Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆեյսբուքյան օգտատեր Զաքար Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «2018թ.-ի Երևանի ավագանու ընտրություններից առաջ, ՀՅԴ թեկնածուների ցանկը գլխավորող Միքայել Մանուկյանի անունը արատավորելու կանխամտածված փորձ կատարող 1-ին.am (երևի առաջինն է՝ սուտը տարածելու մեջ) կայքը շարունակում է իր ստորությունները։ Երեկ, երբ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից այդ ապատեղեկատվական կայքի համապատասխան կեղծանյութի կապակցությամբ տրվեց հիմնավոր հերքում, դրանից հետո այս նույն տխրահռչակ կայքը գրեց հերթական սուտն ու նորից փորձում է ապակողմնորոշել հանրությանը, սկսած այդ նյութի վերնագրից ու նկարից։ Գրողը հանդես է գալիս «Սարգիս Արծրունի» կեղծանունով։ Վստահ եմ, որ այդ անվան տակ հենց խմբագիրն՝ տխրահռչակ Արման Բաբաջանյանն է հանդես գալիս։
Չեմ խորանում այդ հերթական ստոր նյութի ամեն մի անհեթեթության մեջ։ Միայն մի դրվագ կփորձեմ հիշեցնել հանրությանն ու այդ օրերի լրագրողական աշխարհի ներկայացուցիչներին։
Երբ Համբարձում Գալստյանի սպանության կասկածանքով հեռուստատեսությամբ ցուցադրվեց Միքայել Մանուկյանի ավտոռոբոտը, հետո՝ լուսանկարը, նա տանը լինելով ու հանկարծակի գալով այդ ստից՝ անմիջապես զանգում է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական Կոմիտեի (ԳՄ-ն այն ժամանակ այդպես էր կոչվում) անդամ Վահան Հովհաննիսյանին։ Երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը Միքայել Մանուկյանին ասում է, որ հանկարծ տնից դուրս չգա ու շտապ զանգելով մի շարք լրատվամիջոցների՝ լրագրողների ու նկարահանողների խմբով գնում է Միքայել Մանուկյանի տուն։ Հասկանալի էր, որ Համբարձում Գալստյանի սպանության կեղծ մեղադրանքը կապելով Միքայել Մանուկյանի հետ՝ օրվա իշխանություն հանդիսացող ՀՀՇ-ն մի կրակոցով երկու նապաստակ էր ուզում սպանել։
1-ին. Մեղադրանքը կապել իր կողմից ատելի ՀՅԴ-ի հետ, որին այդ օրերին տեսնում էր իր միակ մրցակից՝ 1995թ-ի ԱԺ ընտրություններից առաջ և ցանկանում էր ներհայաստանյան քաղաքական դաշտում չեզոքացնել (օրեր անց՝ վերջը կեղծ մեղադրանքով ՀՅԴ-ի գործունեությունն ապօրինաբար կասեցվեց)։
2-րդ. Ծածկել ու փակել հենց իրենց կողմից սպանված Համբարձում Գալստյանի գործը։ Համբարձում Գալստյանը շատ բան գիտեր «Ղարաբաղ» կոմիտեի որոշ անդամների մասին, որոնք այդ օրերի իշխանության վերնախավն էին ...
Հիշում եմ, որ մինչև իր սպանությունը՝ Համբարձում Գալստյանն իր հուշերն էր սկսել հրապարակել «Գարուն» ամսագրում։ Կարծեմ, նախքան սպանությունը՝ հասցրեց 4 համարում գրել, որը կարդալով՝ լայն պատկերացնում էիր սկսում կազմել շատերի անցած ուղու մասին։ Հատկապես սովետական բանտում նստած օրերի մասին ...
Լավ, վերադառնանք Միքայել Մանուկյանին ու Վահան Հովհաննիսյանին։ Հասկանալով, որ օրվա ՀՀՇ-ական իշխանություններն ուզում էին, որ Միքայել Մանուկյանը փախուստի փորձ աներ, ու իշխանությանը ծառայող իրավապահ մարմիններն այդ փորձի ժամանակ նրան սպանեին՝ ասելով, որ իբրև դիմադրելու փորձի ժամանակ է սպանվել, դրանով համ մեղադրանքը կմնար ՀՅԴ-ի վրա, համ էլ՝ կկոծկեին Համբարձում Գալստյանի սպանության գործը, պահի լրջությունը հասկանալով՝ Վահան Հովհաննիսյանը Միքայել Մանուկյանին առաջարկում է ինքնակամ հանձնվել հետախուզում հայտարարած ԱԱԾ-ին։ Ու լրագրողների ուղեկցությամբ, Միքայել Մանուկյանը ինքնակամ ներկայանում է Նալբանդյան փողոցի վրա գտնվող ԱԱԾ-ի շենք։ Հիշում եմ, որ 40-50 րոպե դուռը չէին բացում ԱԱԾ-ում։ Չէ ո՞ր իրենց գծագրած սցենարի մեջ չէր մտել Միքայել Մանուկյանի ինքնակամ հանձնվելը ու չգիտեին ինչպես վարվել։ Բացեք այդ օրերի մամուլի արխիվները ու կտեսնեք ասածիս հավաստիությունը։ Անգամ լուսանկարներ կային այդ մասին։ Ավարտելով այս փոքրիկ հուշագրումը, ասեմ, որ ապացույցներ չլինելու պատճառով, գրեթե մեկ տարի անց, Միքայել Մանուկյանն ազատ արձակվեց։ ՀՅԴ-ն արդեն արգելափակված էր ու եթե անգամ կես տոկոս փաստ ունենային՝ հաստատ պատրվակ կունենային այդպես էլ կալանավորած պահեին ու դատեին։
Սա գրեցի մի պատճառով. հույս ունեմ, որ Հայաստանում դեռ բոլորը չեն կորցրել հիշողությունը ու կգտնվեն այդ օրերի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնք այս թեմայի մասին կասեն ճշմարտությունը։
Հ.Գ. 1-ին.am-ն էլ երևի առաջին է կոչվում՝ կեղծ ու ապակողմնորոշիչ նյութեր տարածելու գործում»։