Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռ ամիսներ առաջ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը լրագրողներից հետ զրույցում հայտարարել էր, որ իր ինտուիցիան հուշում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու առաջիկա նախագահական ընտրություններում: Այդպես էլ եղավ: Հաշվի առնելով, որ Կոտայքի մարզպետի ինտուիցան երբեք չի սխալվում, Yerkir.am-ը առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ մի քանի հարցեր ուղղեց նրան:
-Պարո'ն Շահգալդյան, ի՞նչ է հուշում Ձեր ինտուիցան, ինչպիսի՞ ընտրություններ կունենանք, մասնակցության ցուցանիշը ցածր չի՞ լինի:
-Իհարկե, կարծում եմ, որ ազգովի պետք է նպաստենք, եւ իշխանություններս ամեն ինչ պետք է անենք, որ այս ընտրությունները դառնան մեր երկրի պատմության ամենաարդար, ամենաթափանցիկ եւ ամենաժողովրդավարական ընտրությունները: Իհարկե, եղանակային պայմանները, եթե շատ չխանգարեն, կարծում եմ, բավարար քանակության ընտրողներ կմասնակցեն ընտրություններին: Փետրվարն ամենացրտաշունչ ամիսն է, դա էլ մեծ գործոն է մասնակցության ցուցանիշի հարցում: Ամեն դեպքում մրցակցություն կա, որովհետեւ ունենք դժգոհ բնակչություն, որի մի մասը դժգոհ է իր ապրելակերպից, մի մասը իր կեցվածքով, մտածելակերպով ընդդիմադիր է: Ամեն դեպքում` այլ թեկնածուներին եւս ձայներ կգնան, բայց մեր նախագահի այսօրվա ռեյտինգն այնքան բարձր է, որ իր հաղթանակում չեմ կասկածում:
-Այդքան վստա՞հ եք Սերժ Սարգսյանի հաղթանակում:
-Իհարկե, այլ տարբերակ չկա: Հաղթելու է, այն էլ բավական մեծ տարբերությամբ` երկրորդ հորիզոնականի հետ համեմատած:
-Առաջին հորիզոնականի համար ո՞ւմ հետ պետք է մրցի Սերժ Սարգսյանը:
-Առաջին տեղի համար պայքար չկա, երկրորդ տեղի համար ակտիվ կպայքարեն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը:
-Եվ ո՞ւմ բաժին կհասնի երկրորդ տեղը: Ի՞նչ է հուշում Ձեր ինտուիցիան:
-Կարծում եմ` Րաֆֆի Հովհաննիսյանին:
-Ստացվում է` ընտրությունները լինելու են ոչ մրցակցային, քանի որ առաջին տեղի համար պայքար չկա:
-Համամիտ չեմ այդ տեսակետին, որ ընտրությունները լինելու են ոչ մրցակցային: Կարծում եմ` ավելի բարդ ընտրություններ կլինեն, որովհետեւ կանխատեսել մյուսների ձայներն այս պահին ոչ մեկի չի հաջողվի:
-Ինչո՞ւ պետք է բարդ լինեն, երբ անվերապահորեն վստահ եք Սերժ Սարգսյանի հաղթանակում, բարդությունն ինչո՞ւմն է:
-Ամեն դեպքում կա մի ընտրազանգված, որն իր կեցվածքով միշտ ընդդիմադիր է` անկախ այն բանից, թե ով է իշխանության` լինի Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, միշտ իշխանությանն ընդդիմադիր են, դրան էլ գումարվում է ժողովրդի մի մասի դժգոհությունը իր կենցաղային, սոցիալական վիճակից եւ...
-Հնարավո՞ր է այդ ընտրազանգվածին ընտրակաշառք բաժանեք` հարցերը լուծելու համար:
-Դրա մասին խոսելն այսօր նույնիսկ անիմաստ է, նախ` չեմ կարծում, որ երկրի ղեկավարը կգնա նման քայլի, կարծում եմ` ճիշտ չի լինի, որ երկրի նախագահն ընտրվի ընտրակաշառքով:
-Այսինքն` վստահ կարո՞ղ եք ասել, որ ընտրակաշառք չի բաժանվելու:
-Այո, կարող եմ վստահաբար ասել, որ գոնե այս ընտրություններում բացառված կլինի այդ խնդիրը:
-Ձեր մարզի հետ կապված` արդեն կուսակցական հանձնարարականներ ստացե՞լ եք:
-Էդ ի՞նչ ա նշանակում` կուսակցական հանձնարարություն: Որպես պետական կառավարման մարմին` մարզպետարանը հսկողության տակ է պահել տեղամասերի ձեւավորումը, այսօր արդեն ավարտվել է ընտրական ցուցակների փակցնելը տեղամասերում: Այս ուղղությամբ, իհարկե, հանձնարարություններ կան: Իսկ ընտրարշավի ժամանակ հանձնարարություններ չեն տալիս, լինում է նախընտրական ծրագիր: Չկա մի սխեմա, որ տան մեզ, ասեն` գնացեք այս սխեմայով ընտրարշավ անցկացրեք: Ստեղծագործություն է ընտրարշավը:
-Ձեր մարզում, պայմանավորած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գործոնով, ԲՀԿ-ն ուժեղ է: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է խնդիր լինի այս առումով կամ գուցե` հակառակը:
-Տվյալ դեպքում կուսակցական պատկանելությունը գրեթե նշանակություն չի կարող ունենալ, եւ կտեսնենք, թե ինչպիսի արդյունքներ կգրանցենք մարզում: Մենք ոչ մի անգամ էլ որեւէ կուսակցության հետ խնդիրներ չենք ունեցել:
Զրուցեց Ագնեսա Խամոյանը