կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-14 14:13
Քաղաքական

Բոլորի պապան նույնն է` ԿԳԲ-ն. Պարույր Հայրիկյան

Բոլորի պապան նույնն է` ԿԳԲ-ն. Պարույր Հայրիկյան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցների մասին շատ ասելու բան կա, բայց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը չի ուզում ասել, որովհետեւ այդ դեպքում, ինչպես ինքն է համոզված, կտրվի այն դավադրությանը, որի հիմքում ընկած է մի խնդիր' հայ մարդու ուշադրությունը շեղել կարեւորագույն հարցից:

 

Այսօր լրագրողներին այսօր Հայրիկյանն ասաց. «Նրանք' ոչ միայն երկրորդ նախագահ կոչվածը, այլ, ընդհանրապես, նաեւ առաջին նախագահը, ամեն ինչի մասին կխոսեն, բացի հիմնականից, որովհետեւ այսօր խնդիր են դրել ու չեն խոսում ղազագրի մասին. գազագրի մասին է խոսքը, որն իրականում գազագիր չէր, այլ իսկական ղազագիր էր»:

 

ԱԻՄ առաջնորդը նշեց նաեւ, թե այդ դեպքում  ակնհայտ կդառնա, որ Մաքսային միության բռնատիրական քայլերի նկատմամբ քննադատական վերաբերմունք ունեն: Ուստի նրանք, ըստ բանախոսի, զբաղված են` բոլորիս ուշադրությունը հիմնական հարցից շեղելով, եւ կշեղեն:

 

Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան «փոխհրաձգությունն էլ», ԱԻՄ առաջնորդի դիտարկմամբ, ընդամենը թղթային «իրարանցումներ» են, որեւէ լուրջ բան չկա: Որովհետեւ, ըստ նրա, բոլորը գիտեն, որ Տիգրան Սարգսյանն ընդամենը Սերժ Սարգսյանի նշանակած մարդն է, նրա փոխարեն կարող էր լինել յուրաքանչյուրը, եւ Տիգրան Սարգսյանի յուրաքանչյուր քայլ, առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելու, չի կատարվում: Բանախոսը նշեց, որ եթե Տիգրան Սարգսյանին ասելու ինչ-որ բան կա, ըստ էության, պետք է ասել Սերժ Սարգսյանին եւ ամբողջ ՀՀԿ-ին:

 

«Որեւէ կուռ միավորի ներսում անգամ` մաֆիոզ կլինի, թե ֆուտբոլային թիմ, մշտապես կա մրցակցություն: Հիմա այդ մրցակցությունը նույն խմբակցության ներսում է: Բոլորի պապան նույնն է` ԿԳԲ-ն, դրանց իշխանության է բերել ԿԳԲ-ն»,- վարչապետ-երկրորդ նախագահ փոխադարձ մեղադրանքների մասին ասաց Հայրիկյանը եւ հավելեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսում էր, սակայն Մաքսային միության մասին որեւէ խոսք չկար, Ռոբերտ Քոչարյանը խոսում է' Մաքսային միության մասին որեւէ խոսք չկա:

 

«Եվ սա ընդամենը կերակրամանի մոտ մի քիչ ավելի հարմար տեղ ունենալն է: Ինչ վերաբերում է կոնկրետ այդ մտքերի փոխանակությանը, ապա շատ ակնհայտ է, որ մի դեպքում` Տիգրան Սարգսյանը շատ ազատ, անկաշկանդ խոսել է, մյուս դեպքում` Ռոբերտ Քոչարյանը հավաքվում է իր թիմի հետ, մի քանի օր, շաբաթ քննարկում է ու գրավոր տեքստ է տալիս: Ռոբե'րտ Քոչարյան, բա՞ն ունես ասելու' ո՞ր լրատվամիջոցը կզրկի, ասա` Տիգրա'ն Սարգսյան, քեզ հետ, որպես ներկա վարչապետ, ես էլ նախկին վարչապետ, ոչ թե նախագահ, քննարկենք, բանավեճ անցկացնենք: Ա'յ, այդ պայմաններում կերեւար նրանց մտավոր մակարդակը»,- համոզված է Պարույր Հայրիկյանը:

 

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի եւ Տիգրան Սարգսյանի կողմից  բարձրացված, արտահայտված հարցերին, ապա դրանց վերաբերյալ ԱԻՄ առաջնորդը նշեց, որ տարրական իրազեկությունը հուշում է, որ այն, ինչ ունենք' լավը կամ վատը, սկիզբ է առել Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից:

 

«Իսկ ցավոք սրտի, այնտեղից լավ բան սկիզբ առնել չէր կարող, մարտի 1-ը դրա վառ վկայությունն է»,- ամփոփեց Պարույր Հայրիկյանը: