Բյուզանդ Փափազյանի պատմությունը
1894 թ., Մերտեգյոզ
Աղբյուրը՝ armeniangenocide100
Բյուզանդ Փափազյանի պատմությունը
1894 թ., Մերտեգյոզ
Բյուզանդ Փափազյանը ծնվել է 1894 թ. Կոստանդնուպոլսից ոչ հեռու գտնվող Իզմիտի գավառի Մերտեգյոզ գյուղում, քահանայի ընտանիքում և ստացել ժամանակի համար բավական լավ կրթություն: Պոլսում ստացել էր գյուղատնտեսական բարձրագույն կրթություն: Հայրենի գյուղ վերադառնալու օրերին էլ սկսվում է Մեծ եղեռնը: Նա պատմել է, թե ինչպես են վաղ առավոտյան թուրքական կանոնավոր զորքը և ոստիկանները լցվել գյուղամեջ և սկսել գազանաբար թակել դռները և զարթնեցնել ժողովրդին: Դիմադրությունն անօգուտ էր. զինաթափ էին եղել: Ժողովուրդը սկսել է շարժվել դեպի կալերը՝ սայլերով, ձիերով, ոտքով, երեխաներին շալակած: Ամենուր տիրում էր իրարանցում: Ոստիկանները և կանոնավոր զորքը շրջապատել էին նրանց, և մարդիկ պարզ զգացին՝ ինչ բռնության տակ է կատարվելու աքսորը:
«1915 թվականի օգոստոսի 15-ի առավոտյան թուրքական կանոնավոր զորքը և ոստիկանները լցվեցին գյուղամեջ և սկսեցին գազանաբար թակել դռները և զարթնեցնել ժողովրդին: Դիմադրությունն անօգուտ էր. զինաթափ էինք եղել: Ժողովուրդը սկսեց շարժվել դեպի կալերը՝ սայլերով, ձիերով, ոտքով, երեխաներին շալակած: Ամենուր տիրում էր իրարանցում: Ոստիկանները և կանոնավոր զորքը շրջապատել էին մեզ, և մենք պարզ զգացինք, թե ինչ բռնության տակ է կատարվելու աքսորը: Վաղ առավոտյան շարժվեցինք դեպի արևելք: Կեսօրին հանդիպեցինք աքսորականների մի հոծ բազմության, որոնք կարծես ջարդից մազապուրծ եղած փախստականներ լինեին: Ամեն մեկի շալակին մի կապոց կամ մի վերմակ, ոմանք՝ ցնցոտիներով և հնամաշ շորերով, ոմանք ոտաբոբիկ և գլխաբաց: Ծծկեր երեխաները մայրերի շալակին, հիվանդները և ծերերը առողջների թևերից կախված, հազիվ քարշ գալով գնում էին զինվորների և ոստիկանների հարվածների տակ: Երեկոյան, երբ հասանք Իզնիկ, մեզ բոլորիս խառնեցին իրար:
Առավոտյան սկսեց տեղաշարժը: Քարավանը, որը բաղկացած էր մի քանի տասնյակ հազար հոգուց, ճանապարհ ընկավ դեպի Սակարիա գետը: Հասանք Սակարիա գետի ափին գտնվող Մեքեճե կայարանը: Հինգ օր հետո գնացքի հերթը հասավ մեզ: Գնացքով հասանք Էսքիշեհիր՝ այնտեղից Աֆիոն-Գարահիսար գնալու համար: Գնացքները գիշեր-ցերեկ անդադար այստեղ էին տեղափոխում աքսորականների:
Սեպտեմբերի 1-ին մեզ հաջողվեց վագոն ճարել և մի քանի ընտանիքներով մեկնել Աֆիոն-Գարահիսար: Այնտեղ մեզ տեղավորեցին կայարանի դիմաց ձգվող մի ընդարձակ դաշտավայրում, որտեղ կուտակվել էր 50 հազարից ավելի մարդ, մեծ մասը՝ վրանազուրկ: Աֆիոն-Գարահիսարում հայրիկիս առաջարկեցին տեղի եկեղեցու քահանայությունը, սակայն մայրիկս չհամաձայնվեց մնալ Աֆիոն-Գարահիսարում, քանի որ քույրիկս իր ընտանիքով Գոնյայում էր: Պետք է գտնեինք քրոջս:
Երեք օր անց մենք արդեն վագոնի մեջ էինք: Երբ վերջապես հասանք Գոնիայի կայարան, ոստիկանները շրջապատեցին գնացքը և թույլ չտվեցին դուրս գալ վագոններից, անգամ թույլ չէին տալիս ջուր վերցնել: Այստեղ արդեն սկսեցին սաստկացնել բռնությունը: Մենք զգացինք, թե ինչ մեծ սխալ գործեցինք, ենթարկվելով մայրիկիս խղճի ձայնին:
Քույրս՝ Բերկրուհին, լսելով մեր ժամանման մասին, ամուսնու և երկու երեխաների հետ, բեռները շալակած շտապել էր կայարան և մի կերպ, կաշառելով հսկող ոստիկաններին, կարողացել էին մտնել մեր վագոն: «Մեռնել կամ ապրել միասին», ասում էինք, մխիթարելով միմյանց: Գնացքը շարժվեց: Երկու օր հետո գնացքը հասավ Էրեյլի, և մեզ բոլորիս իջեցրին կայարանում: Հարյուր հազարավոր աքսորականներ էին կուտակված այստեղ, սրանք ուրվականների էին նման: Տառապանքը, վիշտը, զրկանքը, սովը հյուծել էին նրանց: Ամեն օր սովից մեռնում էին տասնյակ թշվառներ, որոնց համար եղբայրական գերեզման էին փորում:
Էրեյլիից ամեն օր հետիոտն քշում էին տասնյակ հազարավոր աքսորյալներ: Այստեղ մեզ թողեցին 5 օր, իսկ վեցերորդ օրը ոստիկանները կանգնեցին մեր վրանի դռանը և հրամայեցին ճանապարհ ընկնել: Հայրս կարողացավ մի սայլ ճարել, և բեռներն ու մայրիկիս, քրոջս երկու երեխաների հետ, տեղավորել վրան: Մնացածներս, նույնպես բեռնավորված, քայլում էինք սայլերի հետևից: Չորս օր գնում էինք, միայն գիշերային կարճատև հանգիստներով: Ճանապարհին ոչ մի տեղ հնարավոր չեղավ մթերքներ գնել: Մոտիկ գյուղեր չկային: Գնում էինք սոված, խնայելով մեր վերջին փշրանքները ավելի նեղ օրվա համար:
Հինգ օր ու գիշեր, ահ ու սարսափի մեջ, հոգնած ու տանջված, ճանապարհին թողնելով դիակներ և կենդանի մանուկներ, շարժվում էինք առաջ: Վեցերորդ օրը, քրտինքի և փոշու մեջ կորած, սոված ու ծարավ հասանք Թարսուն (Տարսոն): Թարսունի կայարանում տեղավորվեցինք բաց դաշտում: Այստեղ մեզ երեք օր պահելուց հետո քշեցին վագոնները և գիշերով տեղափոխեցին Ադանայի կայարանը: Այստեղ թույլ չտվեցին վագոններից դուրս գալ: Մի ժամ հետո գնացքը շարժվեց և լուսադեմին արդեն Օսմանիեի կայարանում էինք: Մեզ կարգադրեցին տեղավորվել մի ընդարձակ բաց դաշտում, որտեղ աքսորական մի հոծ զանգված էր կուտակված:
Մուրացկանների խմբերը թափառում էին վրանից վրան՝ ողորմություն խնդրելու: Նրանք մերկ էին, ոտաբոբիկ, կեղտի մեջ կորած: Մահացությունը սարսափելի չափերի էր հասել: Օսմանիեն դարձել էր արևմտյան գավառների հայության հավաքատեղին, որտեղից պետք է քշվեին Դեր-Զորի անապատները:
1915 թվականի նոյեմբերի 15-ին, վաղ առավոտյան ժողովրդի մեջ ընդհանուր խուճապ առաջացավ: Թուրքական կանոնավոր զորքը և ոստիկաններն սկսեցին հարձակվել: Նրանք կրակի էին տալիս վրանները, կոտորում, բոլորն ահ ու սարսափի մեջ փախչում էին Գանլը դերե: Այստեղ ասեղ գցելու տեղ չկար: Սպանվածների թիվը մնաց անհայտ, ծանր վիրավորներին թիվ չկար: Այս էր Օսմանիեի գաղթակայանի պատկերը: Հրաման եկավ շարժվելու: Թողեցինք այն ամենը, ինչ հնարավոր չէր տեղափոխել շալակով: Ինձ բաժին ընկավ չորս վերմակ, եղբորս՝ Վրթանեսին՝ ջրի կավամանը, փոքր քրոջս՝ Վերգինեին՝ հնգամսյա եղբայրս, մորս՝ հացի և սննդամթերքի մի փոքր պաշար: Հայրս վերցրեց վրանը և հագնելիք շորերը, մեծ քույրս մի քանի ամանեղեն և այլ իրեր: Չորս օր տանջալի ճանապարհներով տեղաշարժվելուց հետո, հինգերորդ օրը, կեսօրին հասանք Ինթիլլիի կայարանը:
Մեզ թույլ չտրվեց այստեղ գոնե մեկ օրով հանգստանալ: Քարավանը շարժվեց դեպի Իսլահիե: Մթնշաղին հասանք Իսլահիե: Նորեկներիս թույլատրեցին մնալ 10 օր և հանգստանալ: Այստեղ հիվանդացավ փոքր քույրս՝ Վերգինեն և երեք օր անց մահացավ: Նա մեր ընտանիքի առաջին զոհն էր: Վերգինեի թաղումից երեք օր հետո մահացավ նաև մեր փոքրիկ եղբայրը՝ Սիսակը, որին Վերգինեն շալակած ահագին ճանապարհ էր բերել: 1915 թվականի դեկտեմբերի վերջերին սաստիկ ցավերից մահացավ նաև հայրս: Մեր ընտանիքի ողջ հոգսը ծանրացավ իմ ուսերին:
Մեզ տեղավորեցին Թագգա քաղաքի դիմաց՝ Քեսրե կոչվող կայանում: Այստեղ հիվանդացավ եղբայրս՝ Վրթանեսը: Թոքերի ուժեղ բորբոքում էր: Չկարողացանք փրկել նրա կյանքը:
Մեր գաղթակայանը հարձակումների գոտում էր գտնվում: Գազազած ոստիկանները հարձակվեցին մեր վրանների վրա, քարուքանդ արեցին ու հրամայեցին շարժվել դեպի Դեր-Զոր: Գնում էինք կիզիչ անապատով, մինչև ծնկներս խրվելով ավազի մեջ: Այստեղից երկու ճանապարհ կար դեպի Դեր-Զոր: Մեկը՝ հետիոտն, ցամաքով, որը լի էր վտանգներով, մյուսը՝ լաստերով, Եփրատ գետի հոսանքով, որն ավելի արագընթաց էր և ապահով: Մենք որոշեցինք մեկնել լաստերով:
Աշխարհի մեջ չկա մի հայ, որ Դեր-Զորի անունը լսելիս ամբողջ մարմնով սարսուռ չզգա: Վրանաբնակներիս արգելված էր քաղաք մտնել: Ամեն օր գալիս էին աքսորականների նոր քարավաններ: Մուրացկանությունը և թշվառությունը հասել էին անասելի չափերի: Մարդիկ անգամ շների և կատուների միս էին ուտում: Ամեն օր գետի ափին մահանում էին հյուծված մարդիկ և երեխաներ: Ոչ ոք հնարավորություն չուներ նրանց գերեզմանում թաղելու, գցում էին գետը՝ հանձնելով հոսանքին: Այստեղ հայտնաբերվեց հորեղբորս աղջիկը՝ Մադլենը: Նրան տեղափոխեցի մեզ մոտ:
Նորից պայթեց ահռելի փոթորիկը: Զինվորները և ոստիկանները գաղթակայանը բաժանեցին չորս մասի և առաջին մասին հարկադրեցին մեկնել: Ոչ մի կերպ չկարողացանք խույս տալ: Մայրիկս տառապում էր մալարիայով, չէր կարողանում քայլել, ստիպված շալակեցի: Մադլենը շալակել էր վրանը և իրերի մի մասը: Ուրախ էինք, որ գոնե քույրս մնաց տագրոջ մոտ՝ Դեր-Զորում և ազատվեց այս տանջանքից: Երեկոյան քարավանը կանգ առավ Եփրատից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող մի գյուղի մոտ: Մայրիկիս ջերմությունը չէր իջնում: Հիշեցի, որ գերմանացի բժիշկը մալարիայի համար քինին էր տվել: Դժվարությամբ մայրիկիս մի դեղափոշի խմեցրինք: Առավոտյան մայրս իրեն արդեն լավ էր զգում:
Մեր քարավանը շարունակեց իր ճանապարհը: Տաժանելի ճանապարհորդությունից հետո հասանք Եփրատ գետի ափին գտնվող Մեադին կոչվող գյուղաքաղաքը: Նախագահը, երբ իմացավ իմ մասնագիտության մասին, առանձնացված մի խումբ արհեստավորների հետ ուղարկեց Մեադին և պատվիրեց ներկայանալ տեղի իշխանությանը: Մեադինում սենյակներ վարձեցինք և գնեցինք անհրաժեշտ մթերքներ: Բնակիչները արաբներ էին, ազնիվ և բարի մարդիկ…
1918 թվականին անցա Հալեպ: Արաբ բնակչությունը սիրով և գրկաբաց ընդունեց աքսորից և կոտորածներից ճողոպրած հայ բեկորներին: Բայց այստեղ էլ մթնոլորտը գնալով մթագնում էր:
Երկար ու տանջալի այդ ճանապարհորդություններից հոգնած, շատ էի ցանկանում վերադառնալ իմ ծննդավայր: Ծննդավայր մեկնելու համար վիզա չտվեցին, պատճառաբանելով, որ այժմ թույլատրվում է գնալ մինչև Կիլիկիա և ոչ թե Պոլիս: Սիրաշահելով կայարանի զինվորական պետին, կարողացա առանց վիզայի վերցնել մի դատարկ բեռնատար վագոն, տեղավորել 12 հոգի՝ իմ լավ բարեկամներին, և ուղևորվել դեպի Կիլիկիայի մայրաքաղաքը՝ Ադանա, այնտեղից Պոլիս:
Հայրենական օջախ էինք վերադարձել ես և քույրս միայն, մնացածն այլևս չկային: Այստեղ ես ամուսնացա Մաքրուհու հետ: Նա Բիթլիսից էր, կոտորածների ժամանակ կորցրել էր մորը և ընկել որբանոց: 1922 թ. սեպտեմբերին ծնվեց մեր առաջին մանչ զավակը՝ մեր խորտակված գերդաստանի առաջին ծիլը:
Նոր բռնություններից խուսափելու համար ընտանյոք տեղափոխվեցի Դարդանել՝ Մայդոսի մատակարարման բաժին, որպես թարգմանիչ: Այստեղ աշխատեցի 6 ամիս, որից հետո մեկնեցինք Հունաստան, Սալոնիկ քաղաք:
Սալոնիկում մնացի երկու տարի, միշտ երազելով Հայաստանի մասին:
1925 թ. նոյեմբերին մեզ բախտ վիճակվեց 3600 հոգուց բաղկացած քարավանով ներգաղթել հայրենիք: «Խարլամբոս» նավը նոյեմբերի 18-ին մտավ Բաթումի նավահանգիստը…
Բյուզանդ Փափազյանը վախճանվել է 1983 թվականին:
Փափազյան Բ., Արյունոտ ափերով, Երևան, 1990, 128 էջ, էջ 22-127: