կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-06 17:30
Քաղաքական

Նոյեմբերի 9-ից հետո այս իշխանություններին լուրջ վերաբերվող պետություն չկա. Կիրո Մանոյան

Պատերազմի առաջին օրերից մինչեւ վերջ, առավել եւս՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Հայաստանի այս իշխանություններին լուրջ վերաբերվող պետություն չկա, չկա, որովհետեւ, երբ իշխանությունն ասում է՝ տարածաշրջանում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել, եւ մենք պետք է մեր արտաքին քաղաքական ուղղություններում շտկումներ մտցնենք, պարզ է, որ ուրիշներն էլ պետք է ասեն՝ մտցրեք ձեր շտկումները, ձեզ հետ վերջում կխոսենք: Այնպես չէ, որ տարածաշրջանում որոշողը Հայաստանն է, բայց արդեն տեսանելի է, որ տարածաշրջանում փոփոխությունները տեղի են ունենում ի հաշիվ Հայաստանի շահերի. այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ բանախոսի՝ այսօրվա իշխանությունները, որոնք պատերազմը տանուլ են տվել, չպետք է թշնամու հետ խոսելու հավակնություն ունենան, բայց շատ մեծ հավակնություններ ունեն:

ՀՅԴ Բյուրոյի անդամի խոսքով՝ մեզ պետք է այնպիսի իշխանություն, որը կարողանա երկիրը ներկայացնել ե՛ւ հարեւաններին, ե՛ւ միջազգային հանրությանը։ «Ներկա պայմաններում այս իշխանությամբ մեր երկիրն այլեւս դերակատար չէ տարածաշրջանում, նույնիսկ ինչ-որ իմաստով իր հարցերում էլ դերակատար չէ: Եվ անհրաժեշտ է լինի այնպիսի իշխանություն, որը կկարողանա շփվել թե՛ հարեւանների հետ՝ կլինի թշնամի, բարեկամ, թե՛ միջազգային հանրությանն արժանապատիվ ձեւով ներկայացնել երկիրը»,- նշեց նա:

Հարցին՝ այլեւս անցյա՞լ են բանակցությունները Մինսկի խմբի, Մադրիդյան սկզբունքների ձեւաչափով, Կիրո Մանոյանը պատասխանեց՝ եթե նայենք՝ Թուրքիան ու Ադրբեջանն ինչ են ասում, այլեւս անցյալ են։ «Բայց, եթե նայենք՝ երեք պետությունները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, ինչ են ասում, ո՛չ, անցյալ չէ: Հիմա Մադրիդյան սկզբունքներ կոչվածը կարող է որոշ չափով անցյալ լինել, քանի որ որոշ փոփոխություններ արդեն տեղի ունեցել են՝ ոտնահարվել են որոշ սկզբունքներ, այսինքն՝ հարցը կարգավորել խաղաղությամբ, առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման: Ադրբեջանը եւ Թուրքիան ուժ են կիրառել: Բայց երեքն էլ ասում են, որ սա հարցի կարգավորում չէ, եւ հարցի կարգավորումը բանակցություններով է: Այստեղ տարբերությունը մի քիչ Ռուսաստանի կեցվածքի մեջ է: Արցախի հարցը, մեր տեսանկյունից, Արցախի կարգավիճակի հարցն է, բայց այսօր ստեղծված են այնպիսի պայմաններ, որ, բացի կարգավիճակից, կա նաեւ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր, Հայաստանի Հանրապետության հետ սահմանի խնդիր եւ մնացած՝ գերիների վերադարձից մինչեւ տեղահանվածների իրավունքների վերականգնման, կյանքի հնարավորություններ տալու հարցերը»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամը:

Ըստ Կիրո Մանոյանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամների հետ եւս լուրջ աշխատանք կա։ «Անվտանգության խորհուրդը պատերազմի ընթացքում երկու անգամ դռնփակ քննարկեց Արցախի հարցը, եւ երկրորդ անգամ ակնկալվում էր, որ ինչ-որ հայտարարությամբ հանդես կգան, առնվազն՝ նախագահության անունից, բայց դա էլ տեղի չունեցավ: Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ դա տեղի ունեցավ Անգլիայի վետոյի պատճառով: Այսինքն՝ անհրաժեշտ է, որ այդ պետությունների հետ էլ աշխատանք տարվի: Որովհետեւ չպետք է մոռանանք, որ ԵԱՀԿ-ն այս հարցի կարգավորման լիազորությունը տվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի կողմից շատ սիրելի 1993 թվականի բանաձեւով: Բանակցությունների տեղ կա, այնպես չէ, որ ամեն ինչ վերջացել է: Բայց այս իշխանությունները դա չեն կարող անել: Ամենաարժանապատիվ եւ հայրենասիրական քայլը կլիներ հեռանալը եւ երկիրը այլ քաղաքական ուժերին թողնելը, որոնք կարող են երկիրը դուրս բերել այս վիճակից»,- նշեց նա:

Կիրո Մանոյանի խոսքով՝ ինքը ներկայացնում է մի քաղաքական ուժ, որը պատմության ընթացքում նման փորձառություն անցել է։ «Խոսքը վերաբերում է 1920 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ օրվա իշխանությունը լավագույն լուծում համարեց իշխանությունից իր հեռանալը՝ հնարավորություն տալով այլ ուժերին»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամը:

Մանրամասները՝ տեսագրության մեջ: