կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-12 17:45
Առանց Կատեգորիա

Ում դուռը թակել Կրեմլում

Ում դուռը թակել Կրեմլում

Եթե հիմք ընդունենք Ազատության հրապարակում փետրվարի 19-ից մինչև ապրիլի 9-ը` ներառյալ, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Ռուսաստանի նախագահին ուղղված բազմաթիվ կոչերը, պետք է ենթադրել, որ նա Կրեմլի դուռն է գնացել` Վլադիմիր Պուտինին Ազատության հրապարակ «բերման ենթարկելու»: Իսկ եթե դա չհաջողվի, նա, թերևս, կփորձի Պուտինից մեղայական ինչ-որ փաստաթուղթ պոկել առ այն, որ նա զղջում է Սերժ Սարգսյանին ժամանակից շուտ` վերընտրվելու կապակցությամբ շնորհավորելու համար, և որ օրհնում է Ազատության հրապարակում երդմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնակալությունը: Թերևս Պուտինի վրա բարոյահոգեբանական ճնշում գործադրելու նկատառումով էլ Հովհաննիսյանն իր հետ Մոսկվա է տարել նաև ընտանիքին` կնոջը և որդուն: Եվ նկատի առնելով, թե նման իրավիճակներում սովորաբար ինչ արագությամբ է հալչում Պուտինի սառը սիրտը, Հովհաննիսյանի այս մեթոդը պետք է որ աշխատի:

 

Եվ միակ հանելուկը, որի պատասխանը թերևս միայն Հովհաննիսյանն ինքը գիտի, այն է, թե ինչո՞ւ էր «պետական նշանակության» այս այցին մասնավոր այցի կարգավիճակ տրվում: Դժվար է ասել` արդյո՞ք սա սովորություն է, թե` ոչ, բայց այնպես է ստացվում, որ Հովհաննիսյանը ինքն է այցելում նրանց, ում մինչ այդ իր մոտ գալու հրավերներ էր ուղարկում: Սերժ Սարգսյանին հրավիրեց Ազատության հրապարակ, բայց արդյունքում ինքը գնաց Բաղրամյան 26, ԲՀԿ-ին հրավիրեց միանալ «Բարևի» շարժմանը, բայց հետո ինքը գնաց այդ կուսակցության գրասենյակ` հանդիպելու Գագիկ Ծառուկյանի հետ: Հիմա էլ ահա` հերթը Վլադիմիր Վլադիմիրովիչինն է: Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա Հովհաննիսյանը Մոսկվայից ոչ թե ուղիղ չվերթով պետք է վերադառնար Ազատության հրապարակ, այլ մեկներ նախ ԱՄՆ` Սպիտակ տուն` նմանատիպ մեղայական պահանջելով նաև նախագահ Բարաք Օբամայից, որից հետո այցելեր Ելիսեյան պալատ` ծնկի բերելու նաև Ֆրանսուա Հոլանդին: Բանն այն է, որ Հովհաննիսյանը նույնպիսի պահանջներ ներկայացրել էր նաև Սերժ Սարգսյանին վաղաժամ շնորհավորած ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներին:

 

Չի բացառվում, սակայն, որ, ապրիլի 9-ի ուշ երեկոյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Բաղրամյան պողոտա վերադառնալով և իրեն այնտեղ այլևս սպասող չտեսնելով, Հովհաննիսյանն այլևս փակված է համարում նախագահական ընտրությունների թեման և Կրեմլ է մեկնել` Պուտինի հետ փակ դռների հետևում քննարկելու Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ներկայացված` «Բարև, Երևան» դաշինքի համամասնական ցուցակը: Գուցե եթե Հովհաննիսյանը նաև անցած խորհրդարանական ընտրություններից առաջ Մոսկվա մեկնած լիներ, «Ժառանգության» համամասնական ցուցակը բոլորովին այլ սկզբունքով ձևավորված լիներ, և համանուն խմբակցությունը չպառակտվեր պատգամավորական մանդատները ստանալու գրեթե հաջորդ իսկ օրը: Կարելի է միայն պատկերացնել, թե դեմքի ինչ լրջությամբ կարող էին Վլադիմիր Վլադիմիրովիչը և Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկել այդ ցուցակը:

 

Այս ամենն, իհարկե, չափազանց զվարճալի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ` թե', առանձին վերցրած, Հովհաննիսյան քաղաքական գործչի և թե' լայն իմաստով Հայաստանի համար: Երբ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բանավոր առաջարկներ էր ներկայացնում Հովհաննիսյանին` կապված իշխանության հետ երկխոսության օրակարգի հստակեցման հետ, վերջինս հայտարարում էր, թե ինքը «տալիք-առնելիք» ունի միայն Սերժ Սարգսյանի հետ: Սակայն այսօր, եթե, իհարկե, մամուլում հրապարակված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, նա հանդիպում է ՌԴ նախագահի աշխատակազմի Միջտարածաշրջանային եւ արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության պետի հետ: Դեռ լավ է, որ նրան չեն ընդունել, ասենք, Կրեմլի գլխավոր խոհարարի կամ Պուտինի վարորդի մակարդակով: Եթե այսպիսի մակարդակով հանդիպումների համար է նա մեկնել Մոսկվա, ապա իսկապես կարելի է այդ այցը շրջադարձային համարել թե' շարժման և թե' Հայաստանի համար: Դրանով Հովհաննիսյանը, ըստ էության, ոչինչ չարեց, բացի «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի այսպես ասած` «հացը կտրելուց», չնայած արդեն տևական ժամանակ է, որ Կարապետյանի` մոսկովյան նոր այցելությունների ու խորհրդավոր հանդիպումների մասին լուր չկա: Կարելի է ենթադրել, որ անգամ նմանատիպ այցերն իր բրենդը դարձրած այս երդվյալ ռուսամետ գործչի համար են նման «տրյուկները» կորցրել արդիականությունը:

 

Մինչդեռ այս ամենը զարմանալի չէ: Եթե իր կողմից նախագահ ճանաչված Սերժ Սարգսյանի ինաուգուրացիայի արարողությանը Հայաստանի ռազմավարական գործընկեր երկիրը հարկ է համարում ներկայանալ միայն ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի մակարդակով, ապա ինչու պետք է ընդդիմության` 500 հազարից ավելի ձայն ստացած լիդերին ընդուներ մշակույթի գծով վարչության պետից ավելի բարձր մակարդակով: Այնպես որ` ամեն ինչ նույնիսկ շատ օրինաչափ է: Մոսկվայի ճանապարհը վաղուց Հայաստանի քաղաքական ու իշխանական էլիտայի համար վերածվել է «ջրի ճանապարհի»` ձեռք բերելով գրեթե նույն կարգավիճակը, ինչ, ասենք` Բարձր դուռը` Օսմանյան Թուրքիայի հպատակ հայերի համար:

 

Թե' ընդդիմության, թե' իշխանության վստահության և կաշկանդվածության, լկտիության ու փափկամորթության աղբյուրը դարձել է ոչ թե անգամ Մոսկվան, այլև Կրեմլում անցաթուղթ ստանալը: ՌԴ նախագահի հետ պրոտոկոլային մեկ ձեռքսեղմումն այնպիսի գին է ձեռք բերել, որը չունի նույնիսկ սեփական երկրի հարյուր հազարավոր քաղաքացիների քվեն: Ոչինչ, որ կարելի է երեք-չորս անգամ հրապարակավ Վլադիմիր Վլադիմիրովիչներին նախագահի մակարդակով Հայաստան այցելելու պաշտոնական հրավեր անել ու ի պատասխան ստանալ ընդամենը Կրեմլի բացարձակ անտարբերությունն ու արհամարհանքը: Ինչո՞ւ ինքնակամ գնալ  էքսկլավի կամ ֆորպոստի վերածվող ինչ-որ մի տարածք, եթե թե' իշխանությունը, թե' ընդդիմությունը պատրաստ են չոքեչոք մոտենալ իր աշխատակազմի ինչ-որ վարչության պետի դռանը և «աուդիենցիա» խնդրել:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

Հ.Գ. Ի դեպ, 14-18-րդ դարերում Օսմանյան կայսրությունը նույն այն դերն էր կատարում Ղրիմի թաթարական արքունիքի համար, ինչ այսօր Ռուսաստանը` Հայաստանի քաղաքական դաշտի: Իշխանության համար մղվող եղբայրասպան արյունալի պատերազմներից հետո թագի հավակնորդ կողմերից յուրաքանչյուրը ձգտում էր ինքը ստանալ սուլթանի օրհնությունը, իսկ վերջինիս համար նրանք ընդամենը խամաճիկներ էին: Թե որտեղ է հիմա Ղրիմի խանությունը... Երևի հարկ չկա հիշեցնել: