Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-02-02 00:14
Քաղաքական

Դիմակ չէր կրում. վստահ էր, թե սպանելու է. Պարույր Հայրիկյան

Դիմակ չէր կրում. վստահ էր, թե սպանելու է. Պարույր Հայրիկյան

«Ես վերջին ամիսներին համարում էի, որ գոնե քաղաքական սպանությունները Հայաստանում վերջացան, ինչպես Համբարձում Գալստյանի, Վարդգես Պետրոսյանի, Յուզբաշյանի սպանություններն էին, եւ այլեւս զենքս չէի կրում: Ես տարբեր զենքեր ունեմ` որպես պարգեւատրում, չէի կրում: Ընկերներս առաջարկում էին ուղեկցել, ասում էի՝ չէ»,- «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

 

Նա պատմել է հանցագործության մանրամասները. «11-ը չկար, երբ մոտեցա մեր շենքին: Տեսա, որ դիմացից մեքենա է գալիս, արգելակեցի, որովհետեւ իրենն էր ճանապարհը: Տեսա, որ դանդաղեցրեց ընթացքը` ո'չ գալիս էր, ո'չ չէր գալիս: Ուրախացա, որ ճանապարհ է տալիս: Հասա տուն, բայց հիշեցի, որ մեքենայում եմ մոռացել պայուսակս, հետ եկա, վերցրեցի ու տեսա, որ մարդ կա կողքիս: Ո'չ բարեւ, ո'չ էլ: Տեսա որ ձեռքը բարձրացնում է: Թեւը չէր երեւում, փաթաթված լաթ տեսա, երբ բարձրացրեց ձեռքը: Զգացի, որ պետք է հաջորդի կրակոցը, թեքվեցի եւ փորձեցի պահել, որ առաջին կրակոցը չստանամ: Ստացա ու, որպես նոկաուտի ենթարկված մարդ, առաջին կրակոցից բարձր գոռացի, որ ուշադրություն գրավեմ: Հարեւանները դուրս եկան: Ինքը էլի էր ուզում կրակել, չէր ստացվում: Այնքան մոտ չէր, որ հարձակվեի, այնքան հեռու էլ չէր, որ փախչեի: Եղավ երկրորդ կրակոցը, որից հետո գոռացի՝ օգնեցեք: Հիշում եմ, որ կորցրի գիտակցությունս»:

 

Պարույր Հայրիկյանը կատարվածը համարել է 100 տոկոսանոց մահափորձ. «Շատ առիթներ են եղել, բայց երբեք այսքան մոտ չեմ եղել մահվան: Եթե շարժում չանեի եւ ուղիղ խփեր, հաստատ կերակրափողիս էր խփելու: Ինչու էր մահափորձ, որովհետեւ դիմակ չէր կրում. վստահ էր, որ սպանելու է»: 

 

Պարույր Հայրիկյանն ասել է, որ որքանով հիշել է հանցագործի դեմքը, նկարագրել է, եւ այժմ ոստիկանությունն ունի նկարը:

 

Նախագահի թեկնածուն խոստովանել է, որ քարոզարշավի ընթացքում բարձր վարկանիշ չուներ, քառյակի մեջ էր համարվում, այժմ՝ եռյակի, հաղթող թեկնածու չէր` չնայած, ըստ իրեն, կարող էր դառնալ:

 

Անդրադառնալով ընտրությունները հետաձգելու թեմային` Պարույր Հայրիկյանը նշել է, որ եթե որոշում ընդունի նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, կնշանակի մեր ժողովրդի թշնամիները հասան իրենց նպատակին. «Կաշխատեմ սահմանափակվել երկշաբաթյա հետաձգումով»: