Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոյեմբերի 16-ին Նկարիչների միությունը կընտրի նախագահ: Այսօրվա դրությամբ` միությունը դեռ չունի նախագահի որեւէ թեկնածու, սակայն արդեն շրջանառվում են հավանական թեկնածուների անունները` Նորայր Աղամյան, Հաղթանակ Շահումյան, Արմեն Աթանյան, Ռուբեն Այվազյան, Նիկոլ Աղաբաբյան եւ Գագիկ Ավետիսյան:
Նկարիչ Արմեն Աթանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը ցանկանում է միության նախագահ դառնալ, քանի որ այլեւս անհնար է տանել այն, ինչ կատարվում է միությունում: Ըստ նրա` Նկարիչների միությունում ընդհանրապես բարոյահոգեբանական մթնոլորտ չկա. այն մթնոլորտը, որով ապրում էին նկարիչները, վերացել է:
«Հիմա նկարիչներն իրար տեսնում են կա'մ իրենց արվեստանոցներում, կա'մ ցուցահանդեսների ժամանակ, կա'մ էլ թաղումներին: Միությունում մենք դահլիճ ունեինք, որն այժմ գոյություն չունի. 250 տեղանոց դահլիճ էր, որտեղ երբեմն հավաքվում եւ զրուցում էինք, հիմա դահլիճը վերածվել է փոքրիկ մի սենյակի: Փարաջանովի «Նռան գույնն» առաջին անգամ հենց այդ դահլիճում է ցուցադրվել»,- ասաց Աթանյանը:
Նրա հավաստմամբ` միությունում գրեթե ոչինչ չի կատարվում: Իսկ լուրը, թե միությունը տարեկան շուրջ 100 ցուցահանդես է բացում, սուտ է: «Միությունը հազիվ 10 ցուցադրություն բացի, իսկ մյուսների դեպքում միությունը ոչինչ չի անում, ուղղակի դահլիճն է տրամադրում: Ի դեպ, դահլիճը վերանորոգումից հետո դարձել է օրավարձով, ինչի պատճառով մի շարք նկարիչներ ուղղակի կտրվեցին միությունից: Մեկ շաբաթվա համար 100 000 դրամ են ուզում, իսկ դա մեծ գումար է շատերի համար»,- ասաց նկարիչը:
Աթանյանը հավաստիացնում է` իր` նախագահ դառնալուն պես դահլիճի օրավարձը կհանվի, ստեղծագործական միությունների հետ համատեղ փորձ կարվի միությունների օրենքի հետ կապված հարցերը լուծել կամ նոր օրենք մշակել, ինչպես նաեւ Նկարիչների միության տեղեկատվական բանկ կստեղծվի:
Նկարչի կարծիքով` շատերը միությունում համապատասխան մթնոլորտ ստեղծելու փոխարեն «կապում են գալստուկն ու մեջտեղ դուրս գալիս»: