Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի 14-րդ համերգաշարը մոտեցել է իր ավարտին. փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 11-ին` հատուկ նախագծով:
Yerkir.am-ի հետ զրույցում փառատոնի մամլո պատասխանատու Դավիթ Գրիգորյանը նշեց, որ փառատոնի փակման համերգին միասին հանդես կգան երկու գերաստղեր` «Կամերատա Զալցբուրգ» նվագախումբը եւ «Գրեմմի» բազմակի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը:
«Կամերատա Զալցբուրգ»-ը Եվրոպայի ամենահեղինակավոր նվագախմբերից մեկն է, որը, չեմ չափազանցի, եթե ասեմ, որ դասական երաժշտության մեջ հայտնի է իբրեւ կատարելության խորհրդանիշ: Նվագախումբը ստեղծվել է 60 տարի առաջ` Մոցարտի ծննդավայր Զալցբուրգ քաղաքում, եւ այն եզակի է նաեւ ողջ աշխարհում իրեն բնորոշ մոցարտյան հնչողության համար: Նվագախմբի հետ աշխատել են դիրիժորներ Բեռնհարդ Փաումգարթները (նվագախմբի հիմնադիր), Շանդոր Վեգը, սըր Ռոջեր Նորինգթոնը եւ Անդրաս Շիֆը»,- ասաց Գրիգորյանը։
Ըստ նրա` նվագախումբն ունի իր սեփական փառատոնը`«Հանդիպում» անվանումով, ինչպես նաև անվանական համերգաշար` Վիեննայի հեղինակավոր «Մուզիքվերայն» համերգասրահում:
Խոսելով Ցուկերմանի մասին` Գրիգորյանը նշեց, որ Ցուկերմանի 2012–2013թթ. համերգաշրջանը ներառում է ավելի քան 100 ելույթներ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում եւ Ասիայում:
«Ցուկերմանն արդեն 14 տարի է, ինչ Օտտավայի Ազգային արվեստի կենտրոնի նվագախմբի երաժշտական տնօրենն է, եւ չորս տարի հանդիսանում է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը: Նա 21 անգամ եղել է «Գրեմմի» մրցանակի թեկնածու, եւ երկու անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի: Ցուկերմանը նվագում է 1742թ. Գուարներուս դել Ջեզուի «Դուշկին» ջութակով»,- ասաց Գրիգորյանը:
Դեկտեմբերի 11-ի համերգին կհնչեն Ստրավինսկու, Մոցարտի եւ Բեթհովենի գործերից:
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի 15-րդ հոբելյանական համերգաշրջանը սկիզբ կառնի հունվար ամսին` «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» երրորդ համերգաշարով` նվիրված կոմպոզիտորի 80-ամյա հոբելյանին: