայաստանը։ Մենք հանդես ենք գալիս մեր ազգային, ավանդական արժեքների պահպանության օգտին։ Ձևը փոփոխվում է, հիմքը, բովանդակությունն է, որ միշտ մնում են նույնը ու ազգին որպես ազգ պահում։ Մենք հանդես ենք գալիս Արցախի հարցում անզիջում դիրեքերից։ Մենք հստակ ասում ենք՝ չկա Արցախի հարց, կա Հայաստանի՝ արցախյան հատվածի հարց։ Եթե մենք այսօր կորցնենք Արցախը, իսկ այդ ամպերը կուտակվում են, նույնիսկ մեր հասարակության մեջ եմ ես տեսնում այդ պարտվողական տրամադրությունները, մենք կկորցնենք մեր Հայաստանը, կփակենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը: Նրանք, ովքեր այսօր խոսում են Արցախի հարցում զիջումների մասին, երբեք չեն եղել Արցախում, իրենց մաշկի վրա չեն զգացել Արցախյան ազատամարտի ցավը, չեն զգացել Արցախյան հաղթանակների բերկրանքը։ Նրանք ընդամենը նայում են վարչական քարտեզին ու ասում ՝ ոչինչ, 5 կիլոմետր այս կողմ, 5 կիլիոմետր այն կողմ՝ որևէ բան չի փոխվի։ Չեն հասկանում, որ այդ 5 կիլոմետրի ամեն մի միլիմետրի համար արյուն է թափվել, և այդ սահմանը գծվել է, որովհետև այդ սահմանն է ապահովում մեր ժողովրդի անվտանգությունը։ Չի կարելի այդքան հանգիստ վերաբերվել այդ զիջումներին։ Եթե մի քայլ հետ արեցիր, հետո էլի մի քայլ հետ կանես, հետո՝ ևս մեկը։ Մի բլուր որ զիջեցիր, այդ բլուրի վրա ադրբեջանական հրանոթները կկանգնեն, ու թե՛ Մարտակերտը, թե՛ Հադրութը, թե՛ Մարտունին և թե՛ Ստեփանակերտը դարձյալ  հարվածի տակ կհայտնվեն։ Մենք պետք է մեր վճռական «ոչ»-ն ասենք այդ չմտածված, զիջողական քաղաքականությանը»,- շեշտեց Խաչատրյանը:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսական վիճակին` նա նշեց, որ ՀՅԴ-ի  տնտեսական քաղաքականությունը էապես տարբերվում է թե՛ այսօրվա իշխանությունների, թե՛ Հայաստանի նախորդ՝ համարյա 28 տարիների իշխանությունների վարած քաղաքականությունից։

«Մենք ասում ենք` սխալ է, որ պետությունը ձեռքերը լվանա տնտեսական քաղաքականությունից`  հույսը դնելով միայն շուկայի անտեսանելի ձեռքի վրա, մտածելով` կգա շուկան և ամեն ինչ լավ կլինի։ Չի լինում այդպես։ Պետությունը պետք է հստակ պատասխանատվություն ստանձնի, պետք է տնտեսական լոկոմոտիվի դեր խաղա։ Վերջ ի վերջո, մենք ենք միակ կուսակցությունը, որն ասում է՝ արժեք ստեղծելուց բացի, նաև այդ արժեքի բաշխման խնդիր գոյություն ունի, սոցիալական արդարության խնդիր կա։ Մարդիկ ծանր տնտեսական պայմաններից այդքան չեն բողոքում, այդքան չեն նեղանում, որքան անարդարությունից, իսկ այդ անարդարությունները մենք ամեն օր ենք տեսնում»,- նշեց թեկնածուն` հավելելով. «Թվերով ասում են՝ մենք տնտեսական աճ ենք արձանագրում, բայց մարդը բացում է իր սառնարանը և ակնկալում, որ այդ տնտեսական առաջընթացը կարտահայտվի նաև իր սառնարանի մեջ։ Չկա նման բան, որովհետև մի փոքր խումբ, որոնք երեկ օլիգարխ էին, այսօր` խոշոր սեփականատեր, գռփում են Հայաստանի՝ բոլորիս ջանքերով ստեղծված արժեքի առյուծ բաժինը և մեզ որևէ բան չեն թողնում»:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի ուշադրության կենտրոնում մշտապես գտնվող սոցիալական արդարության հարցին` Խաչատրյանը կրկնեց, որ Դաշնակցության համար այն մշտապես եղել է հիմնական օրակարգ: Նրա խոսքով` հասարակությունը չի կարող լինել համերաշխ, եթե չկա արդարություն։

«Մենք հանդես ենք գալիս ոչ միայն տնտեսական աճի, այլև սոցիալական արդարության դիրքերից։ Ով ինչքան ներդրում է ունեցել այդ արժեքի ստեղծման հարցում, այդքան իր բաժինը պետք է ստանա ազգային արժեքից, ներառական աճից։ Նայեք մեր թոշակառուներին. մարդիկ ամբողջ կյանքն աշխատել են, այսօր կոպեկներ են ստանում։ Նայեք գործազուրկներին, երեխաներին տրվող նպաստների գումարին: Դեռ զարմանում ենք, որ բնական աճը զրոյի է հասնում։ Ինչպե՞ս պետք է մարդիկ երեխա ունենան, եթե երեխա պահելը մեծամանության համար ճոխություն է։ Մարդիկ չեն կարողանում իրենց երեխաների նվազագույնն ապահովել, կրթության տալ, անգամ հիվանդ ժամանակ նախընտրում են երեխային բուժել պապական, տնական մեթոդներով, որովհետև չունեն այդ գումարները, որ երեխաներին տանեն բժշկի։

Վերջապես, ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք ավելի շատ երիտասարդ ունենք, քան  տարիքով մարդիկ, որովհետև մենք երիտասարդների կողմից ստեղծված կուսակցություն ենք, և մենք ուզում ենք երիտասարդներին տալ երկիր, որ որևէ երիտասարդ երբևիցե չմտածի իր հայրենիքը լքելու մասին։ Երիտասարդներինն է մեր երկրի ապագան։ Մենք երիտասարդներին պետք է տանք կրթություն, աշխատելու հնարավորություն, որովհետև մեր երիտասարդությունը շատ ավելի հայրենասեր է, քան նախորդ սերունդները։ Մենք պարտավոր ենք գործունեության դաշտ ապահովել այդ երիտասարդների համար»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Ելույթի ավարտին թեկնածուն անդրադարձավ նաև շատերի մոտ տարածված այն կարծրատիպին, որ Դաշնակցությունը միայն պահպանողական և հետադիմական կուսակցություն է, քանի որ այդ կուսակցությունից ներս մարդիկ լսում են հիմնականում հայկական երգեր, պարում ազգային երաժշտության տակ:

«Ի հեճուկս այդ կարծիքի` մենք ասում ենք՝ ո՛չ, դաշնակցականները նաև ժամանակակից, արդի երաժշտության և մշակույթի կրողն ու ջատագովներ են։ Եվ պատահական չէ, որ մենք այսօր ընտրել ենք մեր ամենաազգային համույթներից մեկին` ցույց տալու համար, որ ազգային երգերը կարելի է ոչ միայն ավանդական նվագարաններով կատարել, այլ նաև դրանց ժամանակակից տեսք տալ»,- նշեց Արթուր Խաչատրյանը` բեմ հրավիրելով ազգային երգերը ժամանակակից ոճով կատարող Mik Aelian ռոք խմբին: