Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած` «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարի` ՊՆ-ոստիկանություն եզրափակիչ հանդիպումն այնքան էլ դիտարժան չստացվեց, փոխարենը խաղը հետաքրքիր դարձրեցին զավեշտալի միջադեպերը:
Մարզադաշտի մուտքից դեպի աջ «հանգրվանել» էին ոստիկանական, իսկ ձախ կողմում` ՊՆ մեքենաները: Նույն տարանջատումը նաև մարզադաշտի տրիբունաներում էր, սակայն ՊՆ-ի երկրպագուներն ավելի շատ էին, քան ոստիկանությանը, ավելին` առաջինների կազմում կար 3 նվագախումբ, որոնց տարաբնույթ երաժշտությունները պարզապես «խլացնում էին» ոստիկանության նվագախմբի ռիթմիկ կատարումները: ՊՆ-ն էլ առիթից ոգևորված նվագում էր` է'լ յարխուշտա, է'լ հարսի պար, է'լ «քայլով մա’րշ»…
Խաղի մեկնարկից առաջ, հաղորդավարը, թվելով ներկա բարձրաստիճան պաշտոնյաների անունները, մոռացավ հիշատակել տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի անունը, սակայն բացթողումն անմիջապես նկատեց սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյանը եւ կարգադրեց լրացուցիչ շեշտել նրա անունը: Բայց, կարծես, նախարարը նեղացավ «լրացուցիչ» լինելու հանգամանքից և խաղավարտից անմիջապես հետո հեռացավ մարզադաշտից` առանց սպասելու ամենակարևոր արարողությանը` «Վարչապետի գավաթի» հանձնմանը:
Խաղի առաջին րոպեներին որևէ «արտառոց դեպք» չգրանցվեց, մինչ այն պահը, երբ...
Խաղի 17-րդ րոպեին քիչ էր մնում խաղադաշտ մտներ ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, սակայն մրցավարը կանխեց` հորդորելով նրան խոտածածկից փոքր-ինչ հեռու կանգնած լուսանկարել: Ինչպես ասում են` դեպքերը չեն ուշանում, քանի որ Շամշյանը չի սիրում սպասել. էլ վնասվածքներ, էլ փոփոխություններ, էլ բախումներ… Ինչեր ասես, որ չպատահեցին ֆոտոլրագրողի հայտնվելուն պես:
Պաշտպանության նախարարի հրամանով… Է~, թարս ասացի, «սեփական դիմումի համաձայն»` խաղը ՊՆ թիմից լքեց Արթուր Գաբրիելյանը, որին փոխարինեց Կարեն Բալյանը, ով, սակայն, երկար չմնաց խաղադաշտում` նրան էլ փոխարինեց Արսեն Ադիբեկյանը:
Ոստիկանության թիմում էլ «պաշտոնանկություններ» եղան: Խաղի 32-րդ րոպեին դեղին քարտ ստանալուց հետո «ստռախովկի համար» փոխարինվեց Արթուր Ավանեսյանը:
Խաղի 28-րդ րոպեին վնասվածք ստացավ ՊՆ-ի ֆուտբոլիստներից մեկը: Ինչպես Շամշյանի լուսաբանած շատ դեպքերում է լինում, շտապօգնության բժիշկներն «էշի ականջում քնած էին», փոխարենը «դեպքի վայրից» քիչ հեռու կազմ ու պատրաստ սպասում էինչգիտեմ` որ վաշտի փրկարարները: Տեսնես` հրշեջ-փրկարարների մեքենան ինչո՞ւ էին բերել մարզադաշտ. լավ, հիշեցի` ոստիկանապետը խոստացել էր, որ պայքարը թեժ է լինելու:
Սա դեռ առաջին խաղակեսի մասին էր, բա որ իմանաք երկրորդն ինչ հետաքրքիր անցավ… Մոռացա պատմել ընդմիջման մասին: Է’լ պեմզաբլոկ, է’լ տապոռ, է’լ նապաստակ ու հավ փռված էր մարզադաշտում: Երեք լայնաթիկունք երիտասարդներ ցուցադրեցին, թե ինչպես կարելի է կես րոպեում սատկեցնել կենդանիներին, դա հանգեցրեց նրան, որ, ի վերջո, մարզադաշտում արյուն թափվեց` հավի, նապաստակի ու ձկան արյուն: Հիմա կասեք` էս լրագրողն ինչ ա՞ խոսում, ֆուտբոլային խաղի ժամանակ ի՞նչ հավ, ի՞նչ արյուն, բայց դե` մեր տեսախցիկն ամեն բան ֆիքսել է: Կատարվածի մասին զեկուցեցինք տարածքում իր ծառայությունն իրականացնող` Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Նա ասաց, որ փաստի առթիվ քրեական գործ չի կարող հարուցվել` հանցակազմի բացակայության պատճառով: Իսկ ավելի լուրջ` կենդանիների թափված արյունն ընդամենը ՊՆ-ի հատուկ ջոկատայինների ցուցադրած հնարքների արդյունքն էր. նրանց հանձնարարված էր 15 րոպե «զբաղեցնել» հանդիսատեսին:
Ընթերցողին չհոգնեցնելու համար մի դրվագ էլ պատմեմ երկրորդ խաղակեսից: Ուրեմն` էս ոստիկանության թիմի պահեստայիններից 20 համարի մարզահագուստով մի տաքարյուն երիտասարդ, տեսնելով, թե ինչպես է գնդակի հարված ստանում իր թիմակիցը, ներխուժեց խաղադաշտ ` ՊՆ-ի ֆուտբոլիստի «հարցերը լուծելու»: Բարեբախտաբար, մրցավարները և թիմերի մարզիչներն անմիջապես մեկնեցին «դեպքի վայր» և կանխեցին «վթարը»: Ու~ֆ, էլի Շամշյանի մտքերն եմ ցիտում… Ինչևէ, խաղն ավարտվեց ՊՆ-ի հաղթանակով, իսկ օթյակում նստած Վովան` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դեռ ժպտում ու ժպտում էր:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Երկար-բարակ կարդալու փոխարեն դիտեք yerkir.am-ի տեսանյութը: