Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր Հայաստանի կողմից ստորագրված` ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց կառավարությունը ներկայացնող և ԵՏՄ անդամակցության բանակցությունները վարող` ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանից` արդյո՞ք Հայաստանը չի կորցնում իր ինքնիշխանության որոշակի մասը` անդամակցելով ԵՏՄ-ին:
Նաև հարցրեց, թե ԵՏՄ «կաթսայում» ինչպե՞ս է որոշվել Հայաստանի մասնաբաժինը` 1,13 տոկոսը, ի՞նչ պահանջներ է ներկայացնելու ԵՏՄ-ն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, որի անդամ է Հայաստանը:
Սուրեն Կարայանը պատասխանեց, որ Հայաստանի համար ինքնիշխանության հարց կառաջանա այնքանով, որքանով որ ԵՏՄ կայացրած որոշումները պարտադիր են լինելու Հայաստանի համար:
«Մեր մասնաբաժինը ԵՏՄ «կաթսայում» լինելու է 1,13 տոկոս, դա որոշվել է պարզ հաշվարկների ու բանաձևերի միջոցով, այսինքն` այս մասնաբաժինը որոշելիս որևէ ուրիշ հանգամանք դեր չի խաղացել: Դա կազմում է մոտ 250-270 միլիոն դոլարին համարժեք դրամ»,- ասաց Սուրեն Կարայանը` հավելելով, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո նախատեսվում է համախառն ներքին արդյունքի 1,2 տոկոս աճ:
Ինչ վերաբերում է Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ Հայաստանի հարաբերություններին, որովհետև մաքսատուրքերի դրույքաչափերի մասով Հայաստանն ուներ պարտավորություններ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, և ԵՏՄ-ին անդամակցելով` խախտվելու էին այդ պարտավորությունները, ֆինանսների փոխնախարարն ասաց, որ ԵՏՄ-ն նախատեսել է այդ իրավակարգավորումները: