կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-13 16:23
Քաղաքական

Դավութօղլուն հասավ իր առջեւ դրված նպատակների մի մասին. Կիրո Մանոյան

Դավութօղլուն հասավ իր առջեւ դրված նպատակների մի մասին. Կիրո Մանոյան

Դավութօղլուն իր առջեւ դրված նպատակների մի մասը ձեռք բերեց, այսինքն` ստեղծվեց տպավորություն, դատելով համաշխարհային լրատվամիջոցների լուրերի վերնագրերից, թե իբր Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու ինչ-որ գործընթաց կա. Yerkir.am -ի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարի այցը Երեւան` ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

 

Մինչդեռ իրականում, ըստ մեր զրուցակցի,  նման գործընթաց չկա` դատելով ՀՀ ԱԳՆ հավաստիացումից, որ Հայաստանն առանց նախապայմանների է պատկերացնում այդ հարաբերությունների հաստատումը: Միաժամանակ, Դավութօղլուն շարունակում է խոսել նախապայմաններով, եւ այդ նախապայմանների մեջ մտնում է նույնիսկ վրաց-աբխազական հակամարտության հարցը:

 

«Այսինքն` այն, որ Թուրքիան Դավութօղլուի բերանով ասում է, թե ուզում է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունները լուծված լինեն, որպեսզի կարելի լինի Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել: Ուղղակիորեն հղում կա թուրքական լրատվամիջոցներում, որ նա ասել է, թե նաեւ վրաց-աբխազական խնդիրը պետք է կարգավորվի, որ ընդհանրապես տարածաշրջանում խաղաղություն լինի, որպեսզի Հայաստանի հետ իրենք կարողանան հարաբերություն հաստատել»,- ասաց Կիրո Մանոյանը` հավելելով, որ Դավութօղլուն թուրքական լրատվամիջոցներին նաեւ ասել է, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք, սակայն, կլուծվեն հաճախակի քննարկումներով:

 

Սա, ըստ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուի, առավել եւս ասում է այն մասին, որ Թուրքիայի համար արձանագրությունները ոչ մի արժեք չունեն. Այսինքն` թեեւ արդեն ուշացած, բայց եւս մեկ պատճառ, որ Հայաստանի կողմից  այդ արձանագրությունները եւս դադարեն գոյություն ունենալուց: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանն իր ստորագրությունները հետ կանչի արձանագրություններից:

 

«Որովհետեւ արձանագրությունների առկայությունն է, որ հնարավորություն է տալիս Թուրքիային, որպեսզի կարողանա նման բեմադրություններ ներկայացնել: Եվ ուրեմն` անհրաժեշտ է, որ արձանագրությունները դադարեն գոյություն ունենալուց»,- եզրափակեց Կիրո Մանոյանը: