կարևոր
4819 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-11 12:29
Տարածաշրջան

Իրար դեմ վարժանքներից իրար հետ վարժանքի լուրեր․ Իրան-Ադրբեջան ռազմական համագործակցության միտումները

Իրար դեմ վարժանքներից իրար հետ վարժանքի լուրեր․ Իրան-Ադրբեջան ռազմական համագործակցության միտումները

Ավելի քան մեկ ամիս առաջ հայտարարվեց Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժության անցկացման հավանականության մասին։ Հոկտեմբերի 3-ին Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց են ունեցել : Իրանական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ կողմերը ողջունել են սահմանային զորավարժություն անցկացնելու գաղափարը:

Ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ զորավարժության մասին ոչինչ չէր նշվում, ինչից կարելի է ենթադրել, որ առաջարկն արել է իրանական կողմը: Նախքան հեռախոսազրույցի համատեքստին և զորավարժության անցկացման գաղափարին անդրադառնալը ներկայացնենք, թե ռազմական ոլորտում առ այս ինչ համագործակցություն է եղել Իրանի ու Ադրբեջանի միջև։

Զենքի վաճառք

Տարբեր տարիների թե՛ իրանցի և թե՛ ադրբեջանցի պաշտոնյաների կողմից հնչել են հայտարարություններ Իրանից Ադրբեջան զենքի մատակարարումների կամ դրանց հնարավորության մասին: Այսպես.
● 2014 թ. ապրիլին Զաքիր Հասանովին Թեհրանում ընդունելիս ԻԻՀ ԶՈԻ ԳՇ պետ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին հայտարարել է, որ ռազմական ոլորտում իր կարիքների մի մասը Ադրբեջանը բավարարում է Իրանի պաշտպանական արդյունաբերության արտադրանքները գնելով : Սակայն զինվորականը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ արտադրանքի մասին է խոսքը։
● 2015 թ. ապրիլին Բաքու կատարած այցի ժամանակ ԻԻՀ պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը հայտարարել է, որ Թեհրանը շահագրգռված է զարգացնելու համագործակցությունն ադրբեջանական կողմի հետ ռազմական ոլորտում և այդ համատեքստում պատրաստ է դիտարկելու նաև զենքի մատակարարումը ադրբեջանական բանակին ։
● 2016 թ. մայիսին Ադրբեջանի ԶՈԻ պահեստազորի գեներալ-լեյտենանտ Յաշար Այդեմիրովը հայտարարել է, որ Իրանը քաղաքական և ռազմական մեծ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Նրա խոսքով՝ Իրանից ձեռք բերված «Դ-30Ա» հաուբիցները, 107 մմ-անոց համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, 60 մմ-անոց ականանետերը և այլ զինատեսակներ հաջողությամբ օգտագործվել են Արցախում Ապրիլյան պատերազմի ժամանակ : Գեներալի այս հայտարարության հավաստիությունը փաստող կամ հերքող որևէ տվյալ չկա:
● 2016 թ. հունիսին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը զենքեր է գնում նաև Իրանից։ «Ռուսաստանը միակ երկիրը չէ, որից մենք զենք ենք գնում: Գաղտնիք չէ, որ մեզ զենք են վաճառում նաև Թուրքիան, Իսրայելը, Բելառուսը, Իրանը և շատ այլ երկրներ, որոնք օգնում են մեզ արդիականացնելու մեր բանակը»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը :
● 2017 թ. տված հարցազրույցի ժամանակ ԻՀՊԿ նախկին զինվորական Մանսուր Հաղիղաթփուրը հայտարարել է, որ Արցախյան 1-ին պատերազմի տարիներին զենքի մատակարարումների համար Ադրբեջանն Իրանին 30 մլն դոլար է պարտք :

Հարկ է նշել, որ Իրանի զինված ուժերի ծանր սպառազինության մի մասը ամերիկյան արտադրության է կամ ստացվել է դրա արդիականացման միջոցով, իսկ ադրբեջանական բանակի ծանր սպառազինությունը հիմնականում խորհրդային-ռուսական արտադրության է։ Եթե Ադրբեջանը Իրանից գնի ծանր սպառազինություն, ապա ստիպված է լինելու լրացուցիչ ենթակառուցվածքներ հիմնել այդ զինտեխնիկայի սպասարկման համար, ինչը ֆինանսապես ձեռնտու չէ։

Այլ հարց է, եթե Ադրբեջանը Իրանից գնի խորհրդային-ռուսական սպառազինություն։ Այս դեպքում կողմերը հնարավոր է ավելի էժան գործարքներ կատարեն։ Մյուս հավանական տարբերակն էլ այն է, որ Իրանը Ադրբեջանին կարող էր մատակարարել թեթև սպառազինություն կամ այնպիսի զինատեսակներ, որոնք նոր են իրենց տեսակով, ինչպես ռոբոտացված համալիրները։

Ըստ Ադրբեջանի Մերձավոր Արևելքի հետազոտությունների կենտրոնի ղեկավար, իրանագետ Սադրեդդին Սոլթանի՝ ավելի էժան լինելու և տեղափոխման հեշտության առումով Իրանից որոշ զինատեսակների գնումը ձեռնտու է Ադրբեջանին: Բայց իրանագետն առավել հավանական է համարում համազգեստի գնումը։ Պատճառն այն է, որ Իրանում նման ապրանքի արտադրության ինքնարժեքն ավելի ցածր է :

Հայաստանի ՊՆ ղեկավարությունն էլ 2015-2017 թվականներին տեքստիլ և սննդի արդյունաբերության, շինարարության ոլորտներում համագործակցության հարցեր է քննարկել Իրանի ՊՆ կազմում գործող «Էթքա» կազմակերպության հետ։

Հարկ է նշել, որ 2015 թ. Իրանի և «5+1» երկրների միջև կնքված միջուկային համաձայնագրից հետո ընդունված ՄԱԿ-ի ԱԽ 2231-րդ բանաձևով Իրանին արգելվում էր մինչև 2020 թվականը գնել կամ վաճառել տանկեր, զրահամեքենաներ, խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր, մարտական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրթիռներ, հրթիռային համակարգեր և այլ ծանր տեխնիկա: Այս արգելքը սահմանվել էր դեռևս 2010 թ. ընդունված ՄԱԿ-ի ԱԽ 1929-րդ բանաձևով: Սա նշանակում է, որ նշված տարիներին Ադրբեջանը չէր կարող օրինական ճանապարհով Իրանից ծանր տեխնիկա գնել։

Հավանական գնումներ Ադրբեջանը կարող էր կատարած լինել 1990-ականներին:

Ընդհանուր առմամբ, թեև Իրանի համար Ադրբեջանն իր զենքի արտահանումների պոտենցիալ շուկա է, սակայն, դատելով Ադրբեջանի ռազմական գործարքներից, Բաքուն Իրանը չի դիտարկում որպես զինտեխնիկայի գնումների առաջնային ուղղություն։

Իրանի շահագրգռությունը և հակասությունները

Ադրբեջանի անկախացումից հետո Բաքվի հետ ռազմական համագործակցությունը Իրանը կարևորել է՝ ելնելով հետևյալ գործոններից.

● Ադրբեջանը կարող էր օգտագործվել որպես Իրանի դեմ հարթակ, ինչը, ըստ Թեհրանի, պետք էր կանխել:
● Ելնելով Ադրբեջանի բանակի մարտական ուժից՝ պետք էր կանխատեսելի դարձնել նրա կողմից Իրանի դեմ հնարավոր գործողությունները:
● Իրանում արտադրված զինատեսակները ադրբեջանական շուկա հանելով կարելի էր գովազդել դրանք: Առաջին գործոնը հատկապես առաջնահերթություն է եղել 2003-2006 և 2010-2012 թթ․, երբ, պայմանավորված Իրանի միջուկային խնդրով, այս երկրի շուրջ միջազգային իրադրությունը խիստ լարվել էր, և առաջացել էր ռազմական բախումների վտանգ: Այս տարիներին Իրանի վրա հարձակում գործելու հնարավոր հարթակներից է դիտարկվել նաև Ադրբեջանը, որով պայմանավորված՝ Իրան-Ադրբեջան հարաբերությունները խիստ լարվել էին :

Լարվածությունն առաջին դեպքում առերևույթ թուլացավ 2005 թ. մայիսին Ադրբեջանի հետ կնքած պայմանագրով, որով կողմերը պարտավորվեցին չտրամադրել իրենց երկրների տարածքները որևէ երրորդ կողմի՝ մյուս երկրի անվտանգության դեմ ուղղված գործողություններ իրականացնելու համար: Իրանի, Ադրբեջանի և Կասպից ծովի ափամերձ մյուս երկրների միջև կասպյան ծովային տարածքի վերաբերյալ նմանատիպ համաձայնությունը և ռազմածովային ուժերի փոխայցերը թույլ տվեցին նվազեցնել լարվածությունը նաև ծովում։

Երկրորդ փուլում Բաքու-Թեհրան հարաբերությունները, ի թիվս այլ գործոնների, լարվել էին նաև այն պատճառով, որ Ադրբեջանը 1.6 մլրդ դոլարի սպառազինության գնման պայմանագիր էր կնքել Իսրայելի հետ։ Գործարքի մասին հայտնի դառնալուց հետո Թեհրան է մեկնել Ադրբեջանի պաշտպանության այն ժամանակվա նախարար Սաֆար Աբիևը՝ վերահաստատելու, որ թույլ չեն տա՝ երրորդ կողմը Ադրբեջանի տարածքն օգտագործի ընդդեմ Իրանի ։ Նույնը Ադրբեջանի պաշտպանության հաջորդ (գործող) նախարար Զաքիր Հասանովը կրկնել է 2014 թ․ Իրան այցի ժամանակ ։

Ժամանակի ընթացքում Իրանի վրա միջազգային ճնշումը թուլացավ, ինչի գագաթնակետը եղավ 2015 թ. Իրանի և միջազգային վեցյակի միջև կնքված միջուկային համաձայնագիրը։ Այս ամենի հետևանքով նվազեց Իրանի և նրա միջազգային հակառակորդների ռազմական բախման հավանականությունը, նաև Իրանի դեմ Ադրբեջանի տարածքի կիրառման վտանգը, լարվածությունը պարպվեց։

2020 թ․ արցախյան պատերազմը և դրա հետևանքները

Իրավիճակը նորից սրվեց 2020 թ. արցախյան պատերազմի և դրանից հետո տեղի ունեցած գործընթացների հետևանքով: Պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից Իրանի սահմանների հարևանությամբ Թուրքիայի միջոցով բերված վարձկան ահաբեկիչների տեղակայումն ու թուրքական և իսրայելական ռազմատեխնիկայի կիրառումն Իրանին ստիպեցին ուժեղացնել սահմանների հսկողությունը, անցկացնել զորավարժություններ: Սակայն անգամ պատերազմից մեկ տարի անց Իրանի մտահոգությունները չվերացան, և դրանց արտահայտման բարձրակետը երկրի հյուսիսարևմտյան շրջաններում մի քանի զորավարժությունների անցկացումն ու Ադրբեջանին ուղղված սպառնալիքներն էին: Ու թեև 2021 թ. աշնանը Իրան-Ադրբեջան հարաբերություններում առաջացած գերլարվածությունը որոշակիորեն թուլացավ, սակայն այսօր էլ Թեհրանը շարունակում է Ադրբեջանից բխող վտանգներ տեսնել ու նախազգուշացնել այդ մասին:

Այս համատեքստում պատահական չէ, որ իրանական կողմը հիմա էլ շարունակում է հստակ ուղերձներ հղել Բաքվին և անընդունելի համարել տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունը: Ուշագրավ է, որ 2022 թ. հոկտեմբերին ԻՀՊԿ ցամաքային ուժերը հերթական զորավարժությունն անցկացրին երկրի հյուսիսարևմտյան սահմաններին :

Հետպատերազմական զարգացումների համատեքստում Իրանին մտահոգում է նաև Իսրայել-Ադրբեջան խորացող համագործակցությունը: Հոկտեմբերի սկզբին Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի՝ Բաքու այցը Իրանում դիտարկեցին հակաիրանական՝ շեշտելով, որ այն երկու խնդիր էր լուծում՝ Հայաստանի դեմ պատերազմի սանձազերծում և Իրանի դեմ ադրբեջանական հարթակի օգտագործում : Պատահական չէ, որ Իրանի ԶՈԻ ԳՇ պետի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի հեռախոսազրույցը համընկավ հենց Գանցի այցի հետ։

Նախադրյալները և ընթացիկ փուլը

Այս տարվա հոկտեմբերին երկու երկրների միջև համատեղ զորավարժության մասին խոսակցությունները պետք է դիտարկել հենց շարադրվածի համատեքստում։ Իրան-Ադրբեջան ռազմական համագործակցության զարգացման, այդ թվում՝ զորավարժությունների անցկացման հարցը միշտ էլ քննարկվել է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումների, հեռախոսազրույցների ժամանակ: 2017 թ. Բաքվի և Թեհրանի միջև ռազմական համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողով է ստեղծվել , իսկ վերջին տասնամյակում ակտիվացել են նրանց պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների փոխայցերը: Երկու երկրները մասնակցում են նաև միմյանց ռազմական արտադրանքի ցուցահանդեսներին և այլն:

Լինելով Կասպից ծովի ավազանի երկրներ՝ Իրանն ու Ադրբեջանը երբեմն նաև ռազմածովային ուժերի ներկայացուցիչների մակարդակով են փոխայցելություններ ու համատեղ վարժանքներ իրականացնում: Հետևաբար կարող ենք նշել, որ, որպես այդպիսին, ռազմական համագործակցության զարգացման և զորավարժությունների անցկացման գաղափարը նորություն չէ:

Այստեղ, սակայն, հարկ է ուշադրություն դարձնել, որ խոսվել է նաև սահմանային զորավարժության մասին, ինչն արդեն պետք է դիտարկել 2020 թ. արցախյան պատերազմից հետո Իրանի համար առաջացած նոր սպառնալիքների ու մարտահրավերների, մասնավորապես՝ սահմանից այն կողմ Իսրայելի ներկայության շուրջ մտահոգությունների համատեքստում:

Մյուս կողմից՝ իրանա-ադրբեջանական սահմանին, հիմնականում մաքսանենգների գործունեությամբ պայմանավորված, միշտ էլ խնդիրներ են եղել: Երկու երկրների սահմանապահների ու մաքսանենգների միջև հաճախ են փոխհրաձգություններ տեղի ունենում: Եղել են նաև միջադեպեր, երբ Ադրբեջանի սահմանապահները Իրանի քաղաքացու և սահմանապահի են սպանել, ինչը երկկողմ հարաբերություններում լարվածության սրման պատճառ է դարձել : Ընդհանուր առմամբ վերջին 10 տարվա ընթացքում նման միջադեպերի հետևանքով եղել է 20-ից ավելի զոհ, այդ թվում՝ սահմանապահների ու սահմանախախտների շրջանում։

Վերոնշյալից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ Թեհրանը փորձում է վարել Ադրբեջանին «մոտ պահելու» և համագործակցության շնորհիվ իր դեմ հնարավոր գործընթացները չեզոքացնելու քաղաքականություն:

 

Իրանագետ

Ժաննա Վարդանյան