Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
Այսօր ԱԺ նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը ներկայացրեց գազամատակարարման ոլորտում ուսումնասիրությունների նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Նա նախ նշեց, որ գազամատակարարման ոլորտի խնդիրներն առավել արդիական դարձան գազային պայմանագրերի ստորագրումից հետո, երբ բնակչության շրջանում բազում հարցեր առաջացան, նաև բացատրեց, թե ինչու նախկինում քաղաքական մեծամասնության կողմից մերժվեց ընդդիմության առաջարկությունը՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով:
«Մենք մերժեցինք ոչ թե նրա համար, որ այդ հարցերը արդիական չեն, որովհետև խնդիրն իսկապես վերաբերում էր կարևոր հարցերի, որոնց պատասխանները պետք է տրվեին: Պարզապես գաղտնիք չէ, որ այդ հարցերը ունեին նաև քաղաքական ենթատեքստ, ահա` ինչու անհրաժեշտ էր հավասարակշռություն, որ իսկապես քննարկեինք խնդիրը, ոչ թե քաղաքական ենթատեքստով հարցերը բարձրացվեին»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ քաղաքական մեծամասնությունն առաջարկում է բարձրացնել սպառողների շահերի պաշտպանության ներկայիս վիճակը, որը ենթադրում է ուսումնասիրել բնական գազի ջերմատվության, հաշվիչների ստուգաչափման գործընթացը և այլն:
Երկրորդ կարևոր հարցը գազի պարտքն է, և Դավիթ Հարությունյանի խոսքով՝ նպատակը ոչ թե զուտ պարտքի հիմնավորումը ստուգելն է, այլ պարտքի ձևավորման օրինականության հարցը ուսումնասիրելը:
Հաջորդ կարևոր հարցը «Հայռուսգազարդ»-ի օտարված բաժնեմասի ուսումնասիրման խնդիրն է, բնական գազի այլընտրանքային ներկրման հարցը, ինչ գործոնների ազդեցությամբ է ձևավորվում գազի գինը և այլն:
Դավիթ Հարությունյանը փորձեց հիմնավորել, թե ինչու են նախատեսում հանձնաժողովի նիստերը դռնփակ ձևաչափով գումարել: Ըստ պատգամավորի` հարցը, քաղաքական առումով, զգայուն է, և եթե հանձնաժողովի նպատակը զուտ քաղաքական դեբատները չեն, այլ յուրաքանչյուր սպառողի շահերի լավագույն պաշտպանությունը, ուրեմն պետք է նիստերը դռնփակ անցկացնել: «Եթե լայն լսարան է լինում, ապա պատգամավորները կներկայացնեն միմյանց քաղաքական դիրքորոշումները: Բայց դրանք չեն օգնի գործին, ահա` ինչու առաջարկվում է դռնփակ նիստեր անցկացնել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հանձնաժողովի կազմին, նա նշեց, որ կարևոր է հանձնաժողովի կազմի հավասարակշռության հարցը: