Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նիստի ժամանակ այսօր իրար չհասկացան ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը եւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Ֆինանսների նախարարը կառավարության հաստատմանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով սահմանվում է, որ մինչև 100 աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների պահպանման ծախսերի նվազագույն գումարը 2014 թվականի համար կազմում է 16 միլիոն 876 հազար դրամ, ներառյալ` ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդը, որը հետագա տարիներին ենթակա է վերահաշվարկման' ելնելով ընթացիկ ցուցանիշներից:
Նախատեսվում էր նաեւ հաստատել, որ 101-ից մինչեւ 300 աշակերտ ու 301 եւ ավելի աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների պահպանման ծախսերի նվազագույն գումարը բաղկացած է 2 մասից' հաստատության պահպանման ծախսերից եւ, աշակերտների թվաքանակից ելնելով, ըստ դպրոցների հաշվարկված ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդից:
Փոխքաղաքապետ նշում էր, թե այս ամրագրումը դեմ է որդեգրված սկզբունքներին ու մոտեցումներին, եւ պահանջեց խմբագրել առաջին կետը, ինչին Դավիթ Սարգսյանը արձագանքեց, թե որոշման այդ նախագիծը ձեռք բերված պայմանավորվածությունների ու որոշումների շրջանակներում է. «Հիմա ի՞նչ է նշանակում, թե այդ կարգն այդ խնդիրը չի լուծում»:
Կամո Արեյանը նշեց, որ եթե ամրագրվի մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցներին հատկացվող գումարը' 16 միլիոն դրամը, ապա իրենց հաշվարկները ցույց են տալիս, որ 100- 300 աշակերտ ունեցող դպրոցների դեպքում առաջանում է դեֆիցիտ: «Դրա համար ես խնդրում եմ` վերախմբագրենք' ըստ հաշվարկների, մոդելը կա»,- նշեց նա:
Դավիթ Սարգսյանն էլ ասաց, թե պատրաստ է երկու օր էլ քննարկել, բայց, միեւնույն ժամանակ, ուզում է տեղեկացնել, որ եթե իսկապես 2 օրվա ընթացքում սա չխմբագրվի, հունվար ամսվա աշխատավարձը մարդիկ չեն ստանա:
«Պրոբլեմն ինչո՞ւմ ա, Դավի'թ, ես լավ չեմ հասկանում: Այդ առաջին կետում, բովանդակային առումով, ինչում ա խնդիրը` որ մենք քիչ ֆինանսավորո՞ւմ ենք տալու առաջին կետի ձեւավորումով»,- նախարարի ու փոխքաղաքապետի լեզվակռվին միջամտեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Ես էլ չեմ հասկանում»,- արագ վրա բերեց Դավիթ Սարգսյանն ու ասաց, թե, իր կարծիքով, ոչ մի նման խնդիր չի առաջանում:
Այնուհետեւ վարչապետը դիմեց հենց Կամո Արեյանին' խնդիրը պարզաբանելու խնդրանքով: Նա էլ նշեց, որ խնդիրն առաջացել է 16 միլիոնն ամրագրելուց: «Ըստ էության, դա չի բավարարելու, որովհետեւ այդ սկզբունքով եթե մենք շարունակում ենք 100-300-ը, իջնում է ոչ ուսումնական կազմի ֆինանսավորման թիվը: Մենք սկզբում գրեցինք ոչ ուսումնական կազմը, վարչական կազմը' գումարած պահպանման ծախսեր: Դրա համար թվերը դրան են բերում: Ես առաջարկում էի, որ մենք այդ իմպերատիվ 16 միլիոնը հանենք առաջին կետից, սկզբունքորեն գրենք, որ, ըստ թվաքանակի, 100, 100-300, 300-ից բարձր»,- ասաց Արեյանը եւ շարունակեց, թե մեկ այլ կետով հնարավորություն է տրված, որ հետագայում վերաբաշխումներ արվեն, բայց խնդիրը չի լուծվում:
Կամո Արեյանը «զինված» էր եկել կառավարություն` իր հետ բերել էր իրենց հաշվարկները' ըստ դպրոցների ու ըստ թվաքանակների: Նա համոզմունք հայտնեց, որ 1-2 օրը բավարար է, որ, ֆինանսների նախարարության հետ աշխատելով, այդ հարցերում պարզություն մտցվի:
Վեճին միացավ նաեւ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ նշեց, թե խնդիրն ավելի շատ առնչվում է մարզերի փոքր դպրոցներին, քան Երեւանի: «Եվ այդ ձեւակերպումը հենց այդ հանգամանքն է հաշվի առել, որովհետեւ, օրինակ, Սյունքի մարզում դպրոցների մի զգալի մասը մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցներն են: Եթե մենք առաջնորդվենք Ձեր ասած սկզբունքով, այդ 16 միլիոն թիվը էականորեն նվազում է, եւ այն աշխատավարձերը, որոնք ստանում էին նաեւ ուսուցիչները այդ 16 միլիոնի շրջանակներում, արդեն դժվարություններ են առաջանալու: Ուստի, հաշվի առնելով այդ հանգամանքը, ֆիքսվել է, որ մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցներին տրվող գումարի թիվը պետք է լինի անփոփոխ, ինչը եւ այսօր էլ կա»,- նշեց Արմեն Գեւորգյանը:
Այսինքն' այդ 16 միլիոնը հաստատագրելը այսօրվա դրությամբ էլ գործում է, բայց որոշման 4-րդ կետով էլ պետք է թույլատրվեր ՀՀ կրթության եւ գիտության նախարարին, մարզպետերին ու Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում, անհրաժեշտության դեպքում, իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարել վերաբաշխումներ' համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ: Այդ վերաբաշխումը նրանք կարող են կատարել 100-300 եւ 300-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցների դեպքում' դեֆիցիտ առաջանալու պարագայում: