Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ բախտներս բերում է այնքան, որ Հայաստանի Հանրապետությունում էլիտար հարսանիք չի լինում, ուրեմն ՀՀԿ գործադիր մարմնի նիստ լինում է, և այնտեղ կուսակցական խիստ սահմանափակ շրջանակներում քննարկվում են երկրի ու ժողովրդի համար կարևոր ու կենսական հարցեր, ընդունվում են որոշումներ, որոնք նաև շրջադարձային են լինում:
Մի քիչ վարանում ենք պնդել, որ երեկվա ՀՀԿ գործադիրի նիստը նույնպես եղել է պատմական, բայց որ ՀՀԿ խոսնակը (սոխակի գործառույթներով) նիստից հետո մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել, անժխտելի փաստ է: Պարոն Շարմազանովը, մասնավորապես անդրադառնալով ՌԴ նախագահ Վ. Պուտինի` Հայաստան կատարելիք այցին, լրագրողներին հայտարարել է, որ ոչ մեկի համար, իբր, գաղտնիք չէ, որ ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևի և ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի վերջին հանդիպումից և համաձայնագիր կնքելուց հետո ռուսական զորքը պետք է պաշտպանի Հայաստանի ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին սահմանները: Նախ՝ կկամենայինք իմանալ՝ ի՞նչ են նշանակում «ներքին սահման», «արտաքին սահման» սահմանումները՝ ըստ Շարմազանովի: Այդ ի՛նչ հիմունքով է ՀՀԿ-ականի տրամաբանությունը Թուրքիայի հետ սահմանը դիտարկում «արտաքին», իսկ Ադրբեջանի հետ սահմանը՝ «ներքին»: Ինչո՞ւ «ներքին», պարո'ն Շարմազանով: Չե՞ք զգում՝ դեռ որքան է սովետական Ձեր մտածողությունը, որ Ադրբեջանին առ այսօր «արտաքին» չեք էլ ընկալում:
Սակայն Շարմազանովի հայտարարության մեջ ամենաուշագրավն այն է, որ, ըստ խոսնակի, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազան պաշտպանելու է նաև Ադրբեջանի հետ մեր սահմանների անձեռնմխելիությունը: Սա իսկապես ուշագրավ հայտարարություն է, որովհետև միայն դրա հնչելուց հետո է, որ հանրությունը պաշտոնապես տեղեկանում է նոյեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում երկու երկրների վարչապետների հանդիպման ժամանակ ստորագրված ինչ-որ համաձայնագրի արդյունքում ձեռք բերված նոր պայմանավորվածության մասին: Պայմանավորվածություն, որի նշանակությունը և որի հանդեպ հասարակական հսկայական հետաքրքրությունը դժվար է գերագնահատել: Մինչդեռ Սանկտ Պետերբուգում վարչապետների հանդիպումների արդյունքների մասին իրազեկող կառավարական աղբյուրներից ոչ մեկն առ երեկ՝ մինչ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտը, չի ասել ՀՀ նաև «ներքին» սահմանները պաշտպանելու` ռուսական կողմի պատրաստակամության մասին: Հանրությունն ընդամենը տեղյակ է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու մի հայտարարությանը, որը, սակայն, պաշտոնապես չի հաստատվել: Հետևաբար, պարո'ն Շարմազանով, Ձեր ասած «ոչ մեկի համար գաղտնիք չէ»-ն հանրության համար խոր գաղտնիք է եղել մինչև այն պահը, երբ Դուք բարեհաճեցիք դրա մասին խոսել: Ինչ լավ է, այնուամենայնիվ, որ ՀՀ-ում էլիտար հարսանիք չի լինում, ու ՀՀԿ-ն ժամանակին նիստ է անում:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ