կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-16 12:04
Քաղաքական

Այդպես էլ չհասկացան, որ կա ու կմնա Դաշնակցությունը. Հրանտ Մարգարյան

Այդպես էլ չհասկացան, որ կա ու կմնա Դաշնակցությունը. Հրանտ Մարգարյան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի բացման ժամանակ

Արդեն սովորույթի ուժ է ստացել յուրաքանչյուր Ընդհանուր ժողովի առիթով ասել, որ այն բացառիկ ազգային-քաղաքական իրավիճակում է տեղի ունենում։ Այսուհանդերձ, ընդունենք, որ նախորդ ժողովին հաջորդած տարիներից յուրաքանչյուրն իսկապես բացառիկ կարևոր ու լարված է եղել մեր ժողովրդի և կուսակցության համար. հիշենք Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, ապրիլյան քառօրյա պատերազմը, ՊՊԾ գնդի գրավումը, նոր Սահմանադրության ընդունումը, վերջապես`ժողովրդական մեծ շարժումն ու իշխանափոխությունը:

Հատկապես վերջինս և դրան հաջորդած յուրաքանչյուր օրը բերել են մի իրավիճակի, երբ օդում կախված հարցերը չափազանց շատ են, րոպե առ րոպե աճում է լարվածությունը և վտանգի զգացողությունը: Ժամանակահատվածը, քաղաքական պահը շատ լուրջ է, և մենք մեր հերթական ժողովն ենք սկսում:

Պատասխանատվությունը մեծ է։ Անցած քառամյա շրջանը Հարավային Կովկասի համար հատկանշվեց նորանոր ընդհանրություններով, որոնց հիմքում ընկած էր հետխորհրդային տարածքում որոշակի հենակետերի ձևավորման և ապա՝ Միջերկրականից մինչև Կասպիականն ընկած տարածաշրջանի միասնականացման` ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ռազմավարությունը։ Անցած քառամյակում մեր տարածաշրջանը վերածվեց համաշխարհային մրցապայքարի յուրօրինակ առաջնագծի ու նաև մանրակերտի։ Ուստի այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի ներսում, մեր շուրջը տեղի ունեցող բարդ ու վտանգավոր գործընթացի հայելային արտացոլումն է։

Միջերկրականից մինչեւ Կասպիականն ընկած տարածաշրջանի օտար նպատակներին ծառայող ռազմավարության գործադրման առաջին հանգրվանի մեջ էր ներառված Հայաստանը: Այն պետք է իրագործվեր 2015 թվականից սկսյալ, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց: Սկսեց իրագործվել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմով։ Ձախողվեց։ Սակայն հաղթանակած բանակը սկսեց պախարակվել ներքին` կասկածելի ծագում ունեցող խմբակների, հասարակական կազմակերպությունների և արևմտյան պատկանելություն ու ֆինանսավորում ունեցող լրատվամիջոցների կողմից: Ոչ մի բան Հայաստանում չպետք է դրական համարվեր, նույնիսկ սխրանքներ գործած բանակն ու համաժողովրդական զարթոնքը՝ հանուն վտանգված հայրենիքի
պաշտպանության։ Ակնհայտ էր նպատակը՝ վարկաբեկել հաղթանակը, այն կերտած բանակը և ժողովրդական միասնական ալիքը։

Եթե ժամանակին ամեն ինչ արվում էր ներհայաստանյան կյանքում դրական ոչինչ չտեսնելու համար, հիմա նույնն ինքնաբերաբար սկսել է վերաբերել անցյալին, ուր ամեն ինչ ներկայացվում է բացասական երանգի ներքո: Անցյալն ամեն կերպ մերժող այս ընթացքը մեզ տանելու է ինքնակործանման։

Արտաքին գործոնով հնարավոր չեղավ ապակայունացնել երկիրը, վրա հասավ ներքին գործոնը՝ տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը։ Այս անգամ նույն ուժերը՝ կասկածելի ծագում ունեցող խմբակները, հասարակական կազմակերպությունները և արևմտյան պատկանելություն ու ֆինանսավորում ունեցող լրատվամիջոցները, որոնք միշտ հայրենիքի ազատագրման համար մղվող պայքարը համարել ու համարում են տեռորիզմ, ի զարմանս բոլորի, ձայն ձայնի տված պաշտպանեցին ու հերոսացրին ակնհայտ տեռորիստական արարքը։

Թվում էր, թե քառօրյա պատերազմն ու ՊՊԾ գնդի գրավումը կարող են բավարար հիմք դառնալ երկրի ներսում մի շարք բարեփոխումների և երկրում առկա արդարացի դժգոհությունների լիցքաթափման համար, սակայն, ավաղ, բարեփոխումները կրեցին ձևական բնույթ: Արտաքին քաղաքականության առումով սրան գումարվեց Ռուսաստանի նկատմամբ որոշակի նեղվածության դրսեւորումներով պայմանավորված՝ Հայաստանի քաղաքական վերնախավի զգալի մասի արևմտամետ դիրքորոշումը, ինչն էլ հիմք դարձավ թավշյա հեղափոխության խթանման համար։

2018 թվականի դեկտեմբեր 9-ի խորհրդարանական ընտրություններից հետո մեր երկիրը հայտնվել է այդ նույն գործընթացի երկրորդ հանգրվանում։ Ղարաբաղյան հարցի սառեցման ռազմավարությունը սկսում է փոխարինվել գերտերությունների հակամարտությամբ պայմանավորված` Միջերկրականից մինչև Կասպիականն ընկած տարածաշրջանում ուժերի վերադասավորմամբ, ինչն իր հիմքում ունի մի կողմից՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, իսկ մյուս կողմից՝ հակաիրանական ճակատ ձևավորելու նպատակադրումներ։

Համաշխարհային մրցապայքարի այս թատերաբեմում, որի մեջ ակամա հայտնվել ենք մենք, նկատի չեն առնվում կոնկրետ երկրների արտաքին ու ներքին քաղաքականության մեջ առկա` առանց այդ էլ չափազանց նուրբ յուրահատկություններն ու շահերը։ Իշխանափոխությունից հետո Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Իրան հարաբերություններում առաջ եկած բարդությունները վկայում են, որ սկսել է գործել մշակված ռազմավարությունը։ Այժմ Ղարաբաղյան հարցում ստատուս քվոյի պահպանման ջատագովն են Ռուսաստանը և Իրանը, ուստի այս պետությունների հետ առաջ եկած հարցերի արագ կարգավորումը այլընտրանք չունի։

Պետք է գիտակցել՝ տարածաշրջանային ներկա քաղաքական ներկապնակում, մեր կամքից անկախ, գտնվում ենք Արևմուտք-Թուրքիա-Ադրբեջան և ՌԴ-ՀՀ-Իրան ռազմաքաղաքական հատման դիրքում։ Առանց որեւէ բեւեռի հանդեպ հակակեցվածք ընդունելու` պետք է ձեւավորել սեփական օրակարգը, որը չի կարող լինել միջազգային ազդեցությունների բաժանման այլոց օրակարգը, այլ պետք է լինի մեր անվտանգությունը, որը խարսխված է ՀՀ առանցքի և ՌԴ-ի հետ ռազմավարական դաշինքի ու դարավոր բարեկամ Իրանի հետ:

Նման պայմաններում տարածաշրջանով շահագրգիռ գերուժերի շահերի միջև հավասարակշռության պահպանման խնդրի հետ անհրաժեշտ է նաև Արցախյան հարցում ներազգային կոնսենսուսի ապահովումը, ինչը, մեղմ ասած, չի կարևորվում մեր այսօրվա իշխանությունների կողմից։

Դժվար չէ հասկանալ, որ մենք մաս ենք կազմել մի ծրագրի, որը գործադրվել է հանգրվան առ հանգրվան՝ քառօրյա պատերազմ, ՊՊԾ գնդի գրավում, իշխանափոխություն, դեկտեմբեր 9-ի` Ազգային ժողովի ընտրություններ։

Թյուրըմբռնումներից խուսափելու համար անմիջապես անդրադառնանք, որ գարնանը տեղի ունեցած իրադարձությունները մենք համարում ենք համաժողովրդական զարթոնք, որը եկավ թոթափելու երկրում երկար տարիներ ծանրացած անարդարությունները։ Այն եկավ վճռական և վերջնական «ոչ» ասելու երկրում առկա խտրական քաղաքականությանը, սոցիալական անարդարությանը, կաշառակերությանը, անգործությանն ու աղքատությանը։ Սակայն ինչ-որ ուժեր լավագույնս օգտագործեցին ժողովրդի արդարացի դժգոհություններն ու պոռթկումը, հետապնդեցին նպատակներ, որոնք ոչ մի առնչություն չունեին ժողովրդի դժգոհությունների, ցանկությունների, պահանջների հետ։

Ժողովրդական շարժումը գեղեցիկ էր ու հուժկու, արդարացի էր ու տարերային եւ, միևնույն ժամանակ, անխուսափելի: Չնայած շարժման առաջնորդների հետապնդած նպատակներն ու ծրագրերը մեզ համար անորոշ էին, այդուամենայնիվ, ուզեցինք հավատալ, որ ժողովրդական նման մեծ ալիքն ընդունակ է զգաստության, պատասխանատվության այնպիսի մակարդակի բարձրացնել նրանց, որ կարողանան ձեռք բերած վստահության բացառիկ մանդատը լավագույնս օգտագործել իրապես ազգային, անկախ, ժողովրդավարական հզոր երկիր ունենալու համար։ Մենք համագործակցության ձեռք մեկնեցինք, բանակցությունների մեջ մտանք, Նիկոլ Փաշինյանի մակարդակով մեզ հավատացրին, որ հարգանքով են վերաբերվում մեր կուսակցությանը, շատ լավ գիտակցում են, թե մենք ինչի համար և ինչ անելու համար ենք կոալիցիայի մաս կազմել։ Պայմանավորվեցիք հինգ հիմնական հարցերի շուրջ, թվում էր` ամեն ինչ դեպի լավն է գնում, սակայն շատ կարճ ժամանակ հետո հասկացանք՝ ո'չ հարգանք կա, ո'չ պայմանավորվածությունների
նկատմամբ հավատարմություն, ո'չ էլ այլ տեսակետ լսելու հանդուրժողականություն։

Պարզ էր՝ եթե ընդհանուր ծրագիր կա` երկիրն իր ազգային ուղեգծից հանելու, անտեսելու ազգային շահերն ու օրակարգերը, այդտեղ Դաշնակցությունը ոչ միայն տեղ չունի, այլև անընդունելի է: Ուստի ամեն ինչ պետք էր անել այն պառակտելու, վարկաբեկելու համար։ Մի խոսքով՝ հեռու ու մոտ պատմության ընթացքում քանիցս կատարված փորձերի կրկնություն, որոնց հեղինակներն այդպես էլ չհասկացան, որ կա ու կմնա Դաշնակցությունը։

Իհարկե, գլխավորը չի սահմանափակվում կուսակցություն-վարչապետ փոխհարաբերություններով, ուրեմն փորձենք անդրադառնալ մի շարք կետերի, որոնք շատ ավելի ցայտուն կբնորոշեն մեր օրակարգերը և ներկա իշխանությունների էությունն ու որդեգրած ուղղությունը։

Արցախյան օրակարգ

Արցախը վերջին 30 տարիների ընթացքում եղել է մեր կենսագրությունը, մեր գերխնդիրը։ Մի քանի հարյուր ընկերներ մեր շարքերից այս հողի ազատագրման համար են իրենց կյանքը տվել, մեզանից շատերն են իրենց առողջությունը վնասել։ Արցախը եղել է մեր կյանքի իմաստը։ Մեզանից շատերի համար սեփական կյանքն արդարացված է Արցախով։ Հաջորդ սերունդներին թողել ենք ավելի մեծ հայրենիք ու 2-րդ հայկական անկախ հանրապետությունը։

Պայքարը դեռ շարունակվում է, 30 տարի կռիվ է, ու կռիվը դեռ չի ավարտվել։ Կռիվ թշնամու դեմ՝ մեր ազատագրածը հավերժացնելու համար, կռիվ աշխարհի դեմ` Արցախի ազատագրման արդարացիությունն անընդհատ ապացուցելու համար, կռիվ մերոնց հետ՝ կռվից չհոգնելու, չտատանվելու, չշեղվելու, չտկարանալու, չքաղքենիանալու, չնահանջելու, Արցախից ձերբազատվելու նպատակ չհետապնդելու համար։

Անցած 30 տարիներին թե՛ Արցախը՝ իբրև ինքնուրույն, միասնական քաղաքական միավոր, թե՛ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ունեցել են աշխարհը տեսնելու մի միջոց՝ դիտակետ, դա արցախյան դիտակետն է եղել։ Աշխարհը տեսել ենք, աշխարհում ծավալվող իրադարձությունները գնահատել ենք, մեր շահն ամենուր փնտրել ենք արցախյան դիտակետից։

Այժմ վտանգ կա. արտաքին քաղաքականության մեր ձախողումները, ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ
հարաբերություններում առկա, մեղմ ասած, դժվարությունները ուղղակիորեն առնչվում են մեր անվտանգությանն ու Արցախի պայքարին։ Անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները։

Պետության կազմակերպական ընթացքը, բարոյական, քարոզչական մթնոլորտն ամենեևին վստահություն չեն ներշնչում, թե մենք ընթանում ենք չզիջելով զարգանալու ուղիով։ Մենք մի կողմ ենք դրել ազգ-բանակ ծրագիրը, ու լրջորեն չենք պատրաստվում պատերազմի, որպեսզի իսկապես խուսափենք պատերազմից։ Պարտադրված պատերազմ դիմագրավելու համար մեզ պետք է միասնություն, հայրենասիրություն ու պայքարի ոգի, իսկ այն ինչ քարոզվում է այսօր, այլ բան է: Կազմակերպված պետություն, հասարակություն ունենալու փոխարեն մեզ հրամցվում են օտարածին ինչ-ինչ արհեստական օրակարգեր։ Կոտրվում է մեր ժողովրդի միասնության, պայքարի ոգին։

Մեծ շփոթ կա, հնարավոր է նաև գիտակցաբար ստեղծվող շփոթ, որպեսզի հետզհետե ընդունելի դառնա անընդունելին: Ասածս վերաբերում է Արցախյան հարցի շուրջ բանակցություններում մեր դիրքորոշումներին։ Շրջանառության մեջ են դրվել «Տարածքներ խաղաղության դիմաց», «Տարածքներ անվտանգության դիմաց» բանաձևեր, խոսվում է, թե Արցախը պետք է բանակցի, ապա խոսվում է, թե Արցախում իշխանափոխություն պիտի տեղի ունենա։ Իսկ ո՞րն է մեր ռազմավարությունը, ո՞ւր մնաց Արցախի ինքնորոշման փաստը, Արցախի Սահմանադրությունը, որը հաստատվել է ժողովրդական հանրաքվեով։ Արցախի ինքնորոշման փաստի հետ հաշվի նստո՞ւմ է պաշտոնական Երևանը, թե՞ ամեն ինչ նորովի պետք լինի ու քննելի։

Պարզ է՝ քննարկումն առաջին քայլն է` անընդունելին հասկանալի, իսկ հետագայում նաև ընդունելի ու նույնիսկ ցանկալի դարձնելու համար։ Բայց մեր ժողովուրդը անգամներ է փաստել՝ Արցախը մերն է, ու վերջ։ Մնացածը զուր ջանքեր են։

Կա ընթացք`Արցախն իբրև ինքնուրույն, միասնական ազդակ հայկական քաղաքական իրականությունից դուրս մղելու։ Ճիգ կա ապակայունացնելու Արցախի ներքաղաքական կյանքը, որի միակ նպատակն այն է, որ համահայկական կյանքում Արցախը դադարի ինքնուրույն, միասնական գործոն լինելուց։ Արցախում ևս «սև ու սպիտակ»-ի բաժանում են ուզում մտցնել: Ուզում են, որ ոչ ոք Արցախի անունից խոսելու ինքնուրույն իրավունք չունենա, իսկ խոսելու դեպքում ակամա «սև» կամ «սպիտակ» համարվի։

Արցախը պետք է մնա միասնական, ոչ ոք իրավունք չունի Արցախը սպիտակ կամ սև ներկելու։ Արցախը պետք է մնա ազգային, ինքնուրույն, վճռական հայկական հզոր ազդակ համազգային մեր կյանքում։

Սոցիալական արդարություն

Սոցիալական անարդարության զոհը ժողովրդական լայն զանգվածներն են, հետևաբար` առանց սոցիալական արդարության չկա ամբողջական արդարություն։

Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։

Հ․Յ․Դաշնակցության համար սոցիալական պետության հիմնական առաքելությունը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար
աղքատությունից զերծ կյանքի ապահովումն է։

Այսօր ևս կիրառվում է նույն տնտեսական քաղաքականությունը, ինչ նախորդ իշխանությունների օրոք՝ նեոլիբերալիստական տնտեսական քաղաքականություն, ուր օրըստօրե, պետության հարստության բևեռացմանը զուգընթաց, մեծանում է աղքատությունը։ Հայաստանում այդպես էլ դեռ չի հաստատվել Սահմանադրությամբ նախատեսված սոցիալական ուղղվածության տնտեսական կարգը։ Տնտեսական այնպիսի կարգ, որը պետք է ապահովի Հայաստանի և Արցախի առաջընթաց զարգացումը շրջափակման ու պատերազմական պայմաններում։

Մեզ համար սոցիալական արդարության հարցը ազգային հարցերի հետ շաղկապված հիմնական օրակարգ է։

Ժողովրդավարություն և արդարադատություն

Ժողովրդավարությունը նախ հակառակ, այլ տեսակետ ու կարծիք հանդուրժելու մթնոլորտի ստեղծման մեջ է, մինչդեռ ներկայումս մեզ մոտ այլ է` հակառակ տեսակետն ընդունվում է հիստերիայով, ահաբեկումով, լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում սանձազերծվող արշավով: Իսկ դատական համակարգը, անկախ նրանից, թե որքանով է կարող արդարամիտ լինել, ակնհայտորեն ենթակա է ճնշումների։ Մենք շատ հեռու ենք ժողովրդավարությունից ու անկախ դատական համակարգ ունենալուց։

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվել է, ըստ էության, մեկ քաղաքական ուժի իշխանություն, որն իր ձեռքում կենտրոնացնելով թե' օրենսդիր, թե' գործադիր իշխանությունը, իր ճնշման տակ է պահում նաև դատական իշխանությունն ու, այսպես կոչված, չորրորդ իշխանությունը`զանգվածային լրատվամիջոցները: Ըստ էության` խախտվել է կառավարման խորհրդարանական համակարգի կարևորագույն հատկանիշը` իշխանության հակակշռելիության ու հաշվետվողականության սկզբունքը: Չի ձևավորվել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ համակարգ, չափազանց մեծ է վտանգը օրենսդիր և գործադիր իշխանությունների միաձուլման և անձնակենտրոն իշխանության ամրապնդման։

Ազգային կառույցներ, Սփյուռք

Ակնհայտ է, որ ազգային կառույցները համարվում են անընդունելի և ուղղակի կամ անուղղակի միջոցներով, հակառակ հրապարակավ հնչեցրած հավաստիացումների, դառնում են թիրախ, որոնց շուրջ փորձում են բացասական մթնոլորտ ստեղծել, վարկաբեկել կամ պառակտել։ Այդ թիրախների շարքում են հայկական բանակը, հայկական ազգային եկեղեցին, հայկական ազգային կուսակցությունները, կազմակերպված Սփյուռքը, ազգային արժեհամակարգը։

Այս ամենը նկատի ունենալով` կարելի է փաստել, որ նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները եւ անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար էլ սկիզբ առավ այդ շարժումը:

Բայց սա դեռ ամենավտանգավորը չէ: Անփորձությամբ, սխալ կառավարմամբ եւ անորակ կադրերով իշխանությունները կարող են վատագույն դեպքում երկիրը մի քանի տարով հետ գցել իր բնականոն զարգացումից: Ավելի վտանգավոր են այն միտումները, որոնք երեւակվում են ազգային խնդիրներին վերաբերող` նոր իշխանությունների որդեգրած քաղաքականության մեջ: Այդ միտումները, եթե ընդամենը սխալմունքի հետեւանք են, դարձյալ վտանգավոր են, բայց եթե ծրագիր են, ապա կարող են կործանարար լինել, եւ այլեւս խոսք չի կարող գնալ երկիրը մի քանի տարով իր զարգացումից հետ գցելու մասին, այլ խոսք կարող է գնալ երկիրը կորցնելու մասին:

Ուստի այս պայմաններում մեզ այլ ելք չի մնում, քան դիրքավորվել ներքին վտանգներին դիմակայելու համար: Լինելով կառավարությունից եւ խորհրդարանից դուրս՝ շարունակել լինել ժողովրդի կողքին՝ անընդհատ եւ ամենուրեք, ու ժողովրդի հետ չթողնել, որ մինչեւ հաջորդ ընտրություններ կառավարությունը եւ խորհրդարանը ճակատագրական սխալներ անեն, իսկ հաջորդ ընտրություններին արդեն տուն ուղարկել այս իշխանություններին և ստանձնել երկրի ամբողջական ղեկավարման գործը։

Մինչեւ հաջորդ ընտրություններ Հայաստանը պետք է ապրի, ուրեմն՝ մեր երկրի անվտանգության ապահովման և Արցախի հարցի արդարացի լուծման խնդիրների համադրումը Հայաստանի հետագա զարգացման ռազմավարության հետ որևէ այլընտրանք չունի։

Չզիջելով զարգանալու և առաջադիմելու նախապայմանը խաղաղության արտաքին ու ներքին կռվանների ամրապնդումն է, երկրի արտաքին հավասարակշռության շուտափույթ վերականգման և նրա դիմադրողականությունը ապահվող կառույցների հզորացումը։ Օրվա մարտահրավերները խորապես գիտակցելուց հետո անհրաժեշտ է վերադիրքավորվել արդյունավետ պայքարի համար:

Դաշնակցությանը խանգարողներ միշտ էլ եղել են ու միշտ էլ լինելու են: Առավել եւս հիմա, երբ օրախնդիր է ազգայինի պահպանումը, առավել արտահայտվելու է հակադաշնակցական պայքարը: Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ ինձ հաճախ թվում է՝ մեր դեմ աշխարհն է պայքարի դուրս եկել։ Պայքարում են պետություններ, միջազգային կազմակերպություններ, քաղաքական, հասարակական միավորումներ, զանգվածային լրատվամիջոցներ։ Շատ-շատերը, երբ փորձում են հայկական իրականության մեջ ինչ-որ դերակատարություն ունենալ, ինչ-որ այլ նպատակ հետապնդել, անպայման նախ փորձում են հարվածել Դաշնակցությանը։ Դաշնակցության դեմ պայքարը շատ-շատերի համար ինքնանպատակ է, գոյության իմաստ։ Թվում է, թե, եթե չլիներ Դաշնակցությունը, կշարունակվեր Դաշնակցության դեմ պայքարը։ Այդ պայքարը ոչ մի առնչություն չունի Դաշնակցության որոշումների, կեցվածքի, մոտեցումների ու գործունեության հետ։ Բուն հարցը՝ Դաշնակցությամբ մարմնավորված ազգային արժեհամակարգն է։

Մեր դեմ պայքարում են, քանի դեռ առկա է մեր ազգային տեսակը, մեր գաղափարական էությունը, մեր արժեհամակարգը, մեր պայքարի անհաշտ ոգին։ Այդ պայքարը եղել է անցած 128 տարիներին, և հավատում եմ` շարունակվելու է դեռ երկար-երկար տարիներ։ Այդ պայքարն ամեն Ընդհանուր ժողովի շեմին նոր թափ է առնում, բորբոքվում է` նպատակ ունենալով ազդել ժողովրդի վրա:

Սակայն այսօր ուզում եմ նաև անդրադառնալ, այսպես կոչված, ներկուսակցական ընդդիմությանը, որն, ընդհանուր մթնոլորտից ազդված, ունեցավ պահեր ու պարագաներ, ուր մոռացվեցին մեր ավանդույթները, մեր կարգն ու բարոյական հասկացությունները՝ ակամա ջուր լցնելով այլոց ջրաղացին։

Նախ` կատարեմ մի հաստատում՝ ներկուսակցական ընդդիմությունը նույնքան դաշնակցական է, ինչքան բոլորս ու դրանով թող մտահոգ լինեն հակադաշնակցական տարրերը և նվազ մտահոգ՝ անկեղծ շարքային-համակիրները։ Ապա՝ անցած երկար տարիներին ընդդեմի պայքարը հասկանալիորեն կենտրոնացված է եղել իմ անձի դեմ, սակայն մնացել է անպատասխան, որովհետեւ մենք մեզ թույլ չենք տվել հակականոնագրային, մեր բարոյական, ավանդական հասկացություններին հակառակ պատասխանել այդ արշավին, և արդյունքում ստեղծվել է մթնոլորտ, որից մենք չենք շահում։

Ինչպես ցանկացած շարքային-գիտակից` դաշնակցական ես էլ մշտապես իմ անձը ստորադասել եմ կուսակցությանը, և այլ կերպ չէր էլ կարող լինել: Ուժեղ եմ եղել Դաշնակցությամբ, խորիմաստ եմ եղել Դաշնակցությամբ, ամուր եմ եղել Դաշնակցությամբ: Իմ ամբողջ գործունեությունը եղել է կուսակցությանը միաձուլված` իբրեւ կուսակցության զինանշանի մի մասնիկ՝ հանուն Հայաստանի զինանշանի:

Այսօր հայտնվել ենք մի հանգրվանում, ուր, ինչպես վերը նշեցի, վերադիրքավորվելու անհրաժեշտություն կա: Այդ վերադիրքավորման
համար անհրաժեշտ են նաեւ որոշակի փոփոխություններ: Եվ առաջին փոփոխությունը, որն առաջարկում եմ, ինձանից սկսելն է: Ուստի գալիս եմ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ, առանց դույզն իսկ չափով նեղվածության հայտարարելու՝ իմ թեկնածությունը չեմ դնելու Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ։ Նախապես հայցում եմ բոլոր ընկերների, որոնք վստահ եմ այս ժողովում և կազմակերպության մեջ ծանրակշիռ ներկայություն են, ներողամտությունը։ Իմ որոշումը ո'չ նահանջ է, որովհետև չեմ հեռանում աշխատանքներից ու մեր ընդհանուր պայքարից, ո'չ պարտություն է, որովհետև չեմ պարտվել, ո'չ հոգնածություն է, որովհետև իրավունք չունենք հոգնելու, այլ պարզապես մարտավարական ճկունություն է, ու վե՛րջ։

Կեցցե՛ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը
Կեցցե՛ հայ ժողովուրդը
Արցախը մե՛րն է, ու վե՛րջ։