կարևոր
280 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-18 18:47
Քաղաքական

«Հայկական ժամանակը»-ը նախօրեին կանխորոշեց դատարանի որոշումը, հաջորդ օրը դատավորը կատարեց․ անլրջություն է․ Վարդևանյան

Երեկ ՀԷՑ–ի լիցենզիան ակնհայտ ապօրինի կերպով դադարեցվեց, ՀԾԿՀ համապատասխան որոշման մեջ ասվում է, որ երեք ամիս ժամանակ կա, որ սեփականատիրոջ հետ բանակցեն, գնալու են «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում բանակցե՞ն։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Սամվել Կարապետյանի պատպան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու որոշմանը։

«Սա նման է որոշակի իմաստով ահաբեկչական գործողության։ Ահաբեկիչներն են ի վերջո պատանդ պահում մարդու։ Սա ի՞նչ վարքագիծ է։ Այստեղ իրավական պրոցես չկա, մենք ամեն անգամ, պարզապես ելնելով նրանից, որ սա ի վերջո դատարան է կոչվում, այստեղ կա դատարանի շենք, բայց այստեղ բովանդակությունը արդարադատության կանխորոշվում է «Հայկական ժամանակ» թերթի նյութով։

Ի դեպ ես հաջորդ նիստից առաջ երևի թե խնդրելու եմ որ գործընկերները կապ հաստատեն, փորձեն հասկանալ՝ ինչ հրապարակում է լինելու, մենք էլ ըստ դրա մեր գործողությունները որոշենք։ Ի դեպ նույն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը չկար, արդեն իսկ իշխանական լրատվամիջոցները ասում էին, որ զրկելու են լիցենզիայից։

Եթե ձեզ հետաքրքիր է հիմքը, հիմք գոյություն չունի, Միակ ձևակերպումը, որ օգտագործվեց դատարանի կողմից, այն էր, որ քանի որ իրավիճակը իրավական առումով խրթին է դատարանի համար, դրա համար ինքը թող երկու ամիսը տա։ Վճռաբեկ և վերաքննիչ դատարանների իրար փաստացի հակասող որոշումներ կան։

Սա իրավական ահաբեկչություն է, որովհետև մի կողմից ասում են՝ գնացեք բանակցեք սեփականատիրոջ հետ, մյուս կողմից ասում են՝ սեփականատերը պետք է իրենից ոչինչ չենթադրող մեղադրանքով գտնվի կալանքի տակ»,–ասաց նա։

Վարդևանյանը հայտարարեց, որ այսօրվա որոշումը իրավական ծաղր է՝ վիրավորական աստիճանի. «Մարդը եկել էր Հայաստանի Հանրապետություն հունիսին, իր հոր քառասունքին մասնակցելու համար։ Երբ անձը հարազատ է կորցրել, առաջիկա նոր տարին իր մեջ խորհուրդ է պարունակում, այդ թվում գերեզմաններ գնալու, և նշված հանգամանքը դատական նիստի ընթացքում ներկայացվում է, քննիչը պնդում է միջնորդությունը, որ մինչև հունվարի 18-ը Սամվել Կարապետյանը լինի անազատության մեջ, և դատավոր Սարգիս Դադոյանը նշվածը հաստատում է, ես դրանից հետո բան չեմ ուզում խոսել»,– հայտարարեց պաշտպանը։

Ավելին՝ տեսանյությում: