Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի արդյունքները իշխանությունը գնահատում է «բացառիկ արդյունավետ»: Հիմնական փաստարկն այն է, որ ռուսական կողմի հետ կնքված համաձայնագրով հաջողվել է նվազեցնել ներկրվող ռուսական գազի սակագինը` այն սահմանելով 189 դոլար` 1000 խմ-ի դիմաց:
Այս տարվա կեսին ՀՀ կառավարությունը հաստատեց, որ ռուսական կողմը Հայաստանի սահմանին գազի գինը դարձնում է 270 դոլար, որի 30 տոկոսը պետք է սուբսիդավորեր գործադիրը: Այսինքն` վերջնական սպառողին գազը պետք է հասներ այն նույն գնով, ինչը ներկայումս ամրագրվել է Ռուսաստանի հետ ստորագրված համաձայնագրում: Դրան զուգահեռ, սակայն, մեկ այլ համաձայնագրով կառավարությունը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը հանձնեց «Հայռուսգազարդ» ընկերությունում ունեցած իր 20 տոկոս բաժնեմասը: Դա թույլ է տալիս ենթադրելու, որ ռուսական կողմի հետ գազի գնի հարցում հնարավոր է եղել գալ վերջնական համաձայնության հենց բաժնետոմսերի վերաբերյալ կայացած գործարքի արդյունքում կամ պատճառով: Որքանո՞վ են այս գործարքները ռացիոնալ և համարժեք, իհարկե, քննարկման առարկա է: Սակայն ներկա պահին խնդիրը բոլորովին այլ է:
Այդ գործարքների մասին Հաաստանի լայն հասարակայնությունը տեղեկացավ միայն Պուտինի այցի օրը, այն էլ` ոչ թե իր կառավարությունից, այլ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերից, ով այդ մասին կցկտուր հայտարարեց Հրազդանի ՊՇԵԿ-ի 5-րդ էներգաբլոկը շահագործման հանձնելու արարողության ժամանակ, այսինքն` միայն այն ժամանակ, երբ գործարքը փաստացի կայացել էր, ստացել փաստաթղթային ձևակերպում և մնացել էր ընդամենը դրանց ստորագրման պաշտոնական արարողությունը, որը տեղի ունեցավ նույն օրը երեկոյան Երևանում:
Ըստ էության` Հայաստանի իշխանությունը ոչ թե հերթական անակնկալը մատուցեց հասարակությանը, այլ վերջինս կանգնեցրեց կատարված փաստի առաջ: Սակայն անգամ դրանից հետո որևէ մակարդակով այդպես էլ չբացատրվեց, թե հատկապես ինչի՞ դիմաց է կառավարությունը «Գազպրոմ»-ին հանձնում «Հայռուսգազարդ»-ի իր վերջին` 20 տոկոս բաժնեմասը: Ոչ պաշտոնական մակարդակով ընդամենը տեղեկացվեց, որ բաժնեմասը հանձնելու միջոցով կառավարությունը փակել է մինչ այդ սպառած գազից կուտակված` 155 մլն դոլարի պարտքը: Սակայն` ե՞րբ, ի՞նչ ժամանակահատվածում ու ինչպե՞ս է կուտակվել այդ պարտքը, այդպես էլ մնաց անհայտ ոչ միայն հասարակության, այլև քաղաքական շրջանակների և իշխանության միջին ու ներքին օղակների համար: Պարզ է, իհարկե, որ այդ պարտքը կուտակվել է 2011 թվականից: Իրականում ռուսական կողմը Հայաստան մատակարարվող գազը թանկացրել էր ոչ թե 2013թ. մայիսին, երբ «Հայռուսգազարդը» սակագների վերանայման պահանջով մտավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, այլ 2011-ին, ինչը հստակ երևում էր Մաքսային ծառայության` այդ ժամանակահատվածի կտրվածքով ներկայացվող հաշվետվություններում, բայց որը, սակայն, համառորեն չէր ուզում հաստատել կառավարությունը: Այսինքն` այդ ամբողջ ընթացքում, երբ Հայաստանում տեղի էին ունենում համապետական ու համայնքային ընտրություններ, իշխանությունը թանկ գնով ձեռք բերած գազը ազգաբնակչությանը շարունակում էր վաճառել նույն գնով` խուսափելու համար սակագինը վերանայելու արդյունքում հնարավոր սոցիալական ու քաղաքական ցնցումներից և, որպես դրանց հնարավոր հետևանք, իշխանության վերարտադրության օպերացիան վտանգի ենթարկելուց: Ըստ ամենայնի` այդ պարտքի մի մասն էլ կուտակվել է արդեն 2013-ին` պաշտոնապես գազի թանկացումից հետո և, ըստ երևույթին, այն 30 տոկոսի հաշվին, որը կառավարությունը պետք է սուբսիդավորեր` սպառողների համար գազի թանկացման հետևանքները մեղմելու նպատակով:
Խնդիրը բոլորվին էլ այն չէ` ճի՞շտ է արել կառավարությունը` պարտքի դիմաց ռուսական կողմին հանձնելով բաժնեմասերը, որոնք, միևնույն է, որևէ կերպ չէին կարող ազդել «Հայռուսգազարդ»-ի կառավարման, որոշումների ընդունման վրա, թե՞ ոչ: Գուցե ստեղծված իրավիճակում իսկապե՞ս ամենաօպտիմալ տարբերակը հենց դա էր: Սա բանավեճի առարկա է: Սակայն անքննելի է երկու իրողություն: Առաջին` այս գործարքով Հայաստանի հարկատուները, քաղաքացիները վճարել են գործող իշխանության վերընտրության համար: Հնարավոր չէ ասել` եթե գազի թանկացման փաստը 2011-12թթ. գաղտնի չպահվեր, և պարտք չգոյացնելու նկատառումով սակագինը պաշտոնապես բարձրացվեր իրական թանկացման պահին, արդյո՞ք կայացած խորհրդարանական, նախագահական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կարձանագրվեին այն արդյունքները, որոնք արձանագրվել են: Երկրորդ` գազի և «Հայռուսգազարդ»-ի հետ կապված երկու գործարքներն էր հերթական անգամ կատարվել են հասարակության թիկունքում: Վերջինս անմիջականորեն, կենսականորեն իրեն ուղղակիորեն վերաբերող խնդրի և դրա լուծման մասին տեղեկանում է արդեն կայացած փաստի պայմաններում: Փաստորեն, գաղտնի գործարքների պրակտիկան, որի հիմքերը դրվեցին 2009թ.` հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված «գիշերային դիվանագիտության» վարման ժամանակ, դառնում է այս կառավարության ոչ միայն ձեռագիրը այլև հիմնական բնութագրիչը:
Արդեն իսկ պարզ է, որ 5 տարի հետո նույն ուղտը կրկին չոքելու է կառավարության դռանը, և այն հայտնվելու է գազի սակագնի վերանայման ռուսական պահանջի առջև: Ի՞նչ է անելու այն ժամանակ, պետական սեփականության հերթական օբյե՞կտն է միանգամից կամ աստիճանաբար տրվելու ռուսական կողմին: Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա, զուտ տեսականորեն, չի կարելի բացառել, որ վաղը հասարակությունը կարող է կանգնել փաստի առաջ, երբ որևէ երկրի առջև կուտակված պարտքի մարման համար իր թիկունքում զոհասեղանին դրվի ոչ թե որևէ գույք, այլ, օրինակ, աշխարհագրական տարածքի որևէ մաս, և այդ մասին հասարակությունը տեղեկանա միայն հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ: Սա, իհարկե, անհավանական տարբերակ է: Սակայն հենց խնդրի ծայրահեղացման միջոցով է պարզ դառնում այն բոլոր հետևանքների ողբերգականությունը, որոնց կարող է հանգեցնել վարվող նմանատիպ քաղաքականությունը:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ