կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-31 11:05
Մշակույթ

Լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվին կղեկավարի «Երևանյան հեռանկարներ»-ի բացման համերգը

Լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվին կղեկավարի  «Երևանյան հեռանկարներ»-ի բացման համերգը

Հունիսի 11-ին տեղի կունենա «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի 19-րդ համերգաշրջանի բացումը: Հայաստանի և փառատոնի հյուրն է լինելու «Գրեմմի» մրցանակի արժանացած` Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը: Համերգը ղեկավարելու համար Ամերիկայից Երևան է ժամանելու ծագումով էստոնացի ամերիկացի լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվին:

92 տարվա պատմություն ունեցող նվագախումբը շրջագայել է գրեթե բոլոր աշխարհամասերում, աշխատել դարի ականավոր դիրիժորների և մենակատարների հետ, թողարկել նշանակալից ձայներիզներ` համագործակցությամբ ամենահայտնի ընկերությունների հետ: Նվագախմբի «տունը» Տալլինի «Էստոնիա» համերգասրահն է: Խմբի նվագացանկը ընդգրկում է դասական երաժշտությունից մինչև ժամանակակից կոմպոզիտորներ:

Նեեմե Յարվին դիրիժորական դինաստիայի նախահայր է, 2010-ից Էստոնիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է և գլխավոր դիրիժորը, իսկ 2017-ին արժանացել է «Պատվավոր գեղարվեստական ղեկավար» կոչմանը։ Մաեստրո Յարվին ղեկավարել է Էստոնիայի ազգային օպերան, Գոթենբուրգի սիմֆոնիկ նվագախումբը, Թագավորական շոտլանդական ազգային նվագախումբը, Դեթրոյթի սիմֆոնիկ նվագախումբը, Նյու Ջերսիի սիմֆոնիկը, Ռոմանական Շվեցարիայի նվագախումբը այլ հեղինակավոր նվագախմբերի շարքում: Նեեմի Յարվին թողարկել է դասական երաժշտության համաշխարհային գանձարանը համալրած 600 ձայնագրություն:

 Դարի ականավոր դիրիժորներից մեկի` Նեեմե Յարվիիի հետ հանդիպումը Հայաստանում սպասված է եղել տասնամյակներ:

 Համերգի մենակատարը տաղանդավոր էստոնացի դաշնակահար Միհկել Պոլլն է: Արվեստի դոկտորի կոչում ունեցող երաժիշտը ելույթներ է ունեցել հայտնի նվագախմբերի և դիրիժորների հետ: Նա նաև հանդես է եկել մենահամերգներով` ամենահեղինակավոր համերգասրահներում: Ստացել է մի շարք միջազգային երաժշտական մրցույթների առաջին մրցանակները` Իտալիայում, Էստոնիայում և Իսպանիայում:

 Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի իրադարձային այցը Հայաստան և համերգը նվիրվում է Էստոնիայի և Հայաստանի Հանրապետությունների 100-ամյա հոբելյանին: