Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում կալանավորված Սևան Նիշանյանը գրավոր նամակով պատասխանել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբին, որը համերաշխության նամակ էր հղել նրան, երբ 2014 թվականին ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից նա պարգևատրվել էր Վիլյամ Սարոյանի մեդալով :
Նշենք, որ Սևան Նիշանյանը Թուրքիայում ազատազրկման է ենթարկվել «ապօրինի» շինարարություն կատարելու և «կնիք կեղծելու» մեղադրանքով: Պոլսահայ մտավորականը բազմիցս հանդես է եկել թուրքական կառավարության սխալների հրապարակային քննադատությամբ: Նա նաև Թուրքիայում մշտապես բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության իրողության մասին: Իշխանությունները նրան ազատազրկել են 17 տարով:
Demokrathaber-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին՝ Ձերբակալված գրողների օրվա կապակցությամբ գրված նամակում Նիշանյանն ուշագրավ մեկնաբանություններ է արել Թուրքիայում հատկապես վերջին շրջանում տեղի ունեցող` ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ խախտումների, ձերբակալությունների մասին:
Իզմիրի բանտից ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբին ուղղված իր նամակում Նիշանյանն իր ձերբակալության հանգամանքը կապել է երկրում տիրող իրավիճակի հետ: «Իմ ձերբակալությունը գուցե գալիք արհավիրքների ծանուցումն էր»,- նշել է նա:
Կայքը նաև հրապարակել է Նիշանյանի նամակից մի հատված, որում, մասնավորապես, ասվում է. «Մինչև վերջերս այս երկրում շատեր համարձակ էին ավելի դեմոկրատական, լիբերալ և հանդուրժող ապագայի մասին մտածելիս: Հպարտությամբ կարող եմ նշել, որ մի շարք հայ մտավորականներ, Հրանտ Դինքի գլխավորությամբ, ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին այդ նպատակի բարձրաձայնման և զարգացման գործում:
Մեծամասնության շրջանում սարսափելի հիասթափություն առաջացրեց այն, որ վերջին շրջանում Թուրքիան հայտնվեց բռնության մթնոլորտի և աբսոլյուտիզմի մեջ: Իմ ձերբակալությունը գուցե գալիք արհավիրքների ծանուցումն էր:
Այժմ գրողների և հասարակական կարծիք ձևավորողների զանգվածային ձերբակալությունները ցույց են տալիս արդարադատության համակարգի ոչնչացված լինելը, մինչդեռ քրդական քաղաքականության վերացումն ու սահմանադրական կարգի փլուզումը մատնանշում են տխուր ապագան այն երկրի, որի ողբերգական անցյալն ի վերջո հաղթահարելու հույսեր կան դեռ:
Հուսով եմ, որ ԱՄՆ-ում մեր ընկերները, հատկապես` Հայ Դատի հանձնախումբը, կշարունակեն բավարար զգայնություն ցուցաբերել այս դժբախտ իրավիճակին, որի մեջ գտնվում է Թուրքիան: Այս երկիրը, ուզենք, թե՝ ոչ, ներկայացնում է մեր համատեղ ժառանգության մի խոշոր հատվածը: Խնդիրը քաղաքակիրթ հասարակության պահպանումն է, միաժամանակ՝ Հայկական հարցը, քանի որ հայերը, ինչպես աշխարհի մյուս ազգերը, կարող են ապրել, գուցե նաև բարգավաճել ազատության, հանդուրժողականության և քաղաքավարության մթնոլորտում»: