Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետք է գնալ-թակել բոլորի դռները, բաժանել գործիքներ ու ստիպել, որ երեխաները երաժշտություն սովորեն. երաժշտությունը մտածողություն է ձեւավորում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց դիրիժոր, ջութակահար, «Գրեմմի»-ի բազմակի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը:
Այսօր Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում «Երեւանյան հեռանկարներ» 14-րդ փառատոնի փակման համերգին միասին հանդես կգան երկու գերաստղեր` «Կամերատա Զալցբուրգ» նվագախումբը եւ Ցուկերմանը:
Ցուկերմանը նշեց, որ մեր օրերում առավել քան կարեւոր է երաժշտության դերը, քանի որ առանց երաժշտության հասարակությունն անապատ կդառնա: «Կարեւոր է շատ, որ գալիք սերունդը երաժշտությանը մոտ կանգնած լինի, քանի որ երաժշտությունը մեծ դեր է խաղում մարդու կայացման հարցում»,- ասաց նա:
Երաժշտի կարծիքով` շատ դժվար է համերգի ժամանակ դիրիժորությունից հանկարծակի անցնել ջութակ նվագելուն, ըստ նրա` դիրիժոր ընտրելն այնքան դժվար է` կարծես, մեկի հետ ամուսնանաս: «Երբ հանդես ես գալիս որպես երաժիշտ, յուրաքանչյուրը քեզ լսում է 2-3 անգամ ավելի կենտրոնացած, բոլորը կենտրոնացած են քեզ վրա: Հեշտ չէ որպես մենակատար հանդես գալ, սակայն դա կյանքի փորձից է գալիս»,- ասում է Ցուկերմանը:
Ի դեպ, երբ 1962թ. Ցուկերմանը մեկնել է ԱՄՆ, սովորել է Ջուլիարդի դպրոցում` անվանի ուսուցիչ Իվան Գալամյանի մոտ: Գալամյանի մասին հիշելիս նա նշեց, որ իր ուսուցիչը ոչ միայն առանձնահատուկ երաժիշտ էր, այլ նաեւ բացառիկ մարդ, որը սովորեցնում էր ոչ միայն ճիշտ նվագել, այլ նաեւ, թե ինչպես կարելի է ուսուցիչ դառնալ:
«Նրա դասերը լսելու էին գալիս բազմաթիվ հայտնի երաժիշտներ: Գալամյանը դասավանդում էր երեկոյան 7-ից մինչեւ առավոտյան ժամը 6-ը: Ես ինձ Գալամյանի ավանդույթները շարունակողն եմ համարում»,- ասաց Ցուկերմանը` հավելելով, որ դասից դուրս նրանք զրուցում էին նաեւ Հայաստանի եւ հայերի մասին. «Առհասարակ, Հայաստանը լուսավոր երկիր է: Ձեր գինին ու ճաշատեսակները շատ սիրեցի, հանդիսատեսին` նույնպես: Նկատեցի, որ օդանավակայանը վերանորոգվել է, հաճելի էր: Այնպես որ` բոլոր պատճառները կան` իմ հաջորդ այցը կազմակերպելու համար»:
Այսօրվա համերգին կհնչեն Ստրավինսկու, Մոցարտի եւ Բեթհովենի գործերից: