Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աջափնյակ վարչական շրջանում երեկ կրակոցների հետևանքով սպանված քրեական հեղինակությունը «Ֆազը»՝ Սերգեյ Գրիգորյանը, շուրջ երկու տարի առաջ էր կալանավորվել, ապա՝ ազատ արձակվել։
Նշենք, որ երեկ՝ հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան Աջափնյակ վարչական շրջանում մարտական ֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով՝ սպանվել է նաև քրեական հեղինակությունը։
ՀՀ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատել էին միջադեպը՝ նշելով, որ հունիսի 11-ին ժամը 23.17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էստոնական փողոցում զենքով կրակում են, ապա՝ ժամը 23.53-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ «պարանոցի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են ընդուվել 1988թ.ծնված և «գլխի մարմնի տարբեր հատվածների հրազենային վնասվածք» ախտորոշմամբ 1980թ.ծնված երկու տղամարդ։
«Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 23.13-ին Շինարարների 25 շենքի դիմացի հատվածում անհայտ անձը հրազենից կրակել է հիվանդանոց տեղափոխված տղամարդկանց ուղղությամբ, որտեղ 1980թ.ծնված Սերգեյ Գ-ն գիտակցության չգալով մահացել է: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,- նշել են ՆԳՆ-ից։
Այլ մանրամասներ պաշտոնապես իրավապահները դեռևս չեն հայտնում։ ՔԿ-ից հայտնեցին, որ քիչ անց հաղորդագրությամբ հանդես կգան։
Ի դեպ, ինչպես արդեն արձանագրվեց՝ Սերգեյ Գրիգորյանը շուրջ երկու տարի առաջ կրկին հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես, 2022թ․օգոստոսի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրի բակում վիճաբանություն-ծեծկռտուք էր եղել երկու քրեական հեղինակությունների՝ «Չաղ Ռուստամ» մականունով հայտնի Ռուստամ Ստեփանյանի և «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի, ինչպես նաև՝ նրանց կողմնակիցների միջև։ Ծեծկռտուքից հետո Ռուստամ Ստեփանյանը դեպքի վայրից հեռացել է և տևական ժամանակ գտնվել հետախուզման մեջ, իսկ Սերգեյ Գրիգորյանը կալանավորվել, ապա՝ գրավով ազատ էր արձակվել։ Հենց այս դատական ակտն էլ ճակատագրական և քրեական հետապնդման առիթ էր դարձել դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և Սերգեյ Գրիգորյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի համար։